Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահանումն ո՞ւմ է ձեռնտու, արտահանողի՞ն, թե այդպիսի իրավունք նրան վերապահողին» (Տեսանյութ)

Օգոստոս 20,2014 17:27

Այսօր ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը անդրադառնալով հայկական ձկնամթերքների արտահանման ծավալների ավելացմանը, կարծիք էր  հայտնել, որ այդ արտահանման գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում արգելվել է ամերիկյան, եվրոպական, կանադական եւ ավստրալիական մի խումբ ապրանքատեսակների ներմուծումը, այդ թվում նաեւ ձկնամթերքների: Սա տեղական արտադրողներին եւ կառավարությանը ուրախացրել է եւ ներկայումս ռուսական շուկան հայկական ապրանքներով գրավելու ուղիներ են փնտրում:
Պարոն Աթոյանն այսօր հորդորեց` «Անհրաժեշտ է պարզել, թե արտահանումն ո՞ւմ է ձեռնտու, արտահանողի՞ն, թե այդպիսի իրավունք նրան վերապահողին»:

Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մի շարք գործարարներ հանդիպել են եւ քննարկել թե ինչպես կարելի է օգտվել ռուսական էմբարգոյից եւ տեղական արտադրության եւ արտահանման ծավալներն ավելացնել: Հովիկ Աբրահամյանի հրահանգով կառավարությունը պետք է միջոցներ տրամադրի եւ ամեն կերպ աջակցի տեղական արտադրողներին ռուսական շուկայում ընդլայնվելու համար: Ձկնարտադրողներից այս քննարկմանը մասնակցել են «Մխչյան ֆիշ», «Կոնստանտին եւ քույրեր», «Յունիֆիշ», «Էկո ֆիշ թրեյդ», «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերությունները:

Aravot.am-ը պարոն Աթոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի թափանցիկ արտահանում ասելով, արդյոք մտավախություն կա, որ կառավարության աջակցությունից կօգտվեն միայն վերը նշված ընկերությունները, որոնք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հովանավորությամբ են գործում:

Պարոն Աթոյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին, ասելով` «Թույլ տվեք չանդրադառնամ հանգամանքներին»:

Մեր մյուս հարցին, թե հայ արտադրողները կկարողանա՞ն ռուսական շուկայի պահանջարկը բավարարել թե որակի եւ թե քանակի առումով, պարոն Աթոյանն ասաց, որ հայկական արտադրության ձկնամթերքի որակը դեռ մի բան էլ գերազանցում է ռուսական եւ եվրոպական պահանջները, ինչ վերաբերում է քանակին, ապա Աթոյանն ասաց. «Մենք ռուսական շուկայի պահանջարկը չենք կարող բավարարել, որովհետեւ երբ բնապահպանական միջոցառումներ են կիրառվում, օգտագործվող ջրային պաշարները կրճատում են, առանց որեւէ փոխհատուցման, ու տնտեսական ճնշումների են ենթարկում, արտադրության ծավալները չեն ավելանա: Ովքեր կրճատում են ձկնաբուծարանների ջրային ռեսուրսները, ձեռնահասության խնդիր ունեն»:

Մեր այն հարցին էլ` գուցե կառավարությանն անհրաժեշտ չէ, որ բոլոր ընկերություններն օգտվեն կառավարության աջակցությունից, այլ ընդամենը նրանք, որոնք վարչապետի հետ հանդիպման են մասնակցել, պարոն Աթոյանը չպատասխանեց հարցին:
Արդյոք խանդավառված չէ Աթոյանը վարչապետի առաջարկով, հարցին էլ, միության նախագահն ասաց. «Բոլորովին, ուրախ եմ, որ առաջարկ եղել է, բայց տխուր եմ, որ չենք կարող իրագործել: Որքան էլ ասենք`լավ է, մենք գործնականում այդ ձեռքբերումները չենք ունենա»:

Պարոն Աթոյանը մի զավեշտալի միտք էլ արտահայտեց, որը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Մենք ուզում ենք խնդիրը լուծել, այն շրջանցելու միջոցով: Վարդը որ պոչից ես պոկում, ծակում է չէ՞, բայց որ գլխից ես պոկում, համ վարդն ես ունենում, համ չի ծակում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031