Թուրքիայի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է: Երեկ երեկոյան Անկարայում` նախագահական Չանքայա պալատում կազմակերպված հրաժեշտի ընդունելության ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլա Գյուլը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարման շրջանում, որը համընկավ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման գործընթացի հետ, Ահմեդ Դավութօղլուն հասցրեց աչքի ընկնել իր սկանդալային եւ հայատյաց հայտարարություններով: Իր հայատյացությամբ նրան չի զիջել նաեւ Թուրքիայի նորընտիր նախագահ, նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս երկու գործիչների՝ մեր հարեւան երկրում գլխավոր պաշտոններում պաշտոնավարումն ի՞նչ հեռանկարով կարող է սպառնալ Հայաստանին՝ Aravot.am-ի հարցին թուրքագետ Արտակ Շաքարյանը հակադարձեց, որ Թուրքիայում միշտ էլ իշխանության են եղել հայատյաց գործիչներ եւ այս առումով, որեւէ բան չի փոխվել: «Այնպես չէ, որ Թուրքիայի նախորդ իշխանություններն ավելի հայասեր էին կամ ավելի լոյալ էին հայերի հանդեպ»,- ասաց թուրքագետը:
Դիտարկմանն էլ՝ համենայնդեպս, Աբդուլա Գյուլն ավելի հանդուրժող էր, Արտակ Շաքարյանը հակադարձեց. «Թուրքիայում նախագահն անգլիական թագուհի է: Այնպես որ, Գյուլն ինչ էլ ուզում է աներ, ինչքան էլ ուզում է հայասեր լիներ, նա իրական իշխանություն չուներ: Թուրքիայում իրական իշխանությունը վարչապետինն ու արտգործնախարարինն են: Այնպես որ՝ բան չի փոխվել: Հայ-թուրքական հարաբերությունների վերջին տասը տարվա տրամաբանությունը կշարունակվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ