Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը հոսպիտալում հայհոյել է ՀՀ նախագահին

Օգոստոս 20,2014 17:03

ՊՆ զինվորական հոսպիտալում նախորդ տարի նոյեմբերի երկուսին տեղի ունեցած դեպքով այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տուժող, ատամնաբուժական բաժնի պետ Արմեն Հովսեփյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը հոսպիտալի պետից ցուցում է ստացել ընդունարան իջնելու մասին, իրեն ասել են, հոգեբուժական բաժանմունքի հիվանդները ալկոհոլ են օգտագործել եւ դանակով հրահրումներ են անում: Ինքը, հոսպիտալի պետ Հովհաննիսյանի եւ բժիշկ Բաբայանի հետ գնացել է հոգեբուժական բաժանմունք, որտեղ էլ իրենց դիմավորել է բաժանմունքի հիվանդներից զինվոր Ռազմիկ Մանուկյանը. «Մեզ դիմավորեց կիսամերկ Ռազմիկը՝ սիգարետը բերանին, մազերը խառնված, ծխում էր, փչում հոսպիտալի պետի երեսին: Ալկոհոլի խմիչքի շիշ եմ տեսել հիվանդասենյակում ու սենյակից ալկոհոլի հոտ էր գալիս»:

Բժշկի պատմելով, ինքը չի նկատել՝ ինչ է տեղի ունեցել Մանուկյանի եւ հոսպիտալի պետի միջեւ՝ զրո՞ւյց, թե՞ հրմշտոց, բայց դրանից հետո բաժանմունքի մեկ այլ հիվանդ` Դավիթ Մարկոսյանը գոռալով ու հայհոյանքներով փորձել է հարվածել հոսպիտալի պետին:

Ինքը փորձել է գրկելով Դավիթին տանել հիվանդասենյակ, բայց Դավիթը սայթաքել ու ընկել է ներքեւ, ապա փորձել է հարձակվել իր վրա:

Պարոն Հովսեփյանի պատմելով, երկրորդ փորձից իրեն հաջողվել է Դավիթին հրել հիվանդասենյակ, այդ ընթացքում Դավիթը պատռել է իր հագուստը:
Բաժանմունքում ըստ նրա, աժիոտաժ էր, հիվանդասենյակում ինքը նկատել է մեկ այլ հիվանդի՝ Արշակին: Նա էլ, ըստ պարոն Հովսեփյանի, անկողնու մեջ պառկած գոռգոռում էր: Տուժողի խոսքով Ռազմիկ Մանուկյանն էլ փորձել է կողապահարանով հարվածել հոսպիտալի պետին. «Հավանաբար ապտակել եմ Ռազմիկին՝ նրան զսպելու համար:

Ռազմիկը պառկեց գետնին, հայհոյեց երկրի նախագահին, մեր ազգին, հոգեբուժարանի հիվանդները սկսեցին կոտրել պատուհանները, հարվածել բաժանմունքի դռներին»:

Ըստ նրա, հիվանդներից մեկը կոտրել է դուռը, հետո հիվանդները դուրս են եկել բաժանմունքից. «Ռազմիկը հայտարարեց՝ ով լավ տղա է թող փախնի, մի քանիսը հետեւեցին նրա ասածներին ու փախան հոսպիտալից: Հետո իրավապահները եկան, հավաքեցին հիվանդներին ու կարգի բերեցին»:

Բժիշկ Հովսեփյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային: Այդ հակասությունները նկատեց նաեւ Դավիթ Մարկոսյանի փաստաբան Մարինա Թովմասյանը: Նախաքննական ցուցմունքում տուժող բժիշկը նշել էր, որ մի քանի ապտակ է հասցրել Դավիթ Մարկոսյանին, ապա հատուկ հնարքներ կիրառել նրան վայր գցելու, հանդարտեցնելու համար: Իսկ դատաքննական ցուցմունքում նա պնդեց, որ չի ապտակել Դավիթին:

Փաստաբանը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, ինչից հետո բժիշկը ճշգրտում մտցրեց, որ առերեսման ընթացքում է քննիչը հստակեցում մտցրել, որ կողապահարանը հոսպիտալի պետի վրա նետելու փորձը Ռազմիկն է արել, հետեւաբար Ռազմիկին հանդարտեցնելու համար ինքը ապտակել է նրան ոչ թե Դավիթին:

Դավիթ Մարկոսյանը դեպքից հետո ճակատի, ականջի հետեւի հատվածում վնասվածքներ ստացել, վնասվածքներն էլ դեպքից հետո լուսանկարել է, այսօր այդ նկարները կցվեցին գործին:

Նրա փաստաբանն էլ հետաքրքրվեց տուժողից՝ հնարավո՞ր է նրա միջամտությունից Դավիթը այդ վնասվածքները ստացած լինի, տուժող Հովսեփյանն ասաց՝ հնարավոր է իր գրկից ներքեւ ընկնելու ժամանակ ստացած լինի, համենայնդեպս ինքը կապտուկներ ու այլ տիպի վնասվածքներ չի նկատել:

Այսօր գործով վկաները չէին ներկայացել դատարան: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի երկուսին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Այս ամբողջ ՛՛ստեղծագործությունը՛՛ գրվել է միայն այն բանի համար, որ այդ հոգեբուժական բաժանմունքում կատարված ողջ իրարանցման մեջ տեղ գտած մի փոքրիկ դրվագը շեշտվի (որը ըստ իս շատ է դուր եկել թերթի անձնակազմին), և այդ բուն թեմայի հետ առանձնապես կապ չունեցող դրվագը դրվի որպես ՎԵՐՆԱԳԻՐ: Չ՞է որ վերնագիրը պետք է կանչի ընթերցողին՝ ինչ որ մի լրագրողական քրիստոմատիայում կարդացել է հեղինակը և կիրառել կյանքում:
    Հարցը նրանում է, թե ինչ որակի ընթերցողին ես ուզում կանչել աղջիկ ջան: ՛՛Առավոտը՛՛ մի վերածեք դեղին մամուլի, ափսոս է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031