«Մենք ամենալավը չենք, բայց դեռ մեզնից լավը չկա: Երբ լինի, բնականաբար, ժողովուրդը կգնա նրա հետևից»,-հարցին՝ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ընտրի ՀՀԿ-ին, «Բազե-2014» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը Ծաղկաձորում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Խորհրդարանի ղեկավարին հիշեցրին արտագաղթի ահագնացող տեմպերի մասին, իսկ նա նշեց, թե արտագաղթը «ողբերգություն չէ» ու մանրամասնեց. «Արտագաղթ եղել է նաև և մեր թվարկությունից առաջ և բոլոր դարերում: Արտագաղթը ցավ է, բայց ոչ ողբերգություն, ու դրա պատճառները լոկ իշխանության հետ կապելը ճիշտ չէ: Հիմա աշխարհը մեծացել է, ու եթե մարդ Ֆրանսիայում բազմապատիկ ավելի պիտի ստանա, պարզ է՝ գնալու է: Արտագաղթի դեմ պետք է պայքարել, ոչ թե մեղադրել: Բայց ցավալի է, երբ մարդիկ խռոված են գնում Հայաստանից»:
Գալուստ Սահակյանը կարևորեց նման հավաքների իրականացումն ու կատակեց. «Ես Բազեի հետ մեծացա, դարձա արծիվ»:
Երիտասարդները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս հասնել նրան, որ օրենքները մեր երկրում իսկապես կիրառվեն և օրենքի առաջ բոլորը հավասար լինեն: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իրոք, կա խնդիր, առավել ևս մենք շատ մեծ խորհրդարանական մշակույթ չունենք: Այն գաղափարախոսությունը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, մեր երկրում լիովին չի գործում: Իսկ օրենքի կիրառումը կախված է նաև հասարակությունից: Դա է պատճառը, որ շատ հաճախ խորհրդարանը օրենքների մեջ փոփոխություններ է կատարում»:
Կարդացեք նաև
Երիտասարդներին հետաքրքրեց՝ ԱԺ նախագահի տպավորությամբ՝ հայ հասարակության շրջանում սահմանադրական բարեփոխումների կարիք կա՞, պարոն Սահակյանը պատասխանեց՝ վկայակոչելով այլ ազգերին ու նշելով, թե ոչ մի հասարակություն էլ ինքը չի նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ. «Բոլորովին այնպես չէ, որ երկրի զարգացումը կապված է նախագահական կամ խորհրդարանական մոդելի զարգացման հետ: Մենք հակված ենք գնալ այն ճանապարհով, որն առավել ընդունելի կլինի քաղաքական ուժերի համար: Բայց մյուս կողմից էլ հասարակության մեջ անընդհատ դժգոհություններ են հնչում խոսքի ազատության, ժողովրդավարության մասին, ինչը հիմք է տալիս սահմանադրական փոփոխություններ կատարել»: Գալուստ Սահակյանը միևնույն ժամանակ չթաքցրեց, որ ինքը նախագահական մոդելի կողմնակից է:
Երիտասարդները հետաքրքրվեցին՝ խորհրդարանում ինչո՞ւ են հիմնականում մերժվում ընդդիմադիրների նախաձեռնությունները: Պարոն Սահակյանը նշեց, թե այնպես չէ, որ ընդդիմությանը տեղ չեն տալիս ու մեղքը բարդեց ընդդիմադիրների վրա. «Մեր ընդդիմությունը զարթնում ասում է իշխանություն, կեսօրին մի քիչ հանգստանում է, քանի որ շոգ է, երեկոյան՝ նորից իշխանություն»: Հետո էլ, թե «Մեր քաղաքական ուժերը Երևանի ասֆալտապատ փողոցներից, այդ տաքությունից չեն գնում մարզեր, այնտեղ բջիջներ չունեն»:
Ու էլի նշեց. «Առավոտյան զարթնում են իշխանություն, երեկոյան՝ իշխանություն: Այնինչ, ընդդիմությունը հստակ պիտի գործի, այն մահակ և շարժիչ ուժ պիտի դառնա քաղաքական մեծամասնության համար»:
Այս առիթով նա նաև հեգնեց, թե «մարդիկ կան կուսակցական են ծնվում, դրանից այն կողմ ոչինչ չեն տեսնում»:
Այնուհետև ասաց. «Մեր ընդդիմադիրները գալիս են խորհրդարան իրենց ասելիքն ասում, գնում են, այնինչ, խորհրդարանական աշխատանքը հանձնաժողովում կատարված աշխատանքն է:
Պատասխանելով Սոչիում՝ նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նկատեց. «Սոչիի հանդիպումը հաղթանակի արդյունք էր: Տեսանք, որ ինչ խոսակցություն լինում էր, Ալիևը գլուխը տմբտմբացնում էր: Դա էլ էր մեր հաղթանակի արդյունք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տո, լավ ես անում, որ ճռճռալով խոսում ես:Մի ազգ, որի արգանդը չորացել է ու մնացել է քո, մկան, սերժոյի հույսին, ուրեմն դա էլ է շատ: