Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատասխանատվության գագաթնակետն է, իրականության խեղաթյուրում». Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին

Օգոստոս 20,2014 16:31

«Լույս» հիմնադրամի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացատրել էր, թե ինչն է դրդել Սերժ Սարգսյանին որոշում կայացնել եւ մտնել Մաքսային միություն:

Վիգեն Սարգսյանն ասել էր՝ «Հայաստանի համար, որը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, չափազանց կարեւոր էր ունենալ առավելություն մեր արդյունաբերության համար: Այստեղ կարեւոր դեր են խաղում տրանսպորտային ենթակառուցվածքները եւ էներգետիկ ռեսուրսները: Քանի որ մենք չկարողացանք կտրուկ փոխել իրավիճակը տրանսպորտային ենթակառուցվածքի տեսանկյունից, քանի որ Թուրքիայի հետ սահմանը շարունակում է փակ մնալ, շատ կարեւոր էր փոխհատուցել այդ բացը էժան էներգակիրների ներմուծմամբ, եւ մենք դա արեցինք՝ որոշելով միանալ ՄՄ-ին: Այժմ մենք գազ եւ նավթամթերք ենք ներմուծում ներռուսաստանյան գներով, առանց մաքսատուրքի»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը հակափաստարկներ ներկայացրեց, թե ինչու չպետք է մտնեինք ՄՄ: Նրա խոսքերով՝ «Հա’մ մտահոգվում են Հայաստանի տրանսպորտային շրջափակմամբ, հա’մ էլ տանում են Հայաստանը Վրաստանի համեմատ տարբեր մաքսային ռեժիմ ունեցող մի միավորման մեջ: Այն դեպքում, որ Վրաստանով է անցնում Հայաստան եկող բեռների 80 տոկոսը:

Ինչ վերաբերում է գազի գնին, այն հայտարարությունը, թե մենք գազ ենք ներկրում ռուսաստանյան ներքին գներով, այլ կերպ, քան իրականության խեղաթյուրում անվանել հնարավոր չէ: Քանի որ պետք է վերցնել ոչ թե այն գինը, որով Ռուսաստանը գազ է վաճառում ինքն իրեն` «Գազպրոմ- Արմենիային» (189 $ 1000 խմ-ի դիմաց), այլ կրկնակի թանկ այն գինը, որով այդ ընկերությունը գազը վաճառում է հայաստանյան սպառողներին (380 $ 1000 խմ-ի դիմաց): Այդ ժամանակ պարզ կերեւա, որ մենք շատ ավելի էժան գազ կունենայինք, եթե հրաժարվեինք Կրեմլի վասալը լինելուց եւ գազ ներկրեինք Իրանից (արդեն այսօր Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց այդ երկիրը մեզ գազ է վաճառում 189 $-ից ավելի էժան գնով): Էլ չեմ խոսում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա հավանական գազային տարանցման նախագծի մասին, որից մենք դուրս ենք մնալու նույն այդ ռուսահպատակության պատճառով եւ կորցնելու ենք տարեկան շուրջ 400 միլիոն դոլարի մաքուր շահույթ (20 մլրդ խմ գազի տարանցման դեպքում): Սա ավելի մեծ գումար է, քան մենք կստանանք Ռուսաստանից նավթամթերքի անմաքս ներկրման արդյունքում: Պարզապես առաջին դեպքում գումարը ամբողջովին կմտներ պետական գանձարան, իսկ երկրորդի դեպքում մոխրագույն սխեմաների շնորհիվ այդ անմաքս առեւտրից օգտվում են հայաստանյան եւ ռուսաստանյան պետական պաշտոնյա մի քանի օլիգարխներ:

Էլ չենք խոսում այն մասին, որ կապել Հայաստան ներկրվող գազի գինը Ռուսաստանի ներքին, ավելի կոնկրետ` Օրենբուրգի մարզի գների հետ (գումարած տրանսպորտային ծախսերը մինչև Հայաստանի սահմանը)` անպատասխանատվության գագաթնակետն է, քանի որ վաղը եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի ներքին սպառողական գների անուղղակի սուբսիդավորումը, դրանից գրեթե չի տուժելու, այլ գումարը մի գրպանից մյուսն է դնելու, իսկ Հայաստանը, որպես արտաքին գնորդ, ստիպված է լինելու ավելի թանկ վճարել: Եթե, իհարկե, այն ժամանակ էլ մեր չինովնիկները չսկսեն գովերգել Ռուսաստանի մեջ գուբերնիայի կարգավիճակով մտնելու «տնտեսական օգուտները»:

Վիգեն Սարգսյանը ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը բացատրել էր նաեւ անվտանգության խնդիրներով: Նա ասել էր, որ «Այդ որոշումը սերտորեն կապված էր Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության եւ Թուրքիայի սահմանից եկող սպառնալիքները»:
Սակայն, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, «Կապել ԵՏՄ-ին միանալու որոշումը Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող սպառնալիքների հետ` նշանակում է ստորագրել սեփական բազմամյա արտաքին քաղաքականության լիակատար տապալման մեջ: Մի քաղաքականություն, որը նախ մեր ինքնիշխանության էական մասը զիջեց Ռուսաստանին` ռազմաբազայի պայմանագրի երկարաձգում, սեփական տարածքում առանց Մոսկվայի թույլտվության, որեւէ այլ երկրի զինուժի տեղաշարժից եւ տեղակայումից հրաժարում, գազային բոլոր տեսակ կոմունիկացիաների եւ դրանց հանդեպ իրավունքների հանձնում Ռուսաստանին եւ այլն: Եվ այս ամենով հանդերձ՝ չկարողացան հասնել նրան, որ Ռուսաստանը հսկայական ծավալներով եւ առաջանցիկ տեմպերով չշարունակի զինել Ադրբեջանին նորագույն եւ հզոր սպառազինություններով: Այսօր էլ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում այն չի միջամտի, քանի որ դա Հայաստանի տարածքը չէ: Ուրեմն ինչի՞ համար արվեցին այդ բոլոր զիջումները: Եվ հիմա էլ, մտցնելով Հայաստանը ԵՏՄ, ինքնիշխանության վերջնական կորուստ պիտի արձանագրենք: Այսինքն, Հայաստանի գործող իշխանությունները իրենց ապաշնորհության պատճառով այս տարիների ընթացքում Մոսկվայի հետ կառուցել են այնպիսի հարաբերություններ, որ կնքված միջպետական պայմանագրերը, այդ թվում` ՀԱՊԿ-ի պայմանագրերը որպեսզի գործեն, Հայաստանից պահանջվում են նորանոր զիջումներ: Այսինքն, եթե Հայաստանը չմտներ ԵՏՄ, ուրեմն Ռուսաստանը չէր կատարելու ՀԱՊԿ շրջանակներում իր վրա վերցված պարտավորությունները նույն Թուրքիայից եկող սպառնալիքի մասով: Դա այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքած երեք երկրներին` Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային ԱՄՆ-ը արդեն հայտարարել է իր «ռազմական դաշնակիցներ»` անկախ վերջինների ՆԱՏՕ-ում դեռ ընդգրկված չլինելու հանգամանքից: Ու նաեւ հայտարարել, որ այդ երկրներին արտաքին ռազմական վտանգ սպառնալու դեպքում ցուցաբերելու է ռազմական օգնություն, այդ թվում՝ զինտեխնիկայի մատակարարումներ»:

Հովսեփ Խուրշուդյանը հիշեցրեց, որ երբ «Ժառանգությունը» պահանջում էր ԱԺ-ից ընդունել «Լյուստրացիայի մասին» օրենքը` հենց սա նկատի ունեին. «Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե բարձրաստիճան որ պետական պաշտոնյան է առաջնորդվում ՀՀ ազգային շահերով, իսկ որը ստիպված է ենթարկվել Մոսկվայից եկող պարտադրանքին` ըստ էության սպասարկելով Ռուսաստանի շահերը: Այսպիսի քաղաքականություն վարած իշխանությունները մինչեւ ե՞րբ են պատրաստվում կառչած մնալ իրենց աթոռներից: Մինչեւ որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը վերջնականապես զոհաբերե՞ն: Մինչեւ որ Ադրբեջանին ռուսական ռազմական մատակարարումները բերեն Հայաստանի եւ Արցախի հանդեպ Բաքվի արդեն ոչ թե եռապատիկ, այլ տասնապատիկ, քսանապատիկ գերակայությա՞ն: Եվ հույս ունեն, որ Հայաստանը նման ծանր վիճակում դնելու համար պատասխանատվությունից կարողանալու են խուսափե՞լ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    “Դա այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքած երեք երկրներին` Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային ԱՄՆ-ը արդեն հայտարարել է իր «ռազմական դաշնակիցներ»` անկախ վերջինների ՆԱՏՕ-ում դեռ ընդգրկված չլինելու հանգամանքից: Ու նաեւ հայտարարել, որ այդ երկրներին արտաքին ռազմական վտանգ սպառնալու դեպքում ցուցաբերելու է ռազմական օգնություն, այդ թվում՝ զինտեխնիկայի մատակարարումներ ” . այս դրույթը վիճելի է առավել ևս Ուկրանիայի առումով, իր “դազմական դաշնակից” հռչակած երկիրը, վերազինելով Լեհաստանն ու մասամբ էլ Հունգարիան ՆԱՏՕ-յի ծրագրով, վերջիններիս մոտ մնացած խորհրդային զենքն ու զինամթերքն է ուղարկում …

  2. «Լավուշկա ջանըմ,լավուշկա»…Սա «Զանգեզուր»ֆիլմից էր…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031