«Ավտորիտար երկրները, որոնք միավորվել են ԵՏՄ-ի մեջ, շատ շուտով կհամոզվեն, որ շտապել են, երբ առանց ժողովրդի համաձայնության, իրենց այդ միավորման մեջ են խցկել նաեւ Հայաստանը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
Օրերս ՌԴ կառավարության նիստում հաստատվել եւ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ներկայացվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Նախկինում փորձագետներն ասում էին, որ Հայաստանի անդամակցության հետ կապված լուրջ խնդիրներ կան, ուստի Aravot.am-ի հարցին՝ հիմա փաստորեն, այդ խոչընդոտները հաղթահարվեցի՞ն, կարո՞ղ ենք ասել, որ դա այլեւս իրողություն է՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Ամենամեծ խոչընդոտն այն է, որ նման մասշտաբային որոշումը կայացվել է առանց Հայաստանի ժողովրդին, հայ հասարակությանը հարցնելու: Ավելին, այն կայացվել է նաեւ առանց որեւէ լուրջ տնտեսագիտական եւ քաղաքագիտական փորձաքննության, մեկ մարդու` ՀՀ գործող դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի քմահաճույքով: Այս խոչընդոտը չի կարող հաղթահարվել, քանի դեռ Հայաստանում չեն կայացել օրինական ընտրություններ: Դեռ այդպես էլ հստակ պատասխան չկա Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսային սահմանի տեղադրման հարցին: ՀՀ պաշտոնյաների եւ ԵՏՄ առաջին դեմքերի հայտարարությունները իրար հակասում են եւ, վախենամ, ինչպես միշտ, իրականությանը ավելի համապատասխանի հենց այլոց ասածները: Բացի այդ, ինքնին ԵՏՄ-ն անկենսունակ միավորում է` թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական առումներով: Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ առանց ԵՏՄ-ի իր գործընկերների հետ համաձայնեցման, Ռուսաստանը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք չեն կարող կյանքի կոչվել առանց բոլորի համաձայնության` խախտելով ԵՏՄ բոլոր կանոնները: Մինչդեռ, նույն «պատժամիջոցները» արեւմտյան ապրանքների դեմ որեւէ արժեք չեն կարող ունենալ, քանի դեռ Բելառուսն ու Ղազախստանը, ում հետ Ռուսաստանը չունի մաքսային սահման, չեն համաձայնվել միանալ դրանց: Իսկ նրանք չեն համաձայնվում»:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր 170 մլն-անոց շուկայի մասին, որի դռները բացվում են Հայաստանի առջեւ: Նա հայտարարել է, որ Հայաստանն ավելի բարենպաստ բիզնես միջավայր ունի, քան ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը, ուստի ներդրումներ կարվեն այստեղ:
Հովսեփ Խուրշուդյանը չհամաձայնեց Վիգեն Սարգսյանի հետ. «Ժողովրդի կողմից այլոց հանձնված իշխանության հերթական բռնազավթման արդյունքում իրենց աթոռներին կառչած մնացած իշխանավորները լիովին կորցրել են իրականության զգացողությունը, ինչը լրջագույն սպառնալիք է մեր երկրի համար: Սկսենք նրանից, որ մատի փաթաթան է դարձվել «ԵՏՄ 170 միլիոնանոց շուկա»-ին միանալու գովքը, այն դեպքում, երբ այդ շուկան անհամեմատ ավելի ցածր վճարողունակություն եւ ծավալներ ունի, քան Եվրամիության 560 միլիոնանոց շուկան (ներառյալ Արեւելյան գործընկերության` ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքած 3 երկրները), որին Հայաստանը միացնելուց հրաժարվեցին այս իշխանությունները:
Կարդացեք նաև
Երկրորդ. այդ շուկայի մեծ մասը` Ռուսաստանը, գտնվում է Արեւմուտքի` ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մի շարք զարգացած երկրների պատժամիջոցների թիրախում, որոնք միտում ունեն ծավալվելու: Արդեն այսօր ամսական միջինը շուրջ 10 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսք է տեղի ունենում Ռուսաստանից, եւ ԱՄՀ-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում արտահոսքը կկազմի 100 միլիարդ դոլարից ավելի գումար, ինչը հսկայական թիվ է անգամ Ռուսաստանի պարագայում: Ռուսաստանի իշխանություններն իրենք էլ ընդունում են, որ այսօր իրենց երկրի տնտեսությունը գտնվում է ստագնացիայի մեջ: Արդեն այսօր այդ երկրի խոշորագույն ընկերությունները սնանկացման եզրին են կանգնած եւ պետությունից գումարներ են խնդրում գոյությունը պահպանելու համար: Տարեսկզբից այս երկրի միջազգային ռեզերվները նվազել են ավելի քան 10 տոկոսով՝ 510 մլրդ դոլարից հասնելով 450 մլրդ-ի: Իսկ նավթի գների` ԱՄՆ-ի կողմից խթանվող անկման արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը հայտնվելու է է՛լ ավելի վատ վիճակում: Եվ այս պայմաններում Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ «այն միջազգային ընկերությունները, որոնք ցանկանում են բացահայտել այդ հսկա շուկան (Մաքսային միության սպառողական շուկան–խմբ.), կարող են դիտարկել Հայաստանը որպես իրենց բիզնեսը սկսելու լավագույն վայր»: Իրավիճակին այս աստիճանի անտեղյակությո՞ւն ու անհամարժեքությո՞ւն: Այսպես էլ երկիրն են կառավարում, դրա համար էլ բնակչությունը փախնում է նման «կառավարումից»:
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արեւմտյան արտաքին ներդրումները մոտենում են զրոյի: Իսկ հույս դնել, որ Ռուսաստանը կկատարի այն մի քանի 100 միլիոն դոլարի ներդրումների խոստումները, որ տվել է Հայաստանի «մաքսայնացման» դիմաց եւս անիրատեսական է. «Դեռ լավ է, որ ինչ- որ տնտեսագետ իրենց ասել է եւ իրենք էլ ընդունում են, որ ՄՄ երկրների տնտեսությունը չի կարող նպաստել Հայաստանի տնտեսության մրցունակության աճին: Բա այդ դեպքում էլ ո՞ւր եք տանում Հայաստանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆՔ Հովսեփ Խուրշուջյանի տեսակետի հետ ․․․