Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Ե՞րբ են մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող ընկերությունները վերջին անգամ ստուգման ենթարկվել»

Օգոստոս 20,2014 15:53

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Մխիթարյանի կողմից Երեւանի մի քանի մանկապարտեզներին ոչ պիտանի վերամշակված հավի մսի մատակարարմանը, նկատեց, որ դեպքը ողբերգական ավարտ չունեցավ ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Նրա խոսքով՝ մանկապարտեզներին ոչ պիտանի հավի մսի մատակարարման դեպքը պետք է լուրջ ահազանգ լինի ողջ համակարգը վերանայելու համար:

Պրն. Պիպոյանը հայտնեց, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, մատակարարման մասով շատ լուրջ պրոբլեմ կա մրցույթների անցկացման կարգի մեջ:

Բաբկեն Պիպոյանը Երեւանի քաղաքապետարանից պահանջում է հրապարակել բոլոր այն ընկերությունների անունները, որոնք մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթող եւ պահանջում է հրապարակել այն գնացուցակը եւ այն ապրանքները, որոնք պետք է մատակարարել. «Եթե 1100 դրամով պետք է մատակարարվի 1 կգ հավի միս, այն դեպքում, երբ այն շուկայում 1300-1500 դրամ է, պարզ է, որ այդտեղ արդեն խախտում կա: Նախկինում մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող մի շարք ընկերություններ կտրականապես հրաժարվել են մատակարարել, քանի որ հասկանում են, որ այն գնացուցակը, որն իրենց ներկայացվել է, դրանով որակյալ եւ անվտանգ ապրանք մատակարարել հնարավոր չէ»:

Պրն Պիպոյանի խոսքով՝ ծնողները բողոքում են, որ կան մանկապարտեզներ, որտեղ թարմ հավի փոխարեն միայն հավի բուդ կամ կրծքամիս է մատակարարվում. «Տարօրինակն այն է, որ մանկապարտեզներում մրցույթի անցկացման նախապայման դրված չէ, թե այն ընկերությունը, որը շահում է մրցույթը, ունի՞ արդյոք պահպանման պահեստ, հատուկ ապրանքի տեղափոխման համար մեքենաներ»:

Բանախոսը նշեց, որ վերահսկողության հիմնական պատասխանատուն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է. «Սակայն պրոբլեմի արձանագրումից հետո մեկ անգամ է ընդամենը ծառայությունն արձագանքել, այն էլ պաշտպանել է պետության շահը, ոչ թե սպառողի»:

Բաբկեն Պիպոյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը կառավարությանը մի քանի կետերից բաղկացած դիմում է ներկայացրել, որոնցում պահանջում են տրամադրել պարզաբանում մի քանի հարցերի շուրջ. «Ե՞րբ է ա.ձ. Էդվարդ Մխիթարյանը ճանաչվել հաղթող մրցույթում, եւ որտե՞ղ է այն արձանագրված: Ե՞րբ են մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող ընկերությունները վերջին անգամ ստուգման ենթարկվել: Ի՞նչ գործողությունների միջոցով են կանխվելու նմանատիպ միջադեպերը»:

Բաբկեն Պիպոյանը պահանջում է վերանայել եւ լրամշակել մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների մատակարարման կարգը:

Բանախոսը մտավախություն ունի, որ այդ չգրանցված ընկերությունը բազմաթիվ պահեստներում ունի այդպիսի վերամշակված հավեր. «Եվ այդ հավերը բացի մանկապարտեզներից էլ ո՞ւր են գնացել, մենք մինչ օրս չունենք տեղեկատվություն: Չեմ հավատում, որ բացի մանկապարտեզից վերամշակված հավերը էլ ուրիշ տեղ մատակարարած չլինեն»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031