ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր դարձյալ հետաձգվեց տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը վերաբերվող դատավարությունը: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում էր ընդունել՝ բավարարել քննիչների միջնորդությունը՝ «Հրապարակ» թերթին եւ ilur.am կայքերին պարտավորեցնել՝ բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները: Քննիչներին հետաքրքրում է, թե լրատվամիջոցները որտեղի՞ց են իմացել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած բախման մասին: Բնականաբար, լրատվամիջոցները հրաժարվել են կատարել դատարանի որոշումը եւ դիմել են Վերաքննիչ դատարան:
Նախորդ անգամ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ դատախազ Հ. Պետրոսյանը դատարան էր ներկայացել առանց անձնագրի եւ լիազորագրի: Հետաքրքիր է, որ դատախազն առանց անձը հաստատող փաստաթղթի հաջողել էր մտնել նիստերի դահլիճ, մինչդեռ մուտքը դատարան առանց անձը հաստատող փաստաթղթի, արգելվում է:
Այս անգամ էլ, դատախազը դատարանին ներկայացրեց միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճառաբանելով, որ օրենքն իմպերատիվ պահանջ չի դնում լիազորագիր ներկայացնելու եւ եթե կողմերից որեւէ մեկին դա չի բավարարում, ապա դատական հարցման միջոցով կարող են ստուգել իր լիազորությունների շրջանակը:
Դատարանին բավարարեց դատախազի բացատրությունը, մինչդեռ լրագրողների փաստաբանները պնդեցին, որ այդպիսով օրենքի ոտնահարում է լինում եւ միջնորդություն ներկայացրեցին՝ դատական հարցման միջոցով ճշտել դատախազի լիազորությունների շրջանակը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութերում
Այս դատավարությունն, ի դեպ, իր ընթացքում այլ սկանդալային փուլեր էլ է ունեցել: մասնավորաբար, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանն առաջին դատական նիստի ժամանակ անակնկալ որոշում կայացրեց՝ նիստը դռնփակ անցկացնելու մասին: Ապա, հաջորդ իսկ նիստին, նույն կերպ անակնկալ փոխեց իր որոշումը՝ այդպես էլ չպատճառաբանելով դրա հիմքերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ