Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկնարտադրողները կախարդված են. այն դարձել է թմրամոլություն, խաղամոլություն (Տեսանյութ)

Օգոստոս 20,2014 15:44

Այսօր «Զարկերակ» ակումբում ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանն անդրադառնալով հայկական ձկնամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությանը, նշեց մի քանի կետեր, որոնք, ըստ նրա, վերաբերում են արտահանման խոչընդոտներին:

Թեեւ Աթոյանն իր մտքերն, այսպես ասած` շատ խուճուճ ու անհասկանալի էր ներկայացնում, եւ հարցերին կոնկրետ պատասխան չէր տալիս, այնուամենայնիվ, փորձենք ներկայացնել նրա ասելիքը:

Աթոյանի ներկայացմամբ` որպեսզի արտահանման գործընթացը դարձնենք վերահսկելի, անհրաժեշտ է տնտեսվարողներին իրազեկել, թե ինչ մեխանիզմներով, ինչպիսի տեխնիկական պայմաններով են իրականացվելու արտահանումները: Ըստ Աթոյանի, արտահանողների շահերի պաշտպան է պետք, որովհետեւ դրսում ցանկացած պահի, երբ մեր արտադրողներին ճնշում են, նրանց իրավունքները պաշտպանող լինի: Օրինակ, «Գոս» ընկերության արտահանման լիցենզիան կասեցվել էր, բայց այս ընկերությունն արդեն մեկ տարի է խնդիրը կարգավորել է, բայց դեռ արտահանման լիցենզիան վերականգնելու հարցը չի լուծվում: Ի դեպ, «Գոս» ընկերություն էր վերջերս այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Արթուր Աթոյանի կարծիքով, բնապահպանության նախարարության վերջին շրջանում իրականացվող բարեփոխումներն ի վնաս են ձկնաբուծության. մի կողմից խոսվում է ձկնամթերքների արտահանման ծավալների ավելացման մասին, մյուս կողմից էլ, ըստ Աթոյանի, նախարարությունը ձկնարտադրական ընկերությունների օգտագործող ջրային ռեսուրսների 1/3 կրճատման է գնում, իսկ 2-րդ փուլով պետք մինչեւ 70% կրճատման հասնի, սա խոչընդոտ է արտադրության ծավալներին եւ ընդհանրապես մի շարք ընկերություններին վնաս է:

Արթուր Աթոյանի խոսքերով` ձկնաբուծարանների` գերշահույթով աշխատելու մասին լուրերը միֆ են. «Դա 15 տարի առաջվա հին ինֆորմացիա է, հիմա վնասով են աշխատում»: Դիտարկմանը, որ եթե օգուտ չեն ստանում, կամ վնասով են աշխատում, թող փակեն իրենց բիզնեսը, ինչո՞ւ են շարունակում վնասով աշխատել, Աթոյանը շատ զվարճալի պատասխան տվեց, խնդիրը բացատրեց գործարարների` կախարդված լինելով. «Ձկնարտադրությունը, դա կախարդական մի երեւույթ է, բնության հետ շփվող մի երեւույթ է: Եթե ջրի եւ կենդանու հետ է աշխատում, դառնում է վարակի նման մի հոբբի, նույնիսկ գիտակցաբար, որ վնաս է կրում, եւ իրենց գործունեությունը կասկածանքի տակ է, նրանք գործունեությունը չեն դադարեցնում, դա դարձել է մի ազարտ, ոնց որ ասենք` թմրամոլությունը, խաղամոլությունը. նրանք ի վիճակի չեն դադարեցնել: Նրանք գնում են մինչեւ վերջ, մինչեւ վերջին շունչը, երբ գրավի դիմաց իրենց գույքը տալիս են պարտատիրոջը եւ վերջ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031