Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանը՝ Վիգեն Սարգսյանի ներկայացրած «ռոմանտիկ տեսլականի» մասին

Օգոստոս 20,2014 15:36

Օրերս ՌԴ կառավարության նիստում հաստատվել եւ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ներկայացվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:

Մինչ այդ ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակում են համոզել, որ Մաքսային միություն մտնելով՝ փրկվելու է Հայաստանի ապագան: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր 170 մլն-անոց շուկայի մասին, որի դռները բացվում են Հայաստանի առջեւ: Նա հայտարարել է, որ «Անգամ միջազգային վարկանիշային կազմակերպությունների տվյալներն են վկայում այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համեմատությամբ, Հայաստանն ունի առավել բարենպաստ բիզնես միջավայր եւ հնարավորություններ ներդրողների համար: Մենք գտնում ենք, որ այն միջազգային ընկերությունները, որոնք ցանկանում են բացահայտել այդ հսկա շուկան, կարող են դիտարկել Հայաստանը որպես իրենց բիզնեսը սկսելու լավագույն վայր»:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հակադարձեց Վիգեն Սարգսյանին: Նրա խոսքերով՝ «ՄՄ մտնելով՝ մենք կորցնում ենք ընտրություն ունենալու հնարավորությունը, որովհետեւ երբ մենք հաստատապես միանում ենք ինչ-որ մի միության, որտեղ հեռանկարները բավականին անորոշ են, մենք կորցնում ենք արդեն կայացած ԵՄ-ի եւ արեւմտյան աշխարհին հաջող ինտեգրվելու փորձը: Մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ չի կարելի հավասարության նշան դնել ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ՝ մի պարզ պատճառով, որ ԵՄ-ն արդեն կայացած միավոր է, իսկ Մաքսային միությունը եւ հետեւաբար ԵՏՄ-ն անորոշ միավոր է: Այդ միության անդամ երկրները դեռ չեն հասել լիակատար համաձայնության եւ ոչ մի հարցում: Դա տնտեսական պայմանագրերն են, քաղաքական պատասխանատվության բաշխումն է, դա վերջիվերջո միության անդամների վերաբերմունքն է հենց Հայաստանի հանդեպ: Եթե բացառենք ՌԴ-ն, մենք պետք է հասկանանք, որ իրավահավասար միության իրավահավասար անդամ լինելու համար դու պետք է ունենաս համապատասխան հարգանք եւ ընդունելություն միության բոլոր անդամներից անխտիր»:

Վիգեն Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի համար, որը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, չափազանց կարեւոր էր ունենալ առավելություն մեր արդյունաբերության համար. «Այստեղ կարեւոր դեր են խաղում տրանսպորտային ենթակառուցվածքները եւ էներգետիկ ռեսուրսները: Քանի որ մենք չկարողացանք կտրուկ փոխել իրավիճակը տրանսպորտային ենթակառուցվածքի տեսանկյունից, քանի որ Թուրքիայի հետ սահմանը շարունակում է փակ մնալ, շատ կարեւոր էր փոխհատուցել այդ բացը էժան էներգակիրների ներմուծմամբ, եւ մենք դա արեցինք՝ որոշելով միանալ ՄՄ-ին: Այժմ մենք գազ եւ նավթամթերք ենք ներմուծում ներռուսաստանյան գներով, առանց մաքսատուրքի»:

Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ՄՄ մտնելով այդ հարցում որեւէ փոփոխություն չի կարելի ակնկալել. «Հայաստանը երբեք դուրս չի եկել ՌԴ-ի ազդեցության տնտեսական գոտուց, միշտ գտնվել է այնտեղ: Մեր խոշոր հիմնարկները տրված են ռուսական հիմնարկներին, եւ արդյունքում ենթակառուցվածքները չեն կայացել, թույլ են կայացել եւ լավ չի զարգացել: Ակնկալել հիմա, որ ԵՏՄ-ի պարագայում, երբ հիմնական խաղացողն ու թելադրողն այնտեղ Ռուսաստանն է, մի որեւէ փոփոխություն չի սպասվում դերակատարման հարցում, սպասել, որ այդ համատեքստում Հայաստանի վիճակը կբարելավի՝ մի քիչ ռոմանտիկ տեսլական է: Իհարկե, բոլորս ուզում ենք, որ երկրի վիճակը լավ լինի, բայց դրա համար պետք է պատկերացնենք բոլոր հնարավոր ռիսկերը, որ կան այդ ճանապարհին: Մաքսային միության ճանապարհին ռիսկերը բազմաթիվ են: Դրանցից մեկն այն է, որ միջազգային հանրությունը փաստացի մեկուսացնում է ՌԴ-ին եւ Հայաստանը կարող է, առանց որեւէ մեղք ունենալու, հայտնվել այդ միջազգային մեկուսացման մեջ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ լավ բիզնես միջավայրին եւ ներդրումային հեռանկարներին՝ Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ «Ես կխնդրեմ ուղղակի նայենք ՄՄ-ին եւ նրա պարտնյոր երկրներին, այդ քիչ երկրներին, որոնք ուզում են ՌԴ-ի հետ առեւտուր անել: Կուզենայի, որ նայեք, թե հենց նույն ՌԴ-ում, որը տիրապետում է այդպիսի հսկայական ռեսուրսների, ինչպիսի ներդրումային ծրագրեր են կատարվում, ինչքան է կրճատվում այդ ինվեստիցիաների քանակը, ինչպիսի բիզնես միջավայր է տիրում այդ երկրում եւ ինչպես է այսօր զարգանում տնտեսությունը: Չեմ կարծում, որ Հայաստանը, չտիրապետելով ՌԴ-ի ռեսուրսների 1 /100-րդին նույնիսկ, ի զորու կլինի զարգացնել ներդրումային նոր նախագծեր: Եթե ներդրումային նախագծեր չեն դրվում նավթային կենտրոնում, ապա դժվար թե դրանք տեղափոխվեն փոքր Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա Մարգարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031