Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում թթի փառատոնն առանց թթի՞

Օգոստոս 20,2014 15:14

Մոտ մեկ ամիս առաջ Գորիսում թութը վերջացել է, սակայն երեք օրից` օգոստոսի 23-ին Սյունիքի մարզի այս քաղաքում կազմակերպվելու է թթի փառատոն: Էկոնոմիկայի նախարարության ու «Արենի» փառատոն հիմնադրամի պատասխանատուներն, այսօր, «Հայելի» ակումբում նշեցին, որ փառատոնը կրելու է «Սյունյաց ավանդույթներ» անվանումը, որի ընթացքում զբոսաշրջիկները ներկա են գտնվելու տնական պայմաններում թթից օղի թորելու, դոշաբ եւ այլ ուտեստներ պատրաստելու արարողություններին:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ մարզերում նման փառատոների կազմակերպումը հնարավորություն է տալիս նպաստել այդ վայրերում տուրիզմի զարգացմանը, մարզի բնակչի բարեկեցությանը:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի խոսքով, փառատոնն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ հետաձգվել է, այդ պատճառով էլ այն կազմակերպվել է թթի սեզոնի ավարտին: Թարմ թթի փոխարեն հյուրերին կմատուցվի թթի չիրը:

«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքերով, այսպիսի փառատոների նպատակը տուրիստական նոր արտադրանք ստեղծելն է եւ տուրփաթեթներում այն ներառելը:

Ասուլիսի մասնակիցները փաստեցին, որ այսպիսի փառատոների շնորհիվ այսօր մարզերում ավելի շատ են տուրիստները լինում, քան` մայրաքաղաքում:

Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ էլ, փառատոների դիվերսիֆիկացման արդյունքում Հայաստանում տարեցտարի տուրիզմի դինամիկ աճ ենք ունենում: Ըստ Մեխակ Ապրեսյանի, այդ են վկայում տարեցտարի ավելացող հյուրանոցներն ու հյուրատները: Ներկայումս հանրապետությունում գործում են 325 հյուրանոցային տնտեսություններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031