Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երկրում հացի գնի եւ որակի վերաբերյալ խնդիրները լուծված չեն. «Երբ մենք գնում ենք հաց, մեզ թվում է՝ գնում ենք հաց, բայց մենք մինչեւ 30 տոկոսով օդ ենք գնում։ Սրա շնորհիվ մեր գրպանին են հարվածում, առողջությանը չեն վնասում»։
Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը բազմիցս դիմել է տարբեր պետական կառույցների՝ սննդի անվտանգության ծառայությանը, ՏՄՊՊՀ-ին. «Մենք անում ենք ստուգայցեր, մեկնում ենք կառույցներից մեկի հետ, սակայն պետք է, որ այս քայլերը պետական մարմինները իրականացնեն։ ՏՄՊՊՀ- ն փորձում է համոզել, որ ստուգայցեր կատարելը իրենց ֆունկցիան չէ, հիմնավորում են, իբրեւ թե հացի թխման ձեռնարկությունները շատ են եւ մրցակցություն չկա»։
Պրն Պողոսյանը, ասուլիսի ընթացքում անդրադառնալով հացի տեղափոխման խնդիրներին, նշեց, որ տեղափոխումը շատ անփույթ է կատարվում. «Փոշու տակ չի կարելի հացը տեղափոխել, հացը հատուկ մեքենաներով պետք է տեղափոխել»։
Բանախոսի պնդմամբ՝ փաթեթավորում նույնպես գրեթե գոյություն չունի, մինչդեռ պետք է ցելոֆանի կամ թղթի մեջ փաթեթավորել։
Կարդացեք նաև
«Նաեւ հացը պետք է ունենա գնապիտակ, որտեղ պետք է գրված լինի ձեռնարկության անունը, հացի գինը, քաշը։ Միայն սրանց առկայության դեպքում պետք է հացը վաճառել»,-հավելեց պրն Պողոսյանը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ