Aravot.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից, որն այսօր «Հայելի» ակումբում ներկայացնում էր զբոսաշրջության ոլորտում ունեցած հաջողությունները, հետաքրքրվեց, թե ե՞րբ են լուծվելու ճանապարհային նշանների, միջհամայնքային ճանապարհների ու զուգարանների խնդիրը, քանի որ ներգնա տուրիզմով զբաղվող տուրօպերատորները մշտապես հենց այդ հարցերն են բարձրացնում որպես տուրիզմի զարգացման խոչընդոտ:
Պարոն Ապրեսյանը համաձայնելով, որ նման խնդիրներ, իսկապես, կան նշեց, որ զուգարանների եւ ճանապարհների հարցերն աստիճանաբար լուծվում են: Վարչության պետի խոսքերով, նախորդ տարիների համեմատությամբ մարզերում զուգարանների խնդիրը որոշ չափով լուծվել է. «Դուք համեմատության մեջ նայեք»: Մեր այն հարցին էլ, թե զբոսաշրջիկին չես կարող ասել երեք տարի առաջ ավելի վատ էր, պարոն Ապրեսյանի պատասխանը` տեսանյութում
Մեխակ Ապրեսյանի տվյալներով, այս տարվա վեց ամիսների կտրվածքով , 495 հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 22 տոկոսով ավել է:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե գուցե մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնածներին է՞լ է էկոնոմիկայի նախարարությունը հաշվում որպես տուրիստ, քանի որ մեր խոպանչիները միանգամայն ընկնում են զբոսաշրջիկ սահմանման տակ` հաշվի առնելով, որ բնակվում են արտերկրում եւ որոշակի ժամանակով գալով հայրենիք գումար են ծախսում այստեղ, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ որոշ մեր հայրենակիցներ, իսկապես, ապրելով եւ աշխատելով դրսում համարվում են զբոսաշրջիկ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ