Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ողնաշարը

Օգոստոս 20,2014 10:29

Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար էներգիայի ամենահզոր աղբյուրը (թող վերամբարձ չհնչի) Հայաստանի հողն է, եւ երբ հնարավորություն կա՝ Երեւանի ասֆալտից եւ նեղ գրասենյակներից դուրս գալու եւ շփվելու այդ հողի հետ, քայլելու այդ հողի վրայով, առիթը բաց չեմ թողնում: Հողը եւ նրա մարդիկ ապրում են այլ հոգսերով, այլ ռիթմով, եւ երբ վերադառնում ես քաղաք, աչքի է զարնում այդ ռիթմերի եւ հոգսերի տարբերությունը, մասնավորապես՝ «համացանցային» եւ իրական կյանքի միջեւ ընկած անդունդը:

«Այստեղ» կան ինչ-որ «բազեներ» եւ ինչ-որ մարդիկ, որոնք այդ «բազեներին» հայհոյում են: Ինչ-որ մարդկանց մի խումբ ցանկանում է «թախտից գցել» մարդկանց մեկ այլ խմբի, վերջինս էլ ցանկանում է հավերժ նստել այդ թախտին: «Այնտեղ»՝ ժամանակին կթել կովերին, հետեւել, որ կենդանիները չհիվանդանան, ժամանակին տանել նրանց արածելու, ժամանակին հետ բերել, այնպես անել, որ նրանք երեկոյան չկորչեն, հավաքել որքան հնարավոր է շատ խոտ, այն բարձել «լաֆետներն» ու բեռնատարները եւ բերել գյուղ՝ հնարավորինս առանց «կորուստների» (դարուփոս ճանապարհին այդ խոտը անխուսափելիորեն թափվում է):

Այն մարդիկ, որոնց ես տեսել եմ այս վերջին օրերին, չեն բողոքում եւ չեն փնթփնթում, չեն սպասում, որ պետությունը նրանց համար «զավոդ» բացի, որ գնան աշխատեն, ոչ մեկից օգնություն կամ «բարեգործություն» չեն սպասում: Այդ մարդիկ հպարտ են, իմաստուն, զուրկ մանր նախանձից եւ ինքնաքայքայիչ չարությունից: Բնականաբար, այդպիսի մարդիկ կան Հայաստանի բոլոր բնակավայրերում, նաեւ՝ Երեւանում: Իհարկե, հասարակությանը պետք են նաեւ ըմբոստ հոգիներ, «պայքարող տեսակներ», վանկարկողներ, հայհոյողներ եւ այլն: Խոսքը այլ երեւույթի մասին է՝ այն մարդկանց մասին, որոնք կազմում են երկրի ողնաշարը:

Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների հիմքը կազմում են ոչ թե հոլիվուդյան աստղերը, ոչ էլ միլիոնատեր «ռեփերները» կամ բեյսբոլիստները: Այդ երկրի հիմքը խիստ, պուրիտանական բարքերով ապրող ֆերմերներն են, որոնք իրենց պապերից ժառանգել են հող մշակելու փեշակը եւ որոնք երեկոյան աշխատանքից հետո գալիս են տուն, սառնարանից հանում են գարեջուրը եւ հեռուստացույցով դիտում վերոհիշյալ «ռեփերներին» եւ բեյսբոլիստներին: Գերմանիայի հիմքը «բուրգերներն» են՝ բարեխիղճ, ճշտապահ, աշխատասեր մարդիկ, որոնք ապրում են փոքր քաղաքներում, մեգապոլիսներից դուրս:

Հայաստանում նույնպես երկրի կայուն զարգացումը պետք է ապահովեն հենց նման «խառնվածքի» մարդիկ: Պարզապես մեր երկրում նրանք չնչին փոքրամասնություն են կազմում: Հայտնի պատճառներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Էդ ձեր «հայտնի պատճառնռրը» ինձ հիշեցրեց,
    Если кто-то кое-где у нас порой
    Честно жить не хочет,
    Значит, снова нам идти в незримый бой,
    Так назначено судьбой для нас с тобой —
    Служба дни и ночи!
    Սովետական երգը..))).. Պատճառները ասեք, մի վախեցեք… տեսնենք ինչպես եք մտածում…)))..

  2. ՀՀ քաղաքացի says:

    Դրա համար էլ Հայաստանը ողնաշար չունի………………..

  3. david says:

    Ազնիվ աշխատավոր ,, բուրգերները,, ՀՀ ում քանի* օր կդիմանան:Պետական, չինովնիկական, նեղ խմբային մաֆիաներին ինչքան կդիմանան:Մարդուն առաջին ինֆարկտը չի* խփի, եթե անգլուխ պետության մեջ իր ջրաչափը տեղադրեն մի քանի փողոց վերևում փորված փոսում, իսկ խողովակը մի քանի բնակչի այգով հասնի իր տուն կամ հողամաս:Քանի մարդ և ինչքան երակ մտնողների կհանդիպի դա հարցի մի կողմն է:Ձմռանը որպես կանոն հաշվիչը կսառչի և կպայթի:Նորը պիտի գնի ինքը նույն անգլուխ պետության բութիզմի մեղքով: Առնելուց հետո էլ, դեռ պիտի ապացուցի, որ ինքը դիտավորյալ չի փչացրել:Տուժ մուժ կկապեն խեղճի վզին, քանի որ ապացուցել չի կարողանա, թե ջրմուղի ,,ջրի տղեն,, արեց, թե* ձմեռը:
    Վիրավորված մարդը շուտով կհանդիպի ազնիվ ջրի մարդուն, ով նրան լեվի ջրի առաջարկ կանի:Երկու ամիս այգին լավ կջրի, բայց մի օր նույն ջրի մարդու մատնչության շնորհիվ կգա նոր հսկիչը և…Մուծվիր, թե չէ դատարան ես գնում:Այսքանը դեռ ջրի մասով, մնացածը չեմ ասում, որ խեղճ բուրգերին ինֆարկտը վերջնականապես չտապալի:Չէ, հայից հեռու, հեռու, հեռու:Չստացվելու դեպքում, հայը գնա հեռու, հեռու, հեռու…
    Մարդկությունը մեղք է:

  4. Մարդ says:

    Իսկ ինձ համար էներգիայի աղբյուրը քաղաքի եռուզեռն է, մեծ քաղաքների. Դա լինի Երեվան, Մոսկվա , թե Փարիզ ու թե Բրյուսել,մեկ է. Դա ինձ մեծ դրական լիցք է հաղորդում կարող եմ ասել դա Երկրի սիրտն է. 1 ժամ քաղաքում պտտվելը լրիվ փոխում է տրամադրությունդ .Իմ կարծիքով Քաղաքում ծնված եվ մեծացած մարդը եթե գյուղում բարեկամներ չունի եվ չի ունեցել,դժվար թե հողի հետ լեզու գտնի եվ «նոստալժիկ» արտահայտվի գյուղի նկատմամբ. Իմիջայլոց , քաղաքի եվ գյուղերի տարբերությունը շատ քիչ է եվրոպական երկրներում. իսկ ֆերմերներն այլ բաներ ունեն մտածելու քան ժամանակին կովեր կթելը կամ դարուփոս ճանփաների մասին մտածելը.այդպիսի պրոբլեմներ նրանց մոտ դեռ անցած դարից գոյություն չունեն.

  5. Ceyran says:

    Պարոն Աբրահամյան,Ձեզ հետ լիովին համաձայն եմ՝երկրի ողնաշարը գյուղացին է,ով ստեղծում է այն ամենը,առանց որի Մարդ says-ը չեր կարող պտտվել քաղաքի եռուզեռում և փոխել իր տրամադրությունը:Ի միջիայլոց,հենց նրանք են ամենաշատը օգտվում գյուղացու ստեղծածից և հայտնի առակի խոզի նման չեն տեսնում այն կաղնի ծառը,որից կաղին են ստանում:Դե Davidn էլ իր հին երգն է երգում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031