Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարար. «Նրանց նպատակն էր, որ մենք մոբիլիզացիա հայտարարեինք» (Տեսանյութ)

Օգոստոս 20,2014 08:31

Հարաբերական հրադադարի հաստատումը միայն մեր զինվորների շնորհքն է:

«Նրանք ուզում էին, որ մենք հայտարարենք մոբիլիզացիա, իսկ եթե հայտարարեինք, մեր տնտեսությունը, մի քանի ամիս չէ՝ երեւի մի տարի հետ կընկներ: Փորձում էին գրոհային ավիացիան ուղղել մեր ուղղությամբ, շրջաթռիչքներ անել մեր առաջնագծում, փորձում էին հոգեպես ազդել մեր զինվորների, բանակի եւ հասարակության վրա: Բայց, դուք նույնպես այսօր ականատես եղաք, որ սա մեզ վրա որեւէ ազդեցություն չթողեց: Նրանք բերեցին իրենց ավիացիան, բայց երբ մեր ՀՕՊ ստորաբաժանումը կանգնեց, իրենց ավիացիան հետ քաշվեց: Տանկերը բերեցին, երբ մեր տանկային ստորաբաժանումները գնացին տանկային գծեր, նրանք էլի հետ քաշվեցին: Դա իրենց կողմից շանտաժ էր, այդ շանտաժը շատ կարճ տեւեց:  Իրենք ամսի 5-ից այն բոլոր ստորաբաժանումները, որ բերել էին առաջին գիծ՝ հետ են քաշել»,- հարցին, թե ի՞նչը ստիպեց Ադրբեջանին՝ սկսել, ապա ավարտել լայնածավալ հարձակումը՝ հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին, մի քանի պատճառների թվում նաեւ սա նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ երեկ երեկոյան Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ:

 

Մովսես Հակոբյանը չի կարծում, որ կրակոցների դադարը Սոչիում նախագահների հանդիպման արդյունքն էր. «Խաղաղությունը վերահաստատեցին մեր զինվորները: Օգոստոսի 5-ից հարաբերական խաղաղությունն արդեն հաստատվել էր, այնպես չի, որ վերեւից ցուցում է եղել»: Բայց մյուս կողմից նա ընդունեց, որ այդ հանդիպումն իր ազդեցությունը ունեցել է հետո այդ հարաբերական խաղաղությունը պահելու մեջ:

 

Նախարարը հպարտությամբ խոսեց Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը մեր տանկային խմբի հրաշալի արդյունքների մասին: «Ինձ համար նրանք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղ են գրավել: Երկրորդ տեղ գրեցին, բայց ես համարում եմ առաջին: Մեր տանկիստները մեզ հպարտանալու մեծ առիթ տվեցին: Եվ մենք մեր ցանկալի տանկը նվեր ստացանք, հուսով եմ՝ մոտ օրերս կհասնի տեղ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ստեփանակերտ

Լուսանկարում՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հաղթանակած տանկային բրիգադի հրամանատար Ժիրայր Պողոսյանի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031