Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված վիճակից՝ երեք շարունակություն

Օգոստոս 20,2014 14:45

Օգոստոսի 10-ից հետո, ԶԼՄ-ներով բավականին տարաբնույթ վերլուծություններ հրամցվեց ընթերցողին, Սոչիում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումների եւ դրանցից ակնկալվող արդյունքների ու դրանց հետեւանքների վերաբերյալ: Այդ պատճառով, անդրադարձ չենք կատարի դրանց եւ այստեղ կոնկրետ շեշտադրում կարվի հակամարտության այսօրվա վիճակի եւ դրա հնարավոր շարունակության՝ ելքերի վերլուծության վրա: Ստեղծված իրավիճակը պարզորոշ վկայում է, որ Սոչիի հանդիպումից հետո հակամարտությունը փոփոխություն չի կրել, այն համարյա նույն կերպ շարունակվում է: Իսկ սա խոսում է այն մասին, որ ինչպես եւ սպասվում էր, այդ հանդիպումն ավելի շատ ցուցադրական բնույթ էր կրում, քան միտված էր՝ վերադարձ հրադադարին, քանզի Ադրբեջանի նախագահը Սոչիի հանդիպումից առաջ՝ հրադադարի խախտման ժամանակ հրաշալիորեն տեղյակ էր, որ հրադադարի խախտումից հետո Ռուսաստանի նախագահը՝ ի ցույց աշխարհի, հրավիրելու էր իրեն եւ Սերժ Սարգսյանին ու առաջարկելու էր դադարեցնել կրակոցները եւ փորձել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով լուծել հրադադարի պահպանման հարցը, որին էլ իրենք բարձրաձայն՝ ի լուր աշխարհի արձագանքելու էին, որ իրենք էլ են համաձայն, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Սակայն, հենց այդ պահին՝ գոնե Ալիեւը համոզված էր, որ ամեն դեպքում, ինքը շարունակելու է կրակոցների գործընթացը: Այնպես որ, Ալիեւը պատրաստ էր այդ ֆարսին եւ հոժարակամ գնաց դրան, քանզի համոզված էր, որ Սոչիից հետո ինքն ամեն ինչ շարունակելու է նույն կերպ եւ իր խոստումը չպահպանելու համար, Պուտինի կողմից նույնիսկ թթու խոսքի չի արժանանալու: Կույրին անգամ տեսանելի էր այս ամենը, քանզի վերջին՝ մոտ 20 տարիների ընթացքում տարբեր ֆորմատի բազմաթիվ հանդիպումներ էին կայացել, որոնք դե ֆակտո եւ դե յուրե ոչ մի կոնկրետ արդյունք չէին տվել այդ հակամարտության հարցում: Այնպես որ, Սոչիում ոչ մի անակնկալ տեղի չունեցավ եւ չէր էլ կարող տեղի ունենալ: Իհարկե, այստեղ չենք խոսի այն մասին, թե նշված հանդիպման կազմակերպումով Պուտինն ինչ խնդիրներ էր լուծում եւ ինչ մեսիջներ էր փորձում հղել Արեւմուտքին:

Այժմ փորձենք տեսնել, թե ստեղծված վիճակից ինչ հնարավոր՝ հիմնական ելքեր կան: Առաջին՝ հավանական ելքն այն է, որ իրադարձությունները համարյա նույն կերպ կշարունակվեն: Եթե հենվենք Սերժ Սարգսյանի կողմից «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վրա, ապա որպես երկրորդ ելք կունենանք հետեւյալը. Հայաստանը կօգտագործի իր հրթիռային կոմպլեքսը, կտեղա ճակատագրական հարվածներ, կգրավի՝ ընդհուպ Բաքուն եւ մեկընդմիշտ վերջ կդնի այս 24-ամյա չարչրկված թնջուկին: Երրորդ եւ վերջին ելքը. Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ եւ մոտ ապագայում՝ նաեւ որպես Մաքսային միության անդամ, կխնդրի կամ կդիմի Ռուսաստանին, որպեսզի խաղաղապահ զորքեր տեղակայի հակամարտության գոտում եւ սաստի անհնազանդ Ադրբեջանին: Այս խնդրանքին, իհարկե, Ռուսաստանը հաճույքով կողմ կարտահայտվի՝ երկու առումով. նախ՝ այդ քայլով կզսպի միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայումը նշված գոտում, եւ երկրորդ՝ իր դիրքերն էլ ավելի կամրապնդի Հարավային Կովկասում, որի գերկարեւորությունը՝ հատկապես այս օրերին՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին, դժվար է գերագնահատել: Իհարկե, ըստ տարածված տեղեկատվության, նման մոտեցմանն արդեն իսկ դեմ են արտահայտվել Ղարաբաղի իշխանությունները եւ Ղարաբաղի ժողովուրդը, որը որոշակի խանգարիչ հանգամանք է Հայաստանի իշխանությունների համար, բայց անհրաժեշտության դեպքում, նրանց կհաջողվի հարթել այդ խութը:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ»
միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031