Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզադպրոցի տնօրենը լիազորությունները օգտագործել է ու անձնական խնդրի պատճառով աշխատակցին գործից ազատել

Օգոստոս 20,2014 14:15
femida

Մեր երկրում աշխատողի իրավունքները պաշտպանող հազար ու մի կառույցներ են գործում, սակայն, միեւնույն է, շարքային աշխատակիցը պաշտպանված չէ եւ վերադասի կամքով մեկ րոպեում կարող է զրկվել աշխատանքից: Այսօր դատարաններում մատների վրա կարելի է հաշվել վճիռներ, որոնք հօգուտ աշխատողի են լինում: Եթե, պատահաբար, դատարանը սովորական քաղաքացու օգտին է հարցը վճռում, ապա գործատուի գործուն միջամտությունից հետո, Վճռաբեկ դատարանում գործը բեկանվում է եւ հետ ուղարկվում: Հենց այդպիսի իրավիճակում է հայտնվել Արաբկիրի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակից, ութ տարի այդ կրթօջախում առանց որեւէ խախտման աշխատած Հռիփսիմե Վելիկյանը:

Գործատուն՝ մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատարը՝ Արթուր Պողոսյանը մեկ օրում Տիկին Հռիփսիմեին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել. աշխատակցին ներկայացնելով 3 չհիմնավորված պատճառաբանություն: Գործատուն նշել է, որ Հռիփսիմե Վելիկյանն այսինչ օրը իբր գործի չի ներկայացել, խմբի երեխաների տարիքային շեմը խախտել է, այսինքն՝ նախատեսվածից մեծ տարիքի երեխաներ է վերցրել եւ որ իբր երեխաներից գումարներ է պահանջել:

Սակայն դատարանում տիկին Հռիփսիմեն ապացուցել է, որ դպրոցի տնօրենն ուղղակի զրպարտել է եւ վճիռ է կայացվել, ըստ որի, որ նախ՝ պետք է փոխհատուցեն չաշխատած ժամանակի համար միջին աշխատավարձի չափով, իսկ մարզադպրոցին էլ տուգանել են 20 հազար դրամ: Դատարանը նաեւ վճռել է Հռիփսիմե Վելիկյանին վերականգնել մարզիչի աշխատանքում: Սակայն դատարանի վճիռն ի կատար ածելու փոխարեն, գործին է խառնվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը եւ դպրոցի նոր տնօրեն Հայկ Ավագյանի անունից որպես լիազոր անձ դատարանի վճիռը բողոքարկել է:

Օգոստոսի 14-ին Վերաքննիչ դատարանը միակողմանի դատ է անում եւ որոշում է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հօգուտ քաղաքացու, բեկանել եւ հետ ուղարկել: Տիկին Հռիփսիմեն վստահ է, որ այս անգամ դատարանը մարզադպրոցի օգտին որոշում կկայացնի, հակառակ դեպքում վճիռը չէր բեկանվի: Նա պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով Վերաքննիչի դատավորների կեցվածքից:

Ամենատարօրինակն այն է, որ տիկին Հռիփսիմեի՝ գործից զրկվելու պատճառը կապված է անձնական խնդիրների հետ: Տիկնոջ պատմելով, 2006 թվականին ամուսինը մահացել է եւ ամուսնու հորեղբոր որդին որոշել է նրա բնակարանը շատ մատչելի գնով ձեռք բերել, քանի որ հենց իր բնակարանի կողքին է եղել: Եվ քանի որ տիկին Հռիփսիմեն մերժել է տունը վաճառել ամուսնու եղբոր առաջարկած գնով, վերջինս սկսել է տիկնոջը հալածել՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Բացի այն, որ եղբոր տան անմիջապես հարեւանությամբ զարմիկը մեծ փոս է փորել՝ շինություն կառուցելու նպատակով՝ թուլացնելով տիկին Հռիփսիմեի տան հիմքերը, դեռ մի բան էլ շրջապատի միջոցով փորձել է տիկնոջ վրա ազդեցություն գործել:
Որ մարզադպրոցից իրեն հեռացնելը անմիջական կապ ունի այս պատմությունների հետ, տիկին Հռիփսիմեն չի կասկածում: Հռիփսիմե Վելիկյանի պատմելով մարզադպրոցում ժողովի ժամանակ, որին ներկա է եղել Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, բոլորի ներկայությամբ ասել է՝ ինչու ես տեքրոջդ նկատմամբ, այստեղ-այնտեղ բողոքներ ներկայացնում, հետո՝ ավելացրել, որ դպրոցի երեխաների ծնողներին կասի, որ բողոքներ գրեն ու աշխատանքից կազատեն:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ասելուց հետո տիկնոջ նկատողությունները հրապարակվում են, որից հետո ազատման դիմում են նրան դեմ տալիս: Ընդ որում, նույն ամիս ամսաթվով երկու տարբեր նկատողություններ է տրվում:

Մարզադպրոցի տնօրենը հաշվի չի առել, որ տիկին Հռիփսիմեն երկու անչափահաս երեխա ունի եւ 65 հազար դրամ աշխատավարձը ընտանիքը պահելու միակ եկամուտն է:
Տիկնոջից մինչեւ վերջ վրեժ լուծելու համար գործատուն աշխատանքային գրքույկում այնպես է ներկայացրել, որ տիկին Հռիփսիմեն որեւէ այլ տեղ աշխատանք չգտնի: Գրքույկում, առանց աշխատողի կարծիքը հաշվի առնելու, լրացրել են, որ նա աշխատանքից ազատվել է դեռեւս չապացուցված մեղադրանքների հիման վրա: Մինչդեռ հարցը դեռ դատարանում է, բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածն է խախտվել, այն է՝ աշխատանքից ազատվելու պատճառը պետք է գրվի աշխատողի համաձայնությամբ:
Տիկին Հռիփսիմեն աջակցության խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ նշելով, որ ոչ իր մեղքով դարձել է գործազուրկ եւ խնդրել է դրամական օգնություն, նամակն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջան, որտեղ նա բնակվում է, որտեղից պատասխանել են, որ կարող են օգնել ընդամենը 10 հազար դրամով:

Նշենք, որ մարզադպրոցի տնօրենը ոստիկանություն դիմում է ներկայացրել, թե իբր տիկին Հռիփսիմեն մարզադպրոցի սաներից ապօրինի գումարներ է վերցնում: Ոստիկանությունից զանգել են որոշ ծնողների հրավիրել Հռիփսիմե Վելիկյանի դեմ ցուցմունք գրել, սակայն ինչպես մեր զրուցակիցն է պատմում մի մասը հրաժարվել է, որոշներն էլ սպառնալիքի տակ են գրել:

«Մեկ տարուց ավելի է պայքարում եմ ոտնահարված իրավունքներիս դեմ, բայց ապարդյուն. ոչ աշխատանքս է վերականգնվում, ոչ էլ դատարանի ապացուցված վճիռն է գործում»- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Հռիփսիմեն:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031