Փաստաբան Մհեր Դավթյանը գողության մեղադրանքի վերաբերյալ կայացված դատավճիռը, սակայն, բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել կողոպուտի մեջ մեղադրվող Աշոտ Ժամագործյանի նկատմամբ:
Նույն անձի նկատմամբ, սակայն, մեկ այլ` գողության մեղադրանքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` նրան դատապարտելով ազատազրկման 5 տարի ժամանակով:
Համաձայն մեղադրական եզրակացության` Աշոտ Ժամագործյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հունիսի 14 -ին Գայանե Ալեքսանյանի պարանոցից պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան եւ կախազարդը ու դիմել փախուստի:
Կարդացեք նաև
Բացի այդ` Աշոտ Ժամագործյանը, Արտյոմ Եփրեմյանի հետ գողություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք է գործել Ռուզաննա Առաքելյանին պատկանող Վանաձոր քաղաքում գտնվող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափերի հասնող արժողությամբ առարկաներ:
Աշոտ Ժամագործյանի փաստաբան Մհեր Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կողոպուտի մասով դատարանը ճիշտ է գնահատել բոլոր ապացույցները` ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ տուժողի տարածական, անորոշ մեկնաբանությունները չէին կարող բավարար լինել անձին ճանաչելու, ինչ-որ անձի նույնացման համար:
«Դատարանը հիմք ընդունեց այն, որ ճանաչման ժամանակ խախտվել է ՀՀ քր. դատ. օր.-ի 221 հոդվածի 3-րդ եւ 6 -րդ մասերի պահանջները: 6-րդ մասը պահանջում է, որ ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող համարվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվող անձի նույնացման համար` սուր քիթը, ֆիզիկական կառուցվածքը, ընդհանուր արտաքինը, սափրված չլինելը, դրանք բոլորը մարդկանց ընդհանուր բնորոշ հատկանիշներ են եւ իրենց անորոշությամբ չեն կարող բավարար լինել ճանաչվող անձի նույնացման համար եւ վերաբերելիության առումով թույլատրելի չեն: Բացի այդ` 3-րդ մասի համաձայն` ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչվողին նույն սեռի եւ արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք անձանց հետ: Այս գործում տարիքային տարբերությունն ակնհայտ է եղել, ինչ վերաբերում է հագուստներին, ապա միայն իմ պաշտպանյալն է սեւ զամշե կոշիկներով, ինչպես տուժողը սկզբնական նկարագրած է եղել, մյուս անձանց հագին սեւ զամշե կոշիկ չի եղել: Ընդ որում` իմ պաշտպանյալի կոշիկների քուղերը հանված են եղել, եւ տուժողը հենց այդ հանգամանքից է ենթադրել, որ միայն առանց քուղերի սեւ զամշե կոշիկով անձը ձերբակալվածն է եւ դրանով մատնանշել է նրան: Բացի այդ` նա իր ցուցմունքում նշել էր, թե իրեն կողպտողին ճանաչել է սեւ ակնոցների տակից` հայացքից: Նույն ցուցմունքում նշել է` առհասարակ աչքերը չեմ տեսել: Եթե աչքերը չես տեսել, ապա ինչպես հայացքից ճանաչեցիր: Ճանաչման ժամանակ միայն իմ պաշտպանյալին են ակնոց տվել, որպեսզի տեսնեն` տուժողը կճանաչի՞, թե՞ ոչ: Դա էլ է օրենքի խախտում: Այս ամենը գնահատելով` դատարանը կողոպուտի վերաբերյալ կայացրեց արդարացման դատական ակտ»,- ասում է փաստաբան Մհեր Դավթյանը:
Գույքի գաղտնի հափշտակման մեղադրանքի մասով կայացված դատավճռի հետ, սակայն, փաստաբան Մհեր Դավթյանը համաձայն չէ:
Նա նկատում է, որ առկա ապացույցների սխալ գնահատման պայմաններում, չանհատականացված, չապացուցված ենթադրությունների հիման վրա իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
«Արարքը պետք է վերաորակվեր, ոչ թե կայացվեր մեղադրական դատավճիռ: Այս գործում առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Աշոտ Ժամագործյանը նախնական համաձայնությամբ գողություն կատարեց եւ մուտք գործեց բնակարան: Եթե Արտյոմ Եփրեմյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ մուտք է գործել բնակարան, ապա Ժամագործյանի վերաբերյալ նման ցուցմունք չի տվել, ավելին, նշել է, որ Ժամագործյանին չի ասել, որ գողություն կատարելու նպատակ ունի, խաբել է նրան, որ ծանոթի տուն է գնում եւ խնդրել է շքամուտքի առաջին հարկում սպասել իրեն: Նմանատիպ ցուցմունք է տվել նաեւ իմ պաշտպանյալը: Այսինքն` եթե չունես ապացույց, որ մարդը գողության կատարմանը մասնակցել է, ինչպես ես մեղադրանք առաջադրում»,- հարցնում է փաստաբանը:
Նա նշում է, որ վերոնշյալ անձինք դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ երբ շքամուտքի առաջին հարկում Եփրեմյանը կատարած գողության մասին հայտնել է Ժամագործյանին, վերջինս նրան նախատել է գողություն կատարելու համար, բայց ընկերոջ խնդրանքով վերցրել է գողոնի մի մասը, դրել գրպանը:
«Այս ամենը տեղի է ունենում շքամուտքի առաջին հարկում: Այստեղ գործ ունենք իմ պաշտպանյալի մասով չանհատականացված, չապացուցված ենթադրությունների հիման վրա կառուցված մեղադրանքի հետ: Անհրաժեշտ էր հստակեցնել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունը, անհատականացնել եւ իրավական գնահատականի ենթարկել: Անձի՝ հանցանք կատարելու մեջ մեղավորության մասին հետեւությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա, այլ պետք է հաստատվեն գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»,- ասում է փաստաբանը:
Նա տեղեկացնում է, որ գողության մեղադրանքի վերաբերյալ կայացված դատավճիռը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան:
«Առհասարակ դատարանի այս կազմը բազմիցս ապացուցել է, որ իրավամբ, իսկապես արդարադատություն են իրականացնում, արդյունքները մեր հասարակությունը տեսնում է, կոնկրետ դատարանի այս կազմը վեր է կանգնած այն արատավոր երեւույթից, որ կոչվում է մեղադրանք փրկել: Բայց խորը հիասթափություն ապրեցի տվյալ դեպքում գողության մեղադրանքի վերաբերյալ: Պաշտպանական կողմը կայացված դատական ակտը պետք է բողոքարկի»,- եզրափակում է նա:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ
19.08.2014