Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մնջախաղը սիրված է Հայաստանում»

Օգոստոս 20,2014 13:45

Նման եզրակացության են եկել Հայաստան այցելած
օտարերկրացի մնջախաղացները

Վերջերս Ծաղկաձորում չորրորդ անգամ անցկացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան): 2008-ից երկու տարին մեկ անցկացվող այս միջոցառման շնորհիվ հայ հանդիսատեսը ծանոթացավ 25 երկրների թատերախմբերի եւ անհատ կատարողների արվեստին, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, եվրոպական երկրներից, Իրանից, Վրաստանից եւ այլն:
Ժամանակակից մնջախաղի «հայրենիքը» Ֆրանսիան է, թեպետ եվրոպական մեկ- երկու երկրներ էլ՝ Լեհաստանը, Չեխիան, Գերմանիան ունեն մնջախաղի ինքնատիպ դպրոցներ:

mndjaxax

«Առավոտը» հանդիպեց այս փառատոնին առաջին անգամ Հայաստան այցելած Գերմանիայից «MMR» դուետի մնջախաղացներ Յան Ռոմբերգին, Էրիկ Վիլքոքսին, Ֆրանսիայից Վիլյամ Դոմանսկին (լուսանկարում) եւ նախորդ փառատոնից հայ հանդիսատեսին ոչ միայն ծանոթ, այլեւ ցանկալի հյուր, ճապոնացի Մակոտո Ինոուե Ինին:

Գերմանական թատերական դպրոցներում մնջախաղի ուսուցումը կազմակերպված ծրագրային բնույթ ունի, քան մնջախաղի հայրենիք համարվող Ֆրանսիայում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Վիլյամ Դոմանսկին նշեց, թե ինքը գլոբալ առումով ծանոթ չէ գերմանական մնջախաղի արվեստին, հետեւաբար ոչինչ չի կարող ասել: Ինչ վերաբերում է իր երկրում մնջախաղի անցուդարձին, ասաց. «Օրինակ, Փարիզում քայլելիս կհանդիպես միմերի. սա արդեն խոսուն փաստ է իմ երկրում էլիտար արվեստի այս տեսակի նկատմամբ սիրո ու վերաբերմունքի: Արվեստի դպրոցներում պարտադիր առարկա է համարվում մնջախաղի պատմությունը, էլ չասեմ, որ գործում է Մարսել Մարսոյի հանրահայտ դպրոցը, թատրոններ, անհատ կատարողներ եւ այլն»: Հարցին, թե ճանաչո՞ւմ է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի արտիստ Վահրամ Զարյանին, որ վերջին շրջանում ապրում ու ստեղծագործում է Փարիզում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հայ մնջախաղացին ծանոթ եմ TV-ից, նա ունի նաեւ թատերախումբ. երեւի այսքանը»:
Յան Ռոմբերգն ու Էրիկ Վիլքոքսը հաստատեցին, որ մնջախաղի ուսուցումն իրենց մոտ թեեւ բարձր մակարդակի վրա է, այդուհանդերձ, գերմանացի հանդիսատեսը հետաքրքրված չէ թատերարվեստի այս տեսակով: «Սա է պատճառը, որ մեզ ձգում է Լեհաստանը, մասնավորապես՝ Վրոցլավ քաղաքը, որը հայտնի է Հենրի Տոմաշեւսկու մնջախաղի թատրոնով»,- նշեց Յան Ռոմբերգը: Վիլքոքսն էլ, որը ամերիկացի է, հայտնեց, որ իրենց դուետը հաճախ է համագործակցում իր համերկրացի Ռիչմանդ Շեպարտի հետ. «Նրան հայ հանդիսատեսը ծանոթ է ծաղկաձորյան երկրորդ փառատոնից: Ափսոս, որ նման բարձրարվեստ մնջախաղացի դպրոցը վերջերս փակվել է՝ գումար չլինելու պատճառով: Բայց չմոռանանք, որ ժամանակին Մարսել Մարսոն էլ ստիպված էր փակել իր դպրոցը նույն պատճառով, չնայած Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը շուտ արժեւորեց աշխարհահռչակ իրենց միմի արվեստն ու վերաբացեց դպրոցը»: Գերմանացի մնջախաղացները հայտնեցին, որ ընթացիկ տարվա հունիսից հիմնել են իրենց դպրոցը, որտեղ սովորում է 11 սան Ռուսաստանից, Հոնկոնգից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Իտալիայից… Հետաքրքրությանը՝ մնջախաղով հետաքրքրված հայ երիտասարդները ինչպե՞ս կարող են ուսանել իրենց մոտ, Յան Ռոմբերգն ասաց, որ կարճ ճանապարհը Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն դիմելն է, եւ իրենք շատ ուրախ կլինեն հայ ուսանողներ ունենալու առիթով:

Մակոտո Ինոուե Ինը նշեց, որ ճապոնացիներն այդքան էլ տարված չեն մնջախաղով: Դրա պատճառը գուցե մնջախաղի չափազանց ավանդական լինելն է: «Աշխարհին հայտնի է ճապոնական «Կաբուկի» թատրոնը, որը շարունակում է «Կաբուկի» եւ «Նո» հնագույն թատրոնների ավանդույթները: Այն աշխատում է ամեն օր՝ առանց հանգստի եւ ունի իր մշտական հավատարիմ հանդիսատեսը»,- ասաց մնջախաղացը:

Մեր զրուցակիցները՝ Մակոտո Ինուե Ինը, Էրիկ Վիլքոքսն ու Յան Ռոմբերգը (2-րդ լուսանկարում), փառատոնից հետո եկել են եզրակացության, որ եթե այսքան հանդիսատես է գալիս ներկայացումներին, այն էլ՝ սիրով, ուրեմն մնջախաղը արվեստի սիրված տեսակ է Հայաստանում: Նրանք հատուկ շեշտեցին փառատոնի կազմակերպչական աշխատանքների բարձր մակարդակը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031