Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «ներքին կարիճները»

Օգոստոս 20,2014 12:15

Եթե շատ ես սպասում աղետներին, դրանք պատահում են

Հայաստանում հասարակական կարծիքի եւ ազգային տրամադրությունների ամենաճշգրիտ «ջերմաչափը» տաքսու վարորդներն են: Այդ մասնագիտության մարդիկ երբեք չեն ասի՝ «ի՛նչ լավ է, որ այս փողոցը ասֆալտապատում են», նրանք կասեն՝ «էլի էս փողոցները քարուքանդ են արել»: Տաքսիստը չի ուրախանա, որ, ասենք, Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել, նա կմեկնաբանի այսպես՝ «դե, իհարկե, Սերժը նրան փեշով փող ա տալի»: Եվ այլն: Բնականաբար, դա միայն վարորդների մոտեցումը չի՝ այդպես է մեր երկրում մտածում նաեւ «ուղեւորների» մեծամասնությունը:

Եվ ահա, վերջերս, վարորդներից մեկը համընդհանուր, ավելի ճիշտ՝ «ներազգային» ապոկալիպսիսի պատկերը սկսեց ներկայացնել հետեւյալ տեղեկատվությունից. «Բա իմացա՞ր, Հայաստանում կարիճների նոր տեսակ է հայտնաբերվել, էն օրը հեռուստացույցով են ասել՝ դրանց կծածը մահ է, դրանցից մենակ Հայաստանում կա»: Խիստ կասկածում եմ, իհարկե, որ այդ նոր կարիճները «բուծվել են» հենց մեր հանրապետությունում. կամ «հեռուստացույցն» է սխալ բացատրել, կամ էլ (որն ավելի հավանական է)՝ վարորդն է սխալ հասկացել:

Բայց տեսեք, թե զրուցակիցս այդ «փաստից» ընդհանրացումների ինչ մակարդակի է հասնում. «Ինչ ցավ կա, սաղ հայերին է կպնում, մեզ կարիճն էլ կկծի, օձն էլ կկծի, երկրաշարժ էլ կլինի, կռիվ էլ, վերջը՝ էս երկիրը մեկին կնվիրենք ու սաղս կթողենք-կեթանք»: Այսինքն՝ այն ենթադրությունից, որ կարիճները կարող են մահացու խայթել միայն մեզ՝ հայաստանցիներիս, նա սահուն անցում կատարեց դեպի հանընդհանուր աղետի սպասումը:

Հոգեբաններն ապացուցել են. եթե դուք չափից դուրս կենտրոնանում եք նման սպասումների վրա, ապա շատ մեծ է հավանականությունը, որ դրանք այս կամ այն ձեւով իրականություն կդառնան: Մոտավորապես նման բան է տեղի ունեցել Էդիպ թագավորի հետ, որը չափազանց մեծ ջանքեր էր գործադրում պատգամախոսի «պայծառատեսություններից» խուսափելու համար եւ հենց այդ պատճառով էլ ընկավ դրանց ծուղակը:

Ավելի կենցաղային օրինակ է բերում ամերիկացի հոգեբան Պաուլ Վացլավիկը: Մի տարեց կին բողոքում է, որ իր տան մոտ հոսող գետում երեխաները մերկ են լողանում՝ վիրավորելով իր զգացմունքները: Ոստիկանությունը պարտադրում է երեխաներին լողանալ բնակավայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Սակայն, կինը դարձյալ բողոքում է՝ ասելով, որ երբ բարձրանում է իր տան տանիքի վրա եւ զինվում է հեռադիտակով, նա դարձյալ կարող է տեսնել մերկ երեխաներին: Եթե ոստիկանները երեխաներին քշեին եւս երեք կիլոմետրով, ապա այն կինը, շատ հավանական է, կքայլեր այդ երեք կիլոմետրը եւ այնտեղ «կվիրավորեր» իր զգացմունքները: Եթե դու մտքիդ «դրել ես», որ հանգամանքների զոհ ես, ապա այդ «հանգամանքները» գտնելը տեխնիկայի հարց է:

…Ամեն օր, երբ գնում եմ աշխատանքի, ես վերելակով պետք է բարձրանամ 15-րդ հարկ: Երբեմն լինում է, որ երկու վերելակներն էլ հենց այն պահին, երբ ես սեղմում եմ կոճակները, փակվում են եւ նոր են սկսում իրենց ընթացքը դեպի 15-րդ հարկ՝ թողնելով ինձ առաջին հարկում: Այս դեպքում կա մտածողության երկու տեսակ: Մեկը՝ «հայաստանյան». «Վայ, իմ անբախտ, դե, ես հեչ բախտ չունեմ, էդպես էլ գիտեի, կանխատեսում էի: Ոչ մի անգամ չի եղել, որ ես այս վերելակներին մոտենամ, ու դրանք ինձնից չփախնեն: Բա դու տես, ոնց են Պողոսն եւ Կիրակոսը առոք-փառոք բարձրանում»: Վերջ, օրվա վատ տրամադրությունը եւ «ինքնախղճահարությունը» ապահովված են՝ գտնված է եւս մի ապացույց՝ իմ «անհաջողակ մարդ» լինելու տեսությունը հաստատող:

Կա նաեւ հակառակ՝ բանական մոտեցումը. «Այս անգամ ես վերելակ չմտա, բայց երբեմն պատահում է, որ դրան սպասում եմ երկու րոպե, երբեմն էլ լինում է, որ դրանք մոտենալուն պես բացվում են իմ առաջ: Իսկ այս անգամ ես ունեմ ընտրություն՝ կամ համբերել, մինչեւ վերելակներից մեկը գա, կամ՝ բարձրանալ ոտքով, ինչը շատ ավելի առողջարար է»:
Հայաստանյան կարիճ, կարծում եմ, իսկապես կա: Բայց դա մեզ ուտող մեր «ներքին կարիճն» է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Հայաստանի ներքին կարիճը ծնվել է, քանի որ ընդդիմությունը, թերթերը եւ ցանկացած մարդ, ով ցանկանում է անմահացնել իրեն տեսախցիկի առաջ – կանգնում ու ասում է, որ վաղը Հայաստանը չի լինելու:

    Բագրատյան, Փոստանջյան ու նման գործիչների ցանկացած ելույթ որ նայում ես, բացասական բառերը 80% են կազմում: Եթե ուզում ենք, որ հասարակ տաքսիստը սիրի իր երկիրը ու պայքարի իր իրավունքի համար, մենք բոլորս պետք է իրեն բացատրենք, որ ամեն ինչ կորած չէ, ՄԵՆՔ հիանալի երկիր ունենք, կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել: Իսկ մենք հասարակ ժողովրդին միայն հուսահատություն ենք պատմում: Հերիք չի Հայաստանի հուսահատ վիճակը, Աֆրիկայում պայթյուն է լինում, բերում կապում ենք դա մեր ազգային անվտանգության հետ ու շարունակական ահ ու սարսափ, տագնապ ու ցավ ենք փոխանցում մեր ժողովրդին: Եւ վերջում դագաղի կռիշկեն մեխելով ասում ենք – ՍԱ ՎԵՐՋՆ է պարոններ, ԴՈՒՔ չեք լինելու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031