Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկներին գրավում է հայկական խոհանոցը

Օգոստոս 19,2014 20:15

«Օտարերկրացիները հետաքրքրված են հայկական խոհանոցով և սիրով են փորձում մեր ուտեստները»,- ասում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Պարոն Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ազգային խոհանոցը նույնպես զբոսաշրջության զարգացման գործում կարևոր նշանակություն ունի, քանի որ զբոսաշրջիկներին հետաքրքրում է ոչ միայն աչքով տեսածը, այլև քիմքի արձանագրածը, որն ամենավերջինն է մոռացվում. «Հայկական ուտեստները փորձելիս անգամ իրենց յուրահատուկ խոհանոցով հայտնի ֆրանսիացի զբոսաշրջիկներն են զարմանում, թե ինչպես կարելի է, օրինակ, հավի միսն այդքան համեղ պատրաստել»,- ասում է Ս. Մամուլյանը:

Նրա խոսքով՝ թեև հայկական խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սակայն տուրիստական գործակալություններն անուշադրության են մատնում հայկական խոհանոցը. «Երբ զբոսաշրջիկին ճաշելու են տանում, պետք է նրա կողքին զբոսավար լինի, որպեսզի հյուրին ծանոթացնի հայկական խոհանոցի առանձնահատկություններին»,- ասում է Ս. Մամուլյանը:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ հատկապես վերջին տարիներին հայկական ավանդական ուտեստներն սկսել են արժևորվել, մինչդեռ մի քանի տարի առաջ վտանգ կար, որ դրանք կարող են մոռացության մատնվել. «Շատերը հասկացան, որ զբոսաշրջիկներին շատ է գրավում մեր խոհանոցը, և սկսեցին նորովի արժևորել մեր ուտեստները»,- ասում է Ս. Պողոսյանը: Նա գտնում է, որ 21-րդ դարում անհրաժեշտ է նոր շունչ տալ մեր ազգային խոհանոցին:

Ս. Մամուլյանն էլ հավելեց, որ բոլոր երկրների ազգային խոհանոցներն էլ իրենց հնագույն, մոռացված ուտեստներն այժմ նոր մշակմամբ ներկայացնում են հանրությանը. «Նույն ճանապարհով նաև մենք ենք գնում»,- նշեց բանախոսը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031