ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ դատավարության մի շարք մասնակից պաշտպանների բացակայության պատճառով:
Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ քրեական գործի շրջանակում մասնակցում է անհետաձգելի քննչական գործողության: Աշխատանքային այլ ծանրաբեռնվածություն ուներ նաև պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Դատական նիստին չէր ներկայացել նաև պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Ի դեպ, «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով դատական նիստին չէր ներկայացել նաև «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներկայացուցիչ Մանվել Շահվերդյանը, ով, սակայն, խնդրել էր դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Սույն գործով առաջին դատական նիստում փոփոխություններ տեղի ունեցան պաշտպանական կողմի կազմում. Միսակ Մարտիրոսյանը հրաժարվեց իր երեք պաշտպաններից երկուսի՝ Վարդան Զուռնաչյանի ու Սեդա Սաֆարյանի ծառայություններից: Ամբաստանյալի շահերը կպաշտպանի բացառապես փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Գործում ներգրավվեցին երկու նոր պաշտպաններ. ամբաստանյալ Արմեն Ավագյանը հրաժարվել է իր պաշտպան Արտավազդ Փարսադանյանի ծառայություններից և խնդրել իրեն հանրային պաշտպան տրամադրել, եւ դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը:
Որպես ամբաստանյալ Մերուժան Կյուրեղյանի պաշտպան՝ գործում ներգրավվեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Երկու պաշտպանները 20 աշխատանքային օր խնդրեցին 45 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 11-ը:
Լուսանկարում՝ Միսակ Մարտիրոսյանը
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում