Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի անդամ. «Այսօր ստորագրում եմ, որ ես 3 տարի հետո վճարելո՞ւ եմ, դա աբսուրդ է»

Օգոստոս 19,2014 18:38

Երեկվանից «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խմբում հարյուրավոր քաղաքացիներ ֆլեշմոբ են անում ու դիմում են գրում, որ չեն պատրաստվում իրենց աշխատավարձից ոչ մի լումա փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանին՝ ոչ հիմա, ոչ էլ առավել եւս 2017-ի հունիսից հետո: Պատճառն այն է, որ օգոստոսի 15-ին հրապարակվել է հատուկ դիմումի ձեւը, որով կարող են քաղաքացիները հրաժարվել նպատակային սոցիալական վճարից մինչեւ 2017-ը: Տրվել է 3 օր ժամանակ, եւ այդ ընթացքում հաշվապահները չեն էլ կարող հասցնել բոլոր հրաժարվողների դիմումներն ուղարկել: Ում դիմումը տեղ չհասնի, մեխանիկորեն կմտնի կուտակային համակարգի մեջ:

«Այդ դիմումի ձեւը, որ ներկայացրել են քաղաքացիներին, մենք հասկանում ենք, թե սա ինչի համար է արվում եւ դրան համաձայն չենք: Դրա համար էլ ֆլեշմոբ ենք անցկացնում: Իրենց  ծրագրի մեջ հենց այդպես է ֆիքսած, որ ես տեղյակ եմ եւ 2017-ից վճարելու  եմ: Ես ուղղակի զարմանում եմ, մի՞թե իրենք չեն նկատում, որ դա Սահմանադրությանը դեմ է: Ո՞նց կարող են մարդուն նման սահմանափակումների մեջ դնեն: Այսօր ստորագրում եմ, որ ես 3 տարի հետո վճարելո՞ւ եմ: Դա աբսուրդ է: Մեր շարժումն ընդվզում է դրա դեմ»,-  Aravot.am –ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանը:

Նրա խոսքերով՝ արդեն երկու օր է, թեժ գծերն անջատված են. «Այնպես են ուզում անել, որ ծրագիրն աշխատի: Կարծում եմ, որ համենայնդեպս, ինչ-որ մի բան ազդել է, մարդիկ այսօր անջատել են բոլոր թեժ գծերը: Ծրագրերը նորմալ չեն աշխատում, որ դիմում էլ գրեն հրաժարվողները: Պարզ է, ամբողջ Հայաստանը այսօր նստած հաշվետվություն եւ դիմում է գրում ուղարկում՝ 2 օրում: Բնականաբար, ծրագիրը կծանրաբեռնվի: Իրենք այնպիսի հզոր սերվերներ չունեն, որ կարողանան դիմակայել: Պրոբլեմներ պիտի լինեն»:

Մեր հարցին՝ խումբը ինչ քայլերի է դիմելու ֆլեշմոբից հետո՝ Շողեր Բաբայանը պատասխանեց, որ իրենց շարժումը քաղաքացիական է եւ միանձնյա որոշումներ չեն կայացվում, որ սպասեն, տեսնեն այդ անձը ինչ կորոշի: Դեռ պետք է քննարկեն անելիքները:

Շողեր Բաբայանն ասաց, որ եթե քաղաքացիները դիմում չգրեն՝ ծրագիրն ավտոմատ հաշվարկում է այդ քաղաքացիներին՝ որպես կուտակային համակարգի մասնակից. «Տարբերակ բացարձակ չկա՝ կամ գրում ես, որ 3 տարի հետո ծրագրի մեջ կամավոր մտնելու ես, կամ հիմա ես մտնելու: Երբ  օրենքն ընդունեցին, ո՞ւմ հարցրեցին՝ դու համաձա՞յն ես: Ինչի՞ են հիմա հարցնում»:

Շողեր Բաբայանը համոզված է, որ չպետք է թողնել պայքարը եւ սպասել մինչեւ 2017-ը, նոր ոտքի կանգնել. «Մինչեւ սեպտեմբերի 30-ը սահմանադրական դատարանը ժամանակ է տվել կառավարությանը, պետք է հետեւի, թե ինչքանով է փոխվել օրենքը: Այդ ժամանակ շատ բաներ կփոխվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031