Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլիկլինիկայի բժիշկն ի՞նչ է ստանում, որ 70 հազար դրամ էլ տա վերապատրաստվի»

Օգոստոս 19,2014 18:17

Aravot.am-ը մայրաքաղաքի որոշ պոլիկլինիկաների բուժաշխատողներից

դժգոհություններ է ստացել, որ վերադասները պարտադրում են մասնակցել վերապատրաստման դասընթացների` բուժաշխատողի հաշվին: Մալաթիայի պոլիկլինիկայի աշխատակիցների խոսքերով, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք նշում, պոլիկլինիկայի բժշկի դասընթացն արժե 70 հազար դրամ, իսկ բուժքրոջ սեմինարի վերապատրաստումը՝ 30 հազար դրամ: Ըստ բուժաշխատողների, պարտադիր դասընթացի վճարն իրենց մեկ կամ երկու ամսվա աշխատավարձն է կազմում:

Բժիշկներից մեկի խոսքերով, ինքը ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, որի մեջ մտնում են կանչերը, նորածիններին այցելությունները եւ այլն. «Ոչ ոք չի գա այսքան գումարով աշխատի, դրա համար էլ պոլիկլինիկաներից այդքան դժգոհություններ են լինում, ասում են՝ որակ չկա, որտեղի՞ց լինի, եթե այդքան չնչին գումարներով վազվզում ենք եւ մի հատ էլ պարտադրում են մեր հաշվին վերապատրաստվել: Պետությունը գոնե պետք է իր վրա վերցնի վերապատրաստման ծախսերը, թե չէ՝ պոլիկլինիկայի բժիշկն ի՞նչ է ստանում, որ մի հատ էլ 70 հազար դրամ տա վերապատրաստվի»:

Բժիշկների դժգոհություններին ի պատասխան՝ Aravot.am-ին առողջապահության նախարարությունից պարզաբանեցին. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պահանջների համաձայն, Հայաստանում յուրաքանչյուր բժիշկ հինգ տարվա ընթացքում պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում` յոթ շաբաթ տեւողությամբ: Վերապատրաստման համար վճարվող գումարի չափն օրենքով չի կարգավորվում: Այդ նպատակով, ըստ պայմանավորվածության, կարող է վճարել կամ տվյալ բժշկական կազմակերպության տնօրինությունը (տվյալ դեպքում պոլիկլինիկայի), կամ Երեւանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ են գործում մայրաքաղաքի պոլիկլինիկաները, կամ մեկ այլ դոնոր կազմակերպություն կամ ինքը` բժիշկը: Ներկայումս ՀՀ ազգային ժողովում է գտնվում օրենսդրական նախաձեռնություն՝ Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի ներդրման վերաբերյալ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. Ավագյան says:

    Երևանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտն իր ուսումնառության տարիներին վճարում է տարեկան 800000 դրամ 5 տարի բակալավրի, ապա նաև 3 տարի 500000 դրամ կլինիկական օրդինատուրայի համար մանկաբուժություն մասնագիտության համար: Սա կազմում է տարրական մաթեմաթիկական հաշվարկով 5500000 դրամ: Եթե հաշվի առնենք որ մանկաբուժը աշխատելով 27 տարեկանից մինչ իր թոշակի տարիքը՝ 67 տարեկանը, այսինքն 40 տարի, ամեն 5 տարին մեկ նաև վերապատրաստում է անցնում (ամեն մի վերապատրաստումն արժի 150000 դրամ), ստացվում է որ նա 8 անգամ վերապատրաստվելու համար նույնպես պետք է վճարի 8X 150000=1200000 դրամ: Այսինք առանց հաշվելու գրքերի, տետրերի և այլ հազարումի ծախսերը զուտ կրթական վճարները կազմում են 6700000 դրամ:
    Եթե սա լինի բանկից վերցված վարկ, ապա 40 տարում (իր աշխատած տարիների ընթացքում) այն մարելու համար, առանց բանկային տոկոսները հաշվի առնելու, անհրաժեշտ է որպեսզի ամեն տարի մանկաբույժը բանկին վճարի 6700000:40=167500 դրամ, կամ որ նույնն է ամսեկան 13959 դրամ:
    Հաշվի առնելով, որ բոլոր զարգացած երկրներում այս բանկային վճարը կազմում է սովորաբար աշխատավարձի մոտ 5 տոկոսը, ապա կստացվի որ աշխատավարձը պետք է կազմի մոտ 20 անգամ ավել ամսեկան այդ վճարից որը կազմում է 280000 դրամ:
    Այ սա պետք է լինի սովորական տեղամասային բժշկի կամ մանկաբուժի աշխատավարձ, որպեսզի բժշկական ինստիտուտի «արտադրած ապարանք» բժիշկն իր ինքնարժեքն ունենա, և համակարգն աշխատի: Ընդ որում, մի մոոացեք, որ մենք հաշվի չառանք ուսումնառության տարիների բազմաթիվ ծախսեր, բանկային տոկոսադրույքները, որոնք հաշվի առնելու դեպքում նշվածս գումարը կկրկնապատկվի:
    Բազմաթիվ ելույթներ եմ ունեցել թե հեռուստատեսությամբ և թե մամուլով, սակայն այսօրվա իշխանությունները հույսը դրել են զոռբայության, իրավաբանների օգնությամբ բժիշկներին վախեցնելով աշխատեցնելու վրա: Բժիշկներն էլ տեսնելով, որ այսօրվա իրենց աշխատավարձը նշածս թվի միայն 25-30 տոկոսն է կազմում, հասկանում են, որ իրենք անիմաստ են աշխատում ու ստիպված կամ մասնագիտությունն են փոխում կամ էլ հեռանում են երկրից, որ գոնե իրենց ծախսած գումարը հետ բերեն: Ամոթ ապուռ կորցրածներն էլ ամեն մի լկտի ճանապարհով փող են շորթում հիվանդ երեխայի ծնողներից (հիվանդ երեխայի՝ բա դրանից սարսափելի մարդ կա, սրանից ավելի գազանային բան կա՞): Փլուզվում է համակարգը: Դրա համար էլ այսօր շրջաններում մանկաբույժի հսկա պահանջ կա (ինչպես նաև շատ այլ բժիշկների), այն դեպքում երբ սովետական տարիներին ամեն մի մանկապարտեզի մի մանկաբույժ էր կցված:
    Սա է խնդիրների խնդիրը, ճիշտ տնտեսական չափորոշիչներով առաջնորդվելը, որի մասին խոսում ենք արդեն 20 տարի, բայց քանի որ իշխանությունները համառորեն չեն ուզում ռեալ նայել տնտեսական օրենքներին, դրա համար էլ Հայաստանի շրջանները բժշկաթափվում են, իսկ Առողջապահության փոխնախարարների, վարչության պետերի ու բժշկի վրա մատ թափ տվող մնացած չինովնիկների թիվը գնալով մեծանում է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031