Երեկվանից «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խմբում հարյուրավոր քաղաքացիներ ֆլեշմոբ են անում ու դիմում են գրում, որ չեն պատրաստվում իրենց աշխատավարձից ոչ մի լումա փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանին՝ ոչ հիմա, ոչ էլ առավել եւս 2017-ի հունիսից հետո:
Բանն այն է, որ օգոստոսի 15-ին հրապարակվել է հատուկ դիմումի ձեւը, որով կարող են քաղաքացիները հրաժարվել նպատակային սոցիալական վճարից մինչեւ 2017-ը: Տրվել է 3 օր ժամանակ, եւ այդ ընթացքում հաշվապահները չեն էլ կարող հասցնել բոլոր հրաժարվողների դիմումներն ուղարկել: Ում դիմումը տեղ չհասնի, մեխանիկորեն կմտնի կուտակային համակարգի մեջ:
Քաղաքացիներից մեկի դիմումի համաձայն՝ «Ես այսինչյանն եմ, ՀՀ քաղաքացի: Այս պահին գտնվում եմ երկրից դուրս, քանի որ արձակուրդում եմ, բայց հո վերադառնալու եմ: Ու այդ ժամանակ, ինչպես կասեր իմ ընկեր Վաղոն՝«առըըըը հաաա», թե ես կվճարեմ այդ՝ ձեր նպատակային սոցվճարը: Հույսներդ կորցրեք, թե՛ ներկայիս, թե՛ 2017 թ.-ի համար»:
Խմբում այս պահին առաջարկում են ֆլեշմոբից բացի բողոքի ակցիաներ անցկացնել, կառավարության կայքին այնքան նամակ գրել, որ կայքի աշխատանքը խաթարվի, կառավարության փոստն ամբողջությամբ իրենց դիմումներով լցնեն:
Aravot.am-ը նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ֆլեշմոբից եւ ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել՝ դրանից հետո:
Նա պատասխանեց. «Մեր ֆլեշմոբով ուզում ենք մարդկանց հասկացնել, թե ինչ է կատարվում իրականում: Մեր կառավարությունը փորձում է սրանով քաղաքացիներից համաձայնություն կորզել, որ 2017-ից հետո գումարները պահվելու են: Բայց այդ ստորագրությունը ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ այդ օրենքը հակասահմանադրական է, ոչ մի ուժ չի ունենալու: Այդ տեսակ մանիպուլյացիաներն իրականում բնորոշ են կիսագողական կառավարություններին, որ խոսք ես տվել, պետք է անես: Այսինքն, ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Ֆլեշմոբի նպատակն է այդ ամեն ինչը մարդկանց հասցնելը»:
Կարդացեք նաև
Սեւակ Ծատուրյանն ասաց, որ բնականաբար, ֆլեշմոբին կհաջորդեն բողոքի ակցիաները. «Դեռ վերջնական որոշում չկա, բայց քննարկում ենք, որ կառավարության մոտ ակցիա արվի, որպեսզի ցույց տանք, որ մենք ուշադիր ենք իրենց քայլերին: Այդ տեսակ մանր քայլերը, բնականաբար, չեն ընդունվելու մեր կողմից: Ինչպես գիտեք, բացի բողոքի ակցիաներից, ուրիշ ակցիաներ ենք սկսել, օրինակ՝ կինոդիտումը, որն անցյալ անգամ խնդիրների պատճառով տեղի չունեցավ: Կլինի նաեւ կինոդիտումը եւ արդեն այդ տեսակ ակցիաներ կլինեն, որի նպատակն է մարդկանց գիտակցության բարձրացումը: Դա կբերի ավելի հեշտ պայքար՝ նման օրենքների դեմ: Մեր պայքարը շարունակական է լինելու»:
Մեր հարցին՝ քանի որ կառավարությունն իր խաղի կանոներն է թելադրում մարդկանց, եթե որեւէ դիմում չգրեն, ավտոմատ կհաշվառվեն համակարգում, եթե գրեն, նշանակում է համաձայն են, որ 2017-ից մտնեն համակարգի մեջ, ի՞նչ անեն քաղաքացիները՝ Սեւակ Ծատուրյանը պատասխանեց. «Ըստ էության, այս պահին ընդունված օրենքով անկախ նրանից, որ դիմում գրել են, ավտոմատ լինելու են այդ օրենքի մեջ 2017-ից: Արդեն այնպիսի դիմում են սարքել, որ խոսք եք տվել, պետք է վճարեք: Այս նույն սկզբունքով վաղը մեզ պարտադրելու են, որ, օրինակ, պետք է ընտրեք ՀՀԿ-ականներին 2017-ին: Դա անիմաստ է եւ տրամաբանությունից զուրկ: Կառավարությունը փորձում է մարդկանց մեջ այդ պայքարը կոտրել, բայց մենք թույլ չենք տալու: Դա չի աշխատի իրենց մոտ»:
Մեր հարցին՝ ելքը ո՞րն է, ո՞ր դեպքում պայքարը արդյունք կտա, երբ հազարավոր մարդիկ դուրս գան փողո՞ց՝ Սեւակ Ծատուրյանը պատասխանեց. «Այո, երբ բոլորը դուրս գան, իմ կարծիքով, եթե տեր կանգնեն իրենց իրավունքներին, ասեն՝ ոչ: Քանակ է պետք, բնականաբար, 1000 հոգով այս հարցը չենք կարող լուծել: Դրա համար, որպես ռազմավարություն, ընտրել ենք մարդկանց գաղափարները հասցնելը՝ ֆիլմեր ցուցադրելով, քննարկումներ անելով: Համոզված եմ, որ այս կառավարությունը ապագայում էլ ուրիշ օրենքներ կբերի, որին մենք դեմ կլինենք: Դրանց դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար պետք է ոտքի կանգնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ