Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Գորգիսյանի այրին՝ Հայրիկյանին. «Գուցե իմ դստեր աչքերին նայեր, հետո՞ նման առաջարկ աներ» (ձայնագրություն)

Օգոստոս 19,2014 17:20

«Երբ բարի կամքի դրսևորում են ուզում ցուցաբերել, առաջարկն անում են այլ կերպ: Քանի որ ընտանիքի անդամներն են ամենացավոտը դա տանում, որպես երբեմնի բարեկամ՝ նա պարտավոր էր իր հավակնությունները, անձնական վիրավորանքները, որի պատճառն էլ չուներ, մի կողմ թողնել և գուցե իմ աղջկա աչքերին նայեր, հետո՞ նման առաջարկ աներ»,-Aravot.am-ի հարցին՝ նպատակահարմար համարո՞ւմ է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջարկը՝ Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից տեղափոխել Կոմիտասի անվան Պանթեոն,  այսպիսի կարծիք հայտնեց ազգային հերոսի այրին՝ Ռուզան Գորգիսյանը:

Նա նկատեց, թե կարելի էր և ավելի մեղմ անցում կատարել, գուցե նաև փոխհամաձայնությամբ, կամ համոզելով, ոչ «իրեն բնորոշ ձեռագրով դա աներ»:

Այնուհետև տիկին Գորգիսյանը նշեց, որ դա ամենևին էլ Հայրիկյանի առաջարկը չէ ու մանրամասնեց. «Ես սատանաների հետ կապված որևէ խնդրի մեջ առհասարակ չեմ մտնում: Նախ դա իր առաջարկը չէ, թող ինքն իր հարազատների համար մտածի: Կարելի էր կարծել ՝ՀՀ-ում շատ ավելի լուրջ հարցեր թողած շիրիմի տեղափոխության խնդիրն է ամենակարևորը: Նա իր ասուլիսում հայտարարել էր, որ Ծիծեռնակաբերդը պետք է կարգավորել: Այդ շիրիմներն այսինքն՝ անկարգությու՞ն են ստեղծելու»:

Ռուզան Գորգիսյանը նշեց, որ Մովսես Գորգիսյանի շիրիմն ինքը չի տարել Ծիծեռնակաբերդ և ինքը դեմ էր Ծիծեռնակաբերդում հուղարկավորությանը:Ruzanna-Gorgisyan

Այնուհետև շարունակեց. «Երկար տարիներ որոնումների մեջ եմ եղել, թե որտեղ պիտի տեղափոխեն Մովսեսին, պարզապես տեղափոխման այդ գաղափարն արդեն ամենածանր հոգեվիճակներն է ստեղծում: Այնպես որ, դա Հայրիկյանի նախաձեռնությունը չէ, ինչպես միշտ ինքն է ասում՝ առաջինը ես ասացի, առաջինն ինքը չի ասել: Ես այդ ուղղությամբ քայլեր արել եմ, բայց ոչ նրա համար, որ Հայրիկյանն է այդպես կամենում: Ինձ համար Հայրիկյանը որպես արժեք գոյություն չունի վաղուց ի վեր և նրա բոլոր առաջարկներին ես նայում եմ որպես հրեշի առաջարկներ և բնականաբար իր հրեշագործությունները պիտի շարունակեր Մովսեսի նկատմամբ ունեցած հալածանքով: Այն օրերին, երբ ՀՀ անկախությունը վտանգված է, թիվ մեկ խնդիրը Հայրիկյանը համարում է անկախության ջահակրի շիրիմի տեղափոխությունը»:

Ռուզան Գորգիսյանի պատմեց, որ ինքը 24 տարի տառապում է այդ շիրմատեղափոխությունից. «Ճարտարապետ Թարխանյանը որոշել էր, որ այդ պատը նախատեսված է հերոսների համար և այն Մովսեսով է արժանի սկսվելու: Մեր մեկուկես միլիոն ամոթի դիմաց վերջապես կա շիրիմ, որն ապացուցում է, որ մենք մորթվող ազգ չենք, այլ նաև պայքարում ենք մեր երկրի, մեր պետության համար»:

Ազգային հերոսի այրին սկզբունքորեն դեմ է, որ Մովսեսը Ծիծեռնակաբերդում է: Նա նշեց. «Երբ մարդ իր հարազատի շիրմին այցելում է, գնում է նրա հետ կիսվելու, խոսելու, կռվելու, այդ զգացողությունն այնտեղ ես երբեք չեմ ունենում: Այդ առումով ես՝ ինքս, մեր ընտանիքը, որոշում պիտի կայացնի ուր տանել Մովսեսի աճյունը և տանե՞լ, թե՝ ոչ»:

Մեր հարցին՝ արդեն կա՞ այդ որոշումը, տիկին Գորգիսյանը պատասխանեց. «Ոչ, բայց խոսակցություններ, մտորումներ, առաջարկներ կան: Եվ եթե Հայրիկյանն ինչ որ մեկին հաճոյանում է կամ այս փուլում ռուսաստանամետ իշխանությանը հաճոյանալու համար պիտի ազգային գործչի շիրիմ տեղափոխելով լուծի հաճոյանալու հարցը, թող տեղափոխի, եթե դա իր որոշելիքն է: Ի վերջո, ինքը չի տարել, որ ինքը որոշի ուր է տեղափոխվելու»:

Ռուզան Գորգիսյանը կարծում է, որ Պանթեոնում հանգչում են արվեստի մեծերը, ինչը ամենևին չի նշանակում, թե ինքը կարծում է, որ Մովսեսն արժանի չէ այնտեղ գնալուն. «Բայց ես կարծում եմ, որ Հայրիկյանը մի ձեռքով երկու ձմերուկ է ուզում բռնել. հակադրվել այլոց այնտեղ գտնվելու հանգամանքին Մովսեսի միջոցով, որին ես կտրուկ դեմ եմ, դա ամենանուրբ ասած անբարոյականությունն է: Այդ առաջարկը առաջարկ չէ, այլ ձեռնոց է: Նա այդպիսով փորձում է հաճոյանալ իշխանություններին, բայց նրանք իր կարիքը չունեն, քանի որ իշխանությունները մեր տան տեղն էլ գիտեն, մեր տեղն էլ գիտեն, պաշտոնական շատ շրջանակներում նաև իմ վերաբերմունքը գիտեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Ruzanna says:

    Վերջին պարբերության Եռաբլուրը բառը պետք է փոխարինել Կոմիտասի անվան Պանթեոնով:

  2. Պարոյր Հայրիկեան says:

    1987 թ, երբ ԱԻՄ՛ը նոր էր ստեղծւում, Մովսէսին հարցրի, թէ ինչու է դէմ, որ իր կինը՝ Ռուզանն էլ մասնակցի մեր գործերին։ «Չէ, ինքն այստեղ անելիք չունի, դու իրեն չես ճանաչում։ Ինքը կոմսոմոլկայ է»-կտրուկ առարկեց Մովսէսը Ռուզանի ներկայութեամբ։ Յետոյ իմացայ՜ որ իսկապէս «կոմսոմոլի ակտիվիստ» է եղել, բայց դա ինձ համար երբեւէ նշանակութիւն չի ունեցել։ Հիմա այդ կոմսոմոլիկն իր մէջ կրկին զարթնել է, ինքը «դեռ որոշում չունի՜ բայց տառապում է»։ Կեանքումս առաջին անգամ ցաւեցի, որ միւս կեանքում կին ու ամուսին չկայ, թէ չէ կհարցնէի՝ այնտեղ ինչպէս ես նայելու Մովսէսի աչքերին քո այսպիսի կեցուածքի համար,,,Չկայացած դերասանուհին երեւալու ասպարէզ գտաւ։ Ի՞նչ առաջինն ասելու մասին է խօսքը, ո՞վ է այդպիսի բան ասել։ Էնպէս է իրար անցել, կարծես խօսքը Մովսէսի մասին է եւ ոչ Մեծ եղեռնի 100 ամեակին ընդառաջ գնալու միջոցառումների։ Ուզում է՜ որ իր հետ բանակցեն, ինքը իր կարծիքն յայտնի։ Դէմ չէ՜ բայց կողմ էլ չէ։ Տեղդ իմացիր, տիկին Գորգիսեան, Դու միայն տիկին Գորգիսեան ես եւ փառք ու պատիւ քեզ որպէս լաւ կամ վատ տիկին՜ բայց իմ զինակից, իմ զինուոր Մովսէսի մասին խօսելիս՜ հարգիր նրա արժեքները՜ եթէ միայն գիտես, թէ ինչ բան է արժեքը Քեզնով կարող է այդ ազնուագոյն մարդու մասին պատկերացում կազմեն ու սխալուեն,,,

  3. Մուրադ Իսկաջյան says:

    «Անշարժ եղիցի + կնիք տէրունական ի վերայ գերեզմանի ծառայիս Աստծոյ, մինչեւ ի գալուստն Քրիստոսի, որ եկեալ միւս անգամ նորոգեսցէ փառօք ի փառս Հօր եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»:

  4. Ruzanna says:

    Գրում եմ նրանց համար, ովքեր տեղյակ չեն:

    Ի տարբերություն այլոց, որ երբեք չեն խոստովանել, թե որ երկրի գաղտնի գործակալությանն են ծառայում, ես երբեք չեմ թաքցրել, որ ժամանակին, որպես խորհրդային տարիների սերնդի ներկայացուցիչ, քաղաքական ակտիվությունս դրսևորել եմ կոմերիտմիության շարքերում:
    Բազմաթիվ անգամ պատմել եմ, որ 1980թ. ԲՈՒՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ ծանոթացել եմ Մովսեսի հետ: Երբ իմացա, որ նա ընդհատակյա կազմակերպության` Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) անդամ է, որի նպատակն էր Հայաստանի պետականության վերականգնումը, այո, ապշել եմ և հակառակվել: Մովսեսի հետ ունեցած զրույցների, նրա ավագ գաղափարակից ընկերների բանտարկությունների, աքսորների ու գնդակահարությունների մասին պատմությունների, վիճաբանությունների, առարկությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում, շատ չանցած, ես հավատացի, վստահեցի և ընդունելով նրա նվիրումն անկախության ու ազատության պայքարին, դարձա գաղափարակիցը, զինակիցն ու հավատարիմ ընկերը, իսկ 2 տարի անց մենք ամուսնացանք:
    ԱԻՄ-ին անդամագրվել եմ 1987թ.(այն ժամանակ մի տասնյակ էին): Հիշում եմ նույնիսկ անձնական քարտիս (անդամատոմսիս) համարը:
    Մեր բոլոր ԱԻՄ-ական ընկերները կհիշեն, որ ես եղել եմ ԱԻՄ-ի փոխնհախագահ, Շենգավիթ մասնաճյուղի նախագահ, Դիվանի անդամ, ԱԺ պատգամավորության ԱԻՄ-ի մեծամասնական ցուցակի 4-րդը:
    Այո, “տեղս իմացա “ ու 1995թ.հեռացա ԱԻՄ-ից, միայն ափսոսում եմ, որ տեղս շուտ չիմացա: Հարկ եմ համարում նշել, որ հեռացել եմ հայտարարությամբ (հեռանալուցս հետո հեռացվել եմ) և խնդրել Հայրիկյանին, որ գոնե որպես երբեմնի գաղափարակիցներ, պահպանենք միմյանց հանդեպ հարգանքը:
    Ես խոստացել էի լռել, բայց նա իրեն հատուկ բառապաշարից բաժին հանեց նաև ինձ: Ցավով եմ հիշում, թե ինչքան նվիրյալներ հեռացան ԱԻՄ-ից, միշտ էլ կարելի է ցեխ շպրտել հեռացող ընկերների հետևից և պիտակավորել:
    Հանգուցյալների անունից ինչ ուզես կարող ես խոսել, քանի որ նրանք այլևս չեն կարող հակառակվել:
    Մովսես Գորգիսյանը որևէ անհատի կամ որևէ կազմակերպության սեփականությունը չէ: Եվ ոչ էլ իմը: Եվ ոչ էլ որևէ մեկինը: Նա հայ ժողովրդինն է:
    Իմ կյանքում շատ բան չկայացավ (դերասանուհի դառնալը ամենափոքր բանն էր այդ ամենից), չկայացավ ամենքիս հայտնի շատ պարզ պատճառով: Ես չհասցրի անգամ ամուսնական կյանք վայելել, քանի որ 27 տարեկանից այրիացա:
    Ես մասնակիցն ու ունկնդիրն եմ եղել Մովսեսի ծրագրերի, անելիքների, վերլուծությունների, հուզումների, գնահատականների, հիասթափությունների, տառապանքի ու հալածանքների : Չեմ ուզում հիշողություններս բարձրաձայնել:
    Ի տարբերություն այլոց, ես երբեք չեմ ճգնել, որ ինձանով պատկերացում կազմեն Մովսեսի մասին, ես ներկայացրել եմ այն, ինչ եղել է:
    Ես սովորական մահկանացու եմ և արժանի չեմ սրբագործված հերոսին հանդիպելու, բայց վստահ եմ, որ այսօր էլ նա ինձանով հպարտանում է: Պարզապես, ես Մովսեսի ընտրյալն եմ:

  5. SVETLANA says:

    Որքան տարիներն անցնում են և որքան ավելի լավ եմ սկսում ճանաչել զեզ,Հայրիկյան,այնքան ավելի ափսոսանք եմ զգում և ամոթ,որ ժամանակին եղել եմ ձեր ստեղծած կուսակցության անդամը,որ հավատացել եմ դեզ…
    Դուք կուսակցության նախագահ եք եղել և՝է´ք ու սրանից ավել ոչ մի բան:Դուք չեք եղել առաջնորդ ու լինել չէիք էլ կարող,քանզի ձեզ նման մանրախնդիր,փոքրոգի և այսչափ չարությամբ լցված մեկը,առաջնորդ լինել չէր կարող…
    Առաջնորդը ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ էր,ձեր «զինվորը» ինչպես ասում եք,որին ոչ հասնել կարողացաք ձեր այս երկար կյանքում,ոչ արժանի կարողացաք լինել նրան,ոչ էլ եղաք նրան ու մյուսներին ղեկավար…
    Ձեր վերադարձով Մովսեսի ղեկավարած բարձր կազմակերպչականություն ու համբավ ունեցող ԱԻՄ-ը դարձավ խայտառակ ինտրիգների թատերաբեմ ու հավասարվեց զերոյի:
    Եղա՞վ գոնե մեկը հին ու ճանաչված ԱԻՄ-ականներից,որոնք այնքան նվիրված էին և´ կուսակցությանը,և´ գաղափարին,որոնց հետ դուք այսպիսի խառնակչություններ,կռիվ-դավի չստեղծեիք և մնային ձեր կողքին:Եղա՞վ գոնե մեկը ձեր գաղափարակիցներից,ում հետ հաշտ լինեիք,ով կարողանար ձեզանից առանց վիրավորանքների,առանց գզվռտոցների հեռանար…
    Մտածե՞լ եք երբևէ,թե ինչու՞ է այդպես:Թ՞ե դա էլ ձեր հիվանդագին երևակայությամբ կապում եք ԿԳԲ-ի ուրվականի հետ…
    Ա՞յս վիճակով, ա՞յս բնավորությամբ ու ա՞յս կարողությամբ պետք է ղեկավարեիք Հայաստանը նախագահ ընտրվելու դեպքում…
    ՈՒրեմն փառք Աստծո,որ ազգն ունեցավ գոնե այս հարցում այնքան աչալրջություն և գիտակցություն,որ մերժելով մերժեց ձեզ…
    Ազգի գիտակցության մեջ այսօր էլ գոյություն ունի 2 ԱԻՄ,որոնք երկու հակառակ բևեռներում են:Մարդիկ այսօր էլ երբ հիշում են նախկին ԱԻՄ-ը,ակնածնաք են զգում,վեհ մի բան և այդ նախկինը ասոցացվում է Մովսես Գորգիսյանի անվն հետ…
    Մովսեսից հետո եղաց ԱԻՄ-ի մասին հիշելիս ու խոսելից,,անպակաս է ծաղրն ու առհամարհանքը և սէլ ասոցացվում է ձե´ր անվան հետ…
    Մեկն եք,ում մոտ իսպառ բացակայում են ոչ միայն հայ տղամարդուն վայել ասպետությունը,այլև հայ մարդուն հատուկ տարրական հարգանքը,զոհված ընկերոջ ընտանիքի հանդպ:Բարոյակեսի անունը թելադրում էր ոչ թե որպես դրոշակ օգտագործել Մովսեսի անունը պատեհ առիթներին,այլ առաջին հերթին հարգել ազգային հերոսի ընտանիքի անդամներին և ինչու՞ չէ՝ նաև հոգալ միայնակ մնացած այրու հոսերը,անկախ ամեն ինչից:Սա է հայ մարդու,հայ ընկերոջ բարոյական կերպարը,ինչից այնքան հեռու եք դուք:
    Ձեզ վիրավորանք հասցնող ցանկացած ոգու պատրաստ եք ամենանողկալի ձևով պատասխաններ տալու,ոչնչացնելու,նույնիսկ բամբասանքի հասնող արտահայտություններ թույլ տալով ձեզ:Ի՞նչ է,չլինի՞ թե հաը բամբասչի կանանց զբաղմունքն էլ եք ուզում խլել և այդտեղ էլ առաջինը լինել…
    Դուք ո՞վ եք առհասարակ,որ ձեզ թույլ եք տելիս եզրակացություններ անելու այս ու այն կնոջ լավ ու վատ կին լինելու,տան տնտեսուհի լինելու մասին:Ձեր կյանքում դուք երբևիցէ եղե՞լ եք տան տղամարդ,նորմալ ամուսին ու հայր,որ իմանաք,թե ո՞րն է լավ կամ՝ վատ կինը…
    Այն տարիներին,երբ դուք արտասահմանում նստած սփյուռքահայերից հանգանակություն էիք ստնաում,այն սփյուռքահայերից,որոնց այսօր ձայնազուրկ եք ուզում դարձնել հայրենիքին վերաբերվող հարցերում,որոնց մասին այսօր առհամարհանքով եք խոսում,այդ նույն ժամանակ զոհվում էր ԱԻՄ-ի իրական ԱՌԱՋՆՈՐԴ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ,իսկ նրա «կոմսոմոլկա» այրին,ամուսնուն հուղարկավորելուց անմիջապես հետո եկավ միանալու նստացույց անող անկախականներին:Այդ «կոմսոմոլկան» ամուսնու աճյունի առաջ ազատության կոչ էր հղում միլիոնավորներին,իր օրինակով ներշնչելով ու վառ պահելով պայքարի ջահը,մի բան,ինչը շատերը չեն կարողանում մոռանալ արդեն 24 տարի:Մի բան,որին հավասար մեկ օրինակ չունեցաք դուք ձեր կյանքի ընթացքում…
    Թունավորում եք ԱԻՄ-ի,անկախության պայքարի հիմնասյունը հանդիսացած հերոսի ընտանիքի կյանքը և դա համարում հայ տղամարդուն,զոհվածի ընկերոջը,քաղաքական գործչին վայել բա՞ն…Նողկալի է ուղղակի…
    Տարիներ առաջ թուրքական թերթի էջերում հայ-թուրքական բարեկամության,ցաղասպանությունը «անցանկալի դեպքեր» համարող Հայրիկյանը հանկարծ այսօր դարձել է այնքան ազգային խնդիրներով տառապող մարդ,որ խանգարող հանգամանք է համարում անգամ ցեղասպանության զոհերի հուշարձանի հարևանությամբ գտնվող երեք նահատակների գերեզմանները:Ասեք խնդրեմ…
    Լավ կլիներ,100-ամյակին ընդառաջ ոչ թե կռիվ տայիք այդ շիրիմների համար,այդպես աղմուկ բ’րացնելով և այդ գնով ուշադրություն հրավիրելով ձեզ վրա,այլ աշխատեիք,ջանայիք որևէ հայանպաստ գործ կատարել կապված ցեղասպանության ճանաչման խնդրի հետ:Դա կլիներ այս պահին բարոյական և արդարացի…
    Հետաքրքիր է,ինչպե՞ս է լինում,որ բոլոր ցնդաբանված,անբարոյական մտքերը ձեր ուղեղում են առաջանում,ավելի ու ավելի խայտառակելով ձեզ հասարակության աչքում…
    Ձեր բարձր երազանքների չիրականացման ցավի՞ց եք լցվել այսչափ չարությամբ,թե՞ այլևս քաղաքական դիակ լինելու սեփական գիտակցումից ելնելով նույնիսկ այսպիսի ու այսքան անբարոյական մեթոդներով եք ուզում միշտ ուշադրության կենտրոնում լինել:
    Անդունդի հատակին հասած մեր երկրում այդ ի՞նչն է այդքան բարեկարգ,որ մնացել էր այդ «անբարեկարգ» երևացող շիրիմների հարցը լուծել:Կույր եք դևանում,աչք եք փակել ու ականջ խլացրել ահավոր խնդիրների առաջ,հարկ եղած դեպքում անգամ ձեռք-ձեռքի եք տալիս ազգակործանիչների հետ,բյց «քաջաբար» ելել եք անպաշտպան մնացած Գորգիսյան ընտանիքի դեմ,իբր առաջնային խնդիր լուծելու…
    Մնում է հիշեցնել,որ Գորգիսյանի մասունքները, անգամ ամենահետին գյուղական խուլ գերեզմանոցում ամփոփելը նույնիսկ,ոչ ծիծեռնակաբերդի բարձունքին տեղ կբացի «սիմվոլիդ» համար,ոչ էլ կնսեմացնի ՄՈՎՍԵՍԻ հիշատակը,քանզի հակառակ ձեր հանդե ունեցած հայ ժողովրդի նողկանքին,Մովսես Գորգիսյանի անունն արդեն իսկ գրվել է հայոց պատմության էջերում ոսկե տառերով…
    ՍԱՆՁԵԼ Է ՈՒԶՈՒՄ ՀՈՂՄԵՐԻՆ, ԱՅՍ ՈՂՈՐՄԵԼԻՆ…

  6. Գաբրիել says:

    Շատ լավ է, հաջորդը…

  7. Aida Vardanyan says:

    Ոնց չեք ամաչում տիկին Ռուզաննա, ես հաստատ համոզուած եմ, որ Մովսեսը այսօր ողջ լիներ կամաչեր ձեր փոխարեն, որ նման աղջիկ եք դաստիարակել: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, դուք շատ լաւ գիտեք, որ դա պետք է արուի, դրա մեջ ոչ մի սրբապղծութիւն չկա: Արամ Մանուկեանի դին երեք անգամ տեղափոխուել է, եւ էլի սխալ տեղում է գտնւում, այսինքն նոյնպես պետք է տեղափոխուի իրեն վայել ,պատուաւոր տեղ: Հիմայ ինչու՟ եք այսպես իրար խառնուել…Դուք ինքներդ ձեզ հակասում եք, համաձայն լինելով գերեզմանի տեղափոխմանը դուք շահարկում եք այդ հարցը, միայն այն բանի համար, որ ցեխ շպրտեք Հայրիկեանի վրա:

  8. Milena says:

    Aida Vardanyan
    Դուք ինրպես չեք ամաչում նման մարդու զավակին, որ իր կյանքն է զոհել մեզ համար, դաստիարակոիթյանը վիրավորել: Ինչքան չարացած եք: Ամեն ծնող կերազեր նման կիրթ, հայրենասեր, դաստիարակված զավակ ունենար: Մարդկանց զրպարտելուց առաջ լավ մտածեք, մեղք է: Իսկ Մովսեսի շիրիմի տեղափոխման հարցում ոչ մեկ Ձեր կարծիքը չէր հարցրել, որ որոչեցիք հայտնել:

  9. Anahit says:

    Աիդա Վարդանյան, Դուք բարոյական իրավունք չունեք այդպես խոսել մի մարդու մասին, ով արժանի է միմիայն մեծագույն հարգանքի և հայ կնոջ լավագույն օրինակ է: Անձամբ ճանաչում եմ Գորգիսյան ընտանիքին և հպարտ եմ նրանցով: Կուզեի, որ իմ աղջիկը և նաև հայ աղջիկները գոնե մի քիչ նմանվեին Գոհարին: Վստահ եմ, որ Մովսես Գորգիսյանն էլ հպարտ էր և կհպարտանար իր ընտանիքով: Իսկ ու՞ր էիք, երբ սրբապիղծ Ռաֆիկ Համբարձումյանը վարկաբեկում էր մեր ազգային հերոս Մովսես Գորգիսյանին: Ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չփորձեցիք տալ Ձեր գնահատականը: Իսկ աճյունի տեղափոխության հարցը մի դարձրեք իբր Ձեր հայրենասերության դրսևորում: Հույս ունեմ, որ կընդունեք Ձեր սխալը և ներողություն կխնդրեք Գորգիսյան ընտանիքից:

  10. Aida Vardanyan says:

    Միլենա եւ Անահիտ ասեմ, որ չեմ պատրաստւում ոչ մեկից ներողութիւն խնդրելու: Իսկ Ձեր կարծիքով Ռուզանը եւ նրա աղջիկը բարոյական իրաւունք ունեն վիրաւորելու, զրպարտելու Պարոյր Հայրիեկանի պես մեծութեանը? Ես ասել եմ ճշմարտութիւնը: Ես վստահ եմ, որ Մովսեսը տեսնելով իր ընտանիքի պահուծքը հաստատ չէր հպարտանայ, նոյնիսկ աւելին կամաչեր իր ընտանիքի պահուածքից: Բացարձակ չարացած չեմ, Մովսեսը իր կյանքը զոհել է մեր ազգի համար, մեր համար,եղել է Պարոյր Հայրիկեանի զինակիցը եւ զինուորը, իսկ նրա ընտանիքի անդամները ցեխ են շպրտում այդ մարդու վրա:Իմ կարծիքով այստեղ Մովսեսը կապ չունի, քանի որ ինքը չի դաստիարակել այդ աղջկան: Ի՟նչ կապ ունի, թե նա ում դուստրն է, եթե նա իրեն սխալ է պահում, աւելին նա ձեր իսկ խոսքերով ասած ոչ մի բարոյական իրաւունք չունի այդպիսի մեծութեան մասին նման կերպ արտահայտուելու: Իսկ Ռաֆիկ Համբարձումեանին իմ գնահատականը տուել եմ, նոյն ջանասիրութեամբ: Բնականաբար բացասական արտահայտուելով ….

  11. Aida Vardanyan says:

    https://www.youtube.com/watch?v=pgwuLrDseBg
    Սա էլ ձեզ ապացոյց , թե ինչպես էր վերաբերւում Մովսեսը Հայրիկեանին: Իսկ նրա ընտանիքը այսօր դեմ է գնում Մովսեսին, Մովսեսի գաղափարներին….

  12. Anahit says:

    Աիդա Վարդանյան, ներում հայցելը մեծահոգություն է: Այդպես վստահությամբ ընդամենը Ձեր կարծիքը որպես ճշմարտություն եք ներկացնում և Մովսես Գորգիսյանին Մովսեսով դիմում ու նրա փոխարեն դատողություններ անում, կարծես Ձեր զինվորն է եղել: Յուրաքանչյուր ոք մեծության իր չափանիշն ունի և բոլորովին էլ պարտադիր չէ, որ Ձեր մեծությունը մյուսների համար էլ այդպիսին լինի:
    Ի դեպ, Ձեր գնահատականը, որ տվել էիք նույն ջանասիրությամբ Ռաֆիկ Համբարձումյանին, այդպես էլ չտեսա որևէ տեղ:

    Իսկ ինչ վերաբերվում է Գոհարին, նա հիանալի անձնավորություն է, իր մեջ կրում է Մովսես մեծության գեները, իր հայրիկի արժանի զավակն է: Սա անհերքելի փաստ է: խնդրում եմ նրա մասին կարծիքներ մի արտահայտեք, անձանբ նրան չճանաչելով:

  13. Aida Vardanyan says:

    Մովսեսը ինձ համար հերոս է, մեծ մարդ է, եւ մեր ազգի զաւակն է: Ես նրան միշտ շատ հարգել ու սիրել եմ: Ռաֆիկին ինչ գրել եմ իմ էջում է, կարող եք մտնել նայել: Ես պարտաւոր չեմ ձեզ զեկուցելու, եւ թաքցնելու ոչինչ չունեմ: Ներում հայցելը մեծահոգութիւն է այո, բայց երբ դու սխալ ես, ես ներում հայցում եմ, երբ սխալ եմ լինում: Իսկ այս դեպքում ես ոչ մի սխալ բան չեմ ասել: Աստծո առաջ խիղջս մաքուր է: Իսկ Գոհարիկը միգուցէ ձեր համար լավ մարդ է, բայց ինքը իրեն այնպիսի արտահայտութիւն է թոյլ տուել, որ ես ուղղակի ապշած եմ: Ոնց կարող էր Մովսեսի աղջիկը նման բան ասեր, էն էլ ում Հայրիկեանին: Կապ չունի թե տուեալ մարդը ում աղջիկն է, նորից եմ ասում, եթե մարդը սխալ ուղղու վրա է:

  14. Anahit says:

    Աիդա Ներսիսյան, Դուք ծնվել եք 1979թ-ին և Մովսես Գորգիսյանին արդեն 2-րդ անգամ է Մովսեսով եք դիմում:Ձեր էջը ողողված է Պարույր Հայրիկյանով, ուստի անիմաստ է շարունակելը:

  15. Aida Vardanyan says:

    Նախ Ներսեսեան չէ, այլ Վարդանեան, եւ հետոյ դուք չէ որ ինձ պետք է սովորեցնեք թե ում ոնց դիմեմ: Իսկ էջս ինձ է պատկանում, եւ ողողվուած է Պարույր Հայրիկեանով, միակ ճիշտ քաղաքական գործիչով, այն մարդով ով ձեր նմանների համար պայքարել է, պայքարել է ձեր ազատութեան համար, ազատ խոսքի իրաւունքի, որ դուք այսօր ունեք այդ իրավունքը ազատ խոսքի պարտական եք Պարույր Հայրիեկանին, եւ շատ ու շատ բաներում: Այլեւս ինձ չգրեք, վերջապես ես իմ խոսքը ձեզ չէի ուղղել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031