«Ազատամարտիկները ծանր վիճակի մեջ են»,- այսօր` օգոստոսի 19-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը:
Նրա խոսքերով` գերագույն գլխավոր հրամանատարը փոխարենը լուծի իր մարտական ընկերների հարցը, հայտարարում է, որ նրանք նվնվում են.
«Այդ մենք ենք նվնվո՞ւմ, երբ որ իրենց աշխատավարձերն են դրել մի քանի անգամ բարձրացրել, իսկ մերն ընդամենը 5000 դրամով են բարձրացրել, ինչքա~ն էլ ծանր պայման լինի, մենք չենք նվնվում»:
Պարոն Եղիազարյանը խոստովանեց, որ 5000 դրամ պարգեւավճար ստանալուց իր մոտ ցանկություն էր առաջացել այն ուղարկել նախագահին: Նա նշեց, որ իրենց խոստացել էին 40 տոկոսով բարձրացնել իրենց կենսաթոշակը, սակայն հունվար ամսին այդպես էլ չբարձրացրին.
«Եվ ո՞րն է բարոյական կողմը: Անցած տարի խոստացան` չբարձրացրեցին, Վոլոդյային ձերբակալեցին, որպեսզի այս հարցը լռեցնեն, ո՞րն է սրա բարոյական կողմը, թո’ղ պատասխանեն այս հարցին: Ինչո՞ւ իրենցը բարձրացնում են 2.5, 3 անգամ, շատ մեղք են հա՞ ապրում, իրենք բարձրացնելու կարիքն ունեի՞ն»:
Նա հայտարարեց, որ իրենք միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքը, սակայն նրանք հրաժարվում են համագործակցել իշխանությունների հետ, մինչեւ նրանք կլուծեն ազատամարտիկների խնդիրները: Անդրադառնալով սահմանում հայկական բանակի գրանցած հաջողություններին` նա նշեց, որ չէր էլ կասկածում, քանի որ սահմանում կանգնած զինվորներն իրենց հետնորդներն են.
«Ամենադժվար պահին մենք պատրաստ ենք ոչ թե նրանց կողքին կանգնելու, այլ նրանց առջեւ` առաջին գծում, որպեսզի մեր երեխաների եւ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ