«Սա 74-րդ ցեղասպանությունն է Իրաքի հյուսիսային հատվածներում եզդիների նկատմամբ»,- այսօր` օգոստոսի 19-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Ըստ նրա` այս ամենի նպատակն է, որպեսզի Իրաքի տարածքում եզդիները չապրեն, քանի որ նրանք արեւապաշտ են: Նա նշեց, որ եզդիների մայրաքաղաք համարվող Սինջարում մեկ ամիս առաջ քրդերի ղեկավարը եզդի ընտանիքներից սկսեց զենքեր հավաքել, իսկ օգոստոսի 2-ին սկսեցին հարձակումներ գործել եզդիաբնակ համայնքների վրա.
«Այսօր ինձ հաղորդել են, որ Սինջարում երեկվա վիճակով մենք ունենք 1500 զինյալներ, որոնք կռվում են այդ բարբարոս քրդերի դեմ, որոնք ուզում են եզդիներին ֆիզիկապես վերացնել: Եզդիները թողել են իրենց բնակավայրերը` 70 գյուղեր եւ թողել-փախել են սարերը, մի մասը կարողացել է փրկվել, իսկ մյուս մասին ֆիզիկապես կոտորել են: Երեք օր առաջ 81 կնոջ հանել են գյուղից, բոլորի հետ կենակցել են եւ բոլորին գնդակահարել են»:
Եզդիների շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ եզդի ազգը դարձել է մի քանի մարդկանց շահի զոհը, այս ամենը կազմակերպված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանի կողմից.
«Ինչպե՞ս կարելի է մի ազգի բնաջնջել միայն հավատքի համար, եզդի լինելու համար: Իհարկե’, աշխարհի պատմության մեջ դեպքեր եղել են, ցեղասպանություն արվել է հայ ժողովրդի նկատմամբ, քրիստոնյա լինելու համար, ցեղասպանություն կատարվել է հրեաների նկատմամբ, եւ այս դարի սկզբին եզդի ազգը դարձավ նույն դահիճի, նույն մարդասպանի ձեռքի գործը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ