Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Պետրոսյանի՝ առևանգման վարկածի մասին. «Անկեղծ ասած, դա քիչ հավանական եմ համարում»

Օգոստոս 19,2014 15:45

«Նախ կուզենայի հիմնավորումներ տեսնել հարուցված քրեական գործի, որի հիման վրա նման վարկած է առաջ քաշվում: Անկեղծ ասած դա քիչ հավանական եմ համարում»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք հավանական համարո՞ւմ է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ, ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալների վրա առաջ քաշված այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ առևանգումից հետո մի շատ գեղեցիկ բեմադրություն պիտի տրվեր ադրբեջանցիների կողմից, թե ինչպես է Կարենը գնում այդ գյուղը, նրան տանում են հյուրասիրության՝ գարեջրով, ծխախոտով, հետո քաղաքացիական շորերը հանում ու զինվորական շորեր են հագցնում:

Պարոն Իշխանյանը հավանական է համարում, որ այդ տղան մոլորվել է, եթե այլ դրդապատճառներ չեն եղել ադրբեջանական տարածքում, և դա ողբերգական ավարտ է ունեցել:

Նա հավելեց. «Սա մեծ ողբերգություն է, և այդ հարցը պետք է բոլոր միջազգային ատյաններում բարձրացվի: Ուշացումով, բայց սթափեցնող դեր կատարի նաև մեզ համար, քանի որ նույն կերպ կարող էին ադրբեջանցի դիվերսանտներ հայտնվել Հայաստանում: Սա շատ անհանգստացնող փաստ է մեր սահմանների անվտանգության հետ կապված»:
Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեից որպես առևանգման վարկածը հիմնավորող փաստ բերում են հետևյալը. «Պետրոսյանը վառելափայտի հետևից էր գնացել ավանակով, իսկ ավանակը հայտնաբերվել է մեր տարածքում, որտեղից արդեն հետքերը կորչում են, և այնպիսի տպավորություն է, որ նա առևանգվել է մեր, հայկական տարածքից»:
Այս առիթով պարոն Իշխանյանը նկատեց. «Ամեն դեպքում դա ինձ չի համոզում: Կարող էր ինչ-ինչ պատճառներով Կարեն Պետրոսյանը մոլորվել, իսկ իր ավանակը ետ գար այդ ճանապարհով: Ինձ քիչ հավանական է այդ վարկածը թվում: Եթե չլիներ գյուղի տեսարանը, գուցե և հավատայի այդ վարկածին և ավելի վստահելի համարեի հենց այս վարկածը»:
Մեր հարցին, իսկ գյուղի տեսարանները ներկայացնող տեսանյութե՞րը որքանով են արժանահավատ, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ադրբեջանական կողմը ո՞նց է ներկայացնում, որ քաղաքացիական հագուստով մարդը հետո հանկարծ հայտնվում է զինվորական հագուստով: Հետո ընթացքում իրենց սցենարը փոխե՞լ են: Եթե Կարենը քաղաքացիական հագուստով հայտնված լիներ գյուղում, և տեսնեինք, թե ինչպես են տանում հարցաքննության ու խոշտանգում, այդ վարկածը հավանական կհամարեի: Ուրեմն ընթացքում իրենց ռազմավարությունը փոխե՞լ են, այդքան միամի՞տ են եղել, դա է հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031