Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ

Օգոստոս 19,2014 15:33

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։
ՀՀ ԱԺ նախագահի եւ խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ էր։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան և հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։

9 1 2. 4 6
Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին նաև, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են և լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, եւ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։

Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու և հակառակորդին հակահարված հասցնելու։
Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, և անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշեց ՀՀ ԱԺ նախագահը:
Այնուհետև ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա գտնվեցին մեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշեցին, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարևելյան դարպասները պաշտպանելու գործում և բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։

Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին և սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշեցին, որ չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին՝ քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի և բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։

Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ։

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը եւ պատգամավորները եղան նաև սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում և դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցեցին իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, և ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությանը և Տավուշի մարզ կատարած այցին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն արժանի հարված կստանա Հայոց բանակի մարտիկների կողմից, և քաղաքական բոլոր ուժերը կմիավորվեն հայրենիքի պաշտպանության շուրջ ու արժանի հակահարված կտան հակառակորդին։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայ ժողովուրդը ձեռք է բերել միավորվելու հատկանիշ, և քաղաքական ուժերն էլ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում միշտ միավորվել են և կշարունակեն այդպես: Ըստ պատգամավորների՝ դժվարագույն պայմաններում ժողովուրդը և քաղաքական ուժերը համախմբվում են և արտաքին թշնամուն միշտ կարողանում են հակահարված տալ:

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին սահմանամերձ Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց Մեղրի և հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաև Տավուշի պատմամշակութային թանգարան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031