Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը և միության անդամները սահմանային լարվածության օրերին սահմանապահ զորամասեր կատարած այցելություններից շատ տպավորված են:
«Մենք գնացել էինք ոգևորելու մեր զինվորներին, ինքներս ոգևորված վերադարձանք, որովհետև ես ինքս հիմա ավելի առողջ կառույց, քան մեր բանակն է, չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց Ա. Ափինյանը:
«Մենք գնացել էինք տեսնելու սահմանը, ծանոթանալու մեր զինվորների վիճակին: Եվ այն, ինչ տեսանք սահմանում, այնքան մեծ տպավորություն գործեց մեզ վրա, որ մեկ տարի կբավարարի,- ասում է Ա. Ափինյանը,- մենք տեսանք առյուծի սիրտ ունեցող երիտասարդ զինվորների, որոնց մասին հրամանատարները զարմանալի բաներ էին պատմում: Օրինակ՝ թե ինչպես են վիրավոր զինվորին ստիպելով, ոտքերից քաշելով հանել խրամատից, որովհետև նա չի ենթարկվել հրամանին ու չի համաձայնել լքել դիրքերը: 18-ամյա վիրավոր զինվորը չի ուզում վայր դնել իր զենքը, հասկանո՞ւմ եք: Մենք պետք է հպարտ լինենք, որովհետև անասելի կորով ունեցող ժողովուրդ ենք, և աշխարհի թերևս ամենազարմանալի ազգն ենք»:
Պարոն Ափինյանն այս այցի ընթացքում նկատել է, սակայն, որ մեծ անջրպետ կա մեր և բանակի կյանքի միջև, և գտնում է, որ մեր կյանքն էական վերափոխումների կարիք ունի. «Ես նկատեցի մի բան, որի մասին խոսում էին նաև հրամանատարներն ու զինվորները. դժգոհությունները համատարած էին այն ամենի հանդեպ, ինչ ցուցադրվում է այսօր հեռուստատեսությամբ կամ գրվում է որոշ կայքերում»,- ասում է Երևանի գրողների միության նախագահը:
Կարդացեք նաև
Ա. Ափինյանը, մասնավորապես, վրդովված է, որ, վերադառնալով Երևան, Ֆեյսբուքում այսպիսի «բանաստեղծություն» է կարդացել. «Չեմ ուզում հայ լինել, չեմ ուզում վայ լինել». «Ու զգացի, թե տարբերությունը որքան մեծ է, որքան ենք մենք ճղճիմացել մայրաքաղաքում, և որքան առողջ ու ուժեղ են մեր երեխաներն այնտեղ՝ սահմանում՝ թշնամու դիպուկահարների առջև կանգնած»,- ասում է պարոն Ափինյանը:
Նա նաև նշեց, որ մոտ 140 հատոր գիրք են նվիրել այն զորամասերին, որոնցում եղել են. «Մենք զինվորին պիտի լավ գրականություն տանք»,- ասաց Ա. Ափինյանը և հավելեց, որ շատ կցանկանար, որ բոլոր գրողներն այցելեին զորամասեր. «Որ իմանան՝ ինչի մասին և ինչպես գրեն,- բացատրում է նա:- Ես կարծում եմ՝ չի կարելի գրել «Չեմ ուզում հայ լինել, չեմ ուզում վայ լինել»: Ուղղակի ամոթ է, որ այսպիսի բարձիթողի վիճակ է մեր հոգու մեջ: Մենք չենք մտածում՝ ինչ ենք խոսում, չենք մտածում՝ կարդացողն ինչ կմտածի»:
ԵԳՄ նախագահը բոլորին է հորդորում լինել զինվորի կողքին նաև ֆիզիկապես. «Նրանք շատ են ուրախանում, երբ այցելում են իրենց. օգնության մասին չէ խոսքը. հավատացեք՝ զինվորը դրա կարիքը չունի, նա սիրո ու գուրգուրանքի կարիք ունի: Ես կուզենամ, որ մեր պատգամավորներն էլ հաճախակի լինեն բանակում, բայց ոչ թե պաշտոնական այն այցերով, որ երբեմն անում են, այլ ուղղակի գնան, շփվեն զինվորների հետ»:
Ա. Ափինյանը պնդում է, որ նյութական ապահովության խնդիր չունի բանակը. «Մենք զինվորների հետ իրենց ճաշից էլ ենք կերել: Մեր գրողները նույնիսկ ասում են, որ իրենք այդպես չեն սնվում համենայն դեպս Երևանում: Միակ խնդիրը, որ ես տեսնում եմ բանակում, ռազմատեխնիկան է: Կուզենայի, որ մեր բանակն ավելի լավ զինվեր, բայց դա, անշուշտ, ժամանակի հարց է: Այլ խնդիր ես չեմ տեսնում»,- ասում է Ա. Ափինյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նախ չի կարելի խմբավորումներ ստեղծել, գրողների միությունը վեց մասի բաժանել, հետո չի կարելի թեկուզ լավ բանը ցուցադրել ի տես բոլորի: Հիմա ով ինչ անի պետք է բոլորին ասի? Մի քիչ համեստություն է պետք: Հետո ոչ մեկը իրավունք չունի մյուսին ասել, թե ոնց գրես: Մի պրիմիտիվ տող եք մեյդան հանել ու ասում եք ու ասում: Դուք եթե նոր եք գնացել, շատերն ավելի շուտ են գնացել: Հաջորդ հարցը. շատերն էլ ակսեն ձեր թմբկահարած բանաստեղծները հիմնականում ապաշնորհ են, քանի որ ում չեն ընդունում Հայաստանի գրողների միություն, վրդովված գալիս են ձեզ ոտ, դուք եք ընդունում և մյուս թևին չեք ընդունում: Այդպես չի կարելի: Մեր բանակն էլ ուժեղ է, դա նորություն չի, որ նոր հայտնաբերել եք: