«Կարծում եմ լավ ուշացած քայլ է, քանի որ սահմանամերձ գոտուց այնքան մարդ հեռացավ: Եթե դա 10-15 տարի առաջ արվեր, միգուցե այդ մեխանիզմը կգործեր, մարդկանց կամրապնդեր, ինչ-որ հույս կտար»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք տեղի՞ն և ժամանակի՞ն որոշում էր սահմանամերձ շրջաններում հարկային արտոնությունների տրամադրման և բնակիչների կոմունալ վճարների մասին փաթեթի ներկայացումը՝ խորհրդարանական վեց խմբակցությունների կողմից, այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:
Ինչպես տեղեկացրել էինք,առաջիկայում խորհրդարանական վեց խմբակցությունների անունից օրենսդրական փոփոխությունների համատեղ փաթեթ կներկայացվի ՀՀ կառավարությանը, որը ներառելու է առաջարկներ այն մասին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի սահմանամերձ շրջաններում գործարարներին հարկային արտոնություններ տրամադրվեն, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդներն արագ փոխհատուցվեն, բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչվեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ այսօր տեղեկացրել է, որ ԱԺ-ում պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Շարունակելով պարոն Պողոսյանը նշեց. «Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, բայց այս դեպքում շատ ուշացած որոշում է, այն էլ դեռ չեն ընդունել, նոր պետք է մտցնեն խորհրդարան, ու հայտնի չէ, թե ինչպես կլուծի խորհրդարանը»:
Մեր դիտարկմանը, թե պարտադիր պետք է սահմանային դիվերսիանե՞ր լինեին, հետո՞ մեր խորհրդարանականները հիշեին սահմանամերձ գոտու խնդիրները, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Սահմանի այն շփման եզրն է, որտեղ միշտ էլ հնարավոր է լարվածություն, հրաձգություն: Անպայման պետք է սպասեին, որ գան, կրակեն գյուղերի վրա, այդ շենքերը քանդեին, նո՞ր այդ որոշումը կայացնեին: Ուշացած որոշում է, չնայած էլի կարելի է, թող ուշ լինի, բայց լինի: Հիմա ավելի կտրուկ քայլերի էր պետք գնալ: Սա պետք է լիներ, դրան գումարած նաև վարչական շատ կոնկրետ քայլեր՝ շինարարություններ, ներմուծումներ պիտի արվեին: Այդ գյուղերում կան դպրոցներ, որ բարվոք չեն, բուժկետեր, որոնք չեն գործում, ճանապարհները լավ չեն, ավտոբուսային հաղորդակցությունը թույլ է, չկա, միայն թեթևակի օրենսդրական փաթեթով հարկերը հանելով չէ: Դա առաջին մոտեցումն է, արդեն երկրորդ, երրորդ մոտեցման քայլեր պիտի լինեն՝ շինարարություն, բարեկարգում, ջրատարները պետք վերանորոգել: Դա լավ կլիներ արվեր 1998-2005 թվականին, հիմա մի քիչ ավելին է պետք է անել»:
Կարդացեք նաև
Ըստ Գևորգ Պողոսյանի՝ ոչ միայն խնդիրը տեղի բնակիչներին ամրապնդելն է, այլև վերաբնակեցման հարցերը լուծելը: Պարոն Պողոսյանը եզրափակեց. «Դա գաղտնիք չէ, կառավարությունը որ ուզենա, իրենք էլ գիտի, թե ինչ է պետք սահմանամերձ գյուղերի բնակչությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ