Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ոստիկանությունը դատապարտված է սիրել և պաշտել Պուտինին». Լևոն Բարսեղյան

Օգոստոս 19,2014 15:05

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մեր երկիր կատարած այցի ժամանակ, ընդդեմ «Հայաստանի անկախության զիջման ու զավթման» զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել մայրաքաղաքում, որին մասնակցել էր նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: ՀՀ ոստիկանությունը, գտնելով, որ Լևոն Բարսեղյանը «ագրեսիվ» պահվածք է ցուցաբերել ու մյուս միտինգավորների հետ չի կատարել ոստիկանության օրինական պահանջը. փողոց է փակել, դիմել էր դատարան`պահանջելով նրան ենթարկել 50 հազար դրամ վարչական տուգանքի:

Այսօր Շիրակի մարզի վարչական դատարանում, դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ շարունակվելու էր «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի դեմ ներկայացված հայցի քննությունը, սակայն հերթական անգամ ոստիկանության ներկայացուցիչը չէր ժամանել Գյումրի, որի պատճառով էլ դատական նիստը նորից հետաձգվեց:

Aravot.am-ը պարոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞րն է դատական նիստերը մշտապես ձգձգելու պատճառը` մի՞թե մեր երկրում արդեն վերջ են դրել պուտինապաշտությանը ու փոշմանել են իրեն դատի տալու համար:

Ի պատասխան մեր հարցի Լևոն Բարսեղյանը ծիծաղելով պատասխանեց. «Դրանով չի պայմանավորված, որովհետև Սերժ Սարգսյանի ոստիկանությունը դատապարտված է սիրել և պաշտել Պուտինին, անհնարին է, որ իրենք վերանայեն իրենց դիրքորոշումը: Ինձ թվում է, որ ոստիկանությունը իր ռեսուրսները լավ չի հաշվարկել, օրինակ`դեկտեմբերի 2-ի 118 ձերբակալությունից հետո 50-ից ավելի դատական գործեր են հարուցել իրենց հայցերով, մարդկային ռեսուրսը չի բավականացնում մարդավարի գնան դատարաններում տեր լինեն…Պատկերացրեք ես ինչ-որ մեկին դատի եմ տալիս, բայց չեմ կարողանում գնալ դատական նիստերին, ոչ էլ ներկայացուցիչ ուղարկել, իհարկե անլուրջ վերաբերմունքի մասին է խոսում սա. մեկ անգամ չէր եկել իրենց ներկայացուցիչը, մեկ անգամ ուշացել էր դատական նիստից, զանգել էր, թե 5 րոպե կուշանամ, դրանից հետո դատը ընդմիջվեց, 20 րոպե էր` դեռ չկար էդ կինը: Էս մեկն էլ պատշաճ ծանուցվել է, ես էլ եմ ծանուցագիր ստացել, ինքն էլ էր ծանուցագիր ստացել մի ամիս առաջ, այսօր դատարանից իմացանք, որ ոստիկանության ներկայացուցիչը արձակուրդի մեջ է, և գալ չի կարողանա:

Ոստիկանությունը ուրիշ ներկայացուցիչ փաստորեն չի կարողանում ուղարկել այդ իր առաջ քաշած դատական գործերում: Հասկանալի է, որ գործերի մեծ մասը Երևանում են, և մեկն է, որ Երևանից դուրս է, ոստիկանությունը լիազորել է երկու հոգու` Երևան քաղաքի վարչության ավագ իրավախորհրդատու, ոստիկանության մայոր Դիանա Վարդանյանին և Կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանին: Այս երկու կանայք չեն կարողանում հասցնել սպասարկել այն 50 դատական գործերը քաղաքացիների դեմ, գործերն էլ ինչ գործեր են, մարդիկ օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից, դուրս են եկել, իրենց դժգոհությունն են արտահայտել սերժիկ-տամոժնիկի դեմ, էս մարդկանց բռնել-տարել են ոստիկանություն»:
Մեր այն հարցին էլ, թե ոստիկանությունը ձեզ թողնում է հավերժ ամբաստանյալի կարգավիճակո՞ւմ, Լևոն Բարսեղյանը դարձյալ ծիծաղելով պատասխանեց. «Հավերժ ամբաստանյալ չէ, որովհետև գործը քրեական չէ, զանցառուի կարգավիճակում, բայց հավերժ չեն կարողանա թողնել, մենք էլ դատական հայց ենք ներկայացնում ոստիկանության դեմ` պահանջելով ճանաչել մեր սահմանադրական իրավունքի, հավաքների և խոսքի ազատության իրավունքի ոտնահարումը»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ մի այդպիսի դատական գործ ինքը` Արտակ Զեյնալյանի իրավական խորհրդատվությամբ, հաղթել է ոստիկանության դեմ, երբ 2011 թվականին սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանի մոտից իրեն և ևս մեկ հոգու բռնել ու տարել են ոստիկանություն, դատի են տվել, բայց դատարանը գտել է, որ ոստիկանությունը խախտել է իրենց սահմանադրական իրավունքը:

Լևոն Բարսեղյանը նշեց, որ ինքը ծախսերի փոխհատուցում է պահանջելու ոստիկանությունից, քանի որ ոստիկանությունը իրեն պարապուրդի է մատնում, դատական նիստերի օրերին ինքը աշխատանքի չի գնում, իսկ այս ամենի համար ոստիկանությունը պատասխան պիտի տա:

Լևոն Բարսեղյանը մեկ անգամ ևս շեշտում է, որ իրենք փողոց չեն փակել, այլ ընդհակառակը դա արել է ոստիկանությունը` իր կամիր բերետավորներով, հրեշտակներով, որպեսզի դադարեցնի իրենց երթը և իրենց առևանգել-տարել են ոստիկանություն, կան համապատասխան լուսանկարներ, տեսաձայնագրություններ:

Ոստիկանության ներկայացուցչը, ըստ պարոն Բարսեղյանի, դատարանում բացարձակ սուտ է խոսում, սակայն պիտի կարողանա ապացուցել իրենց ասած «հիմարությունները», եթե չկարողացավ, ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ոստիկանության վրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031