Այս պահին հրդեհը շարժվում դեպի Լաչինի արոտներ, ճիշտ է կրակն այնպես ուժեղ չէ, ինչպես Գորիսի Խնածախ գյուղի դաշտերում, բայց կրկին գյուղացիներին վնասներ կպատճառի, քանի որ այրվում են արոտները:
Aravot.am-ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Կարո Թավադյանն ասաց, որ դեռեւս հաշվարկներ չկան, թե ժամեր տեւած հրդեհը որքան նյութական վնասներ է հասցրել, բայց ասաց, որ գյուղացիների արոտավայրերն են տուժել, որոնք այս պահին էլ անասնակեր էին գյուղի նախիրի համար: Գյուղապետի ներկայացմամբ, տուժած դաշտերի մի մասը խնածախցիների սեփականությունն է, մի մասն էլ` համայնքին պատկանող վարելահողեր:
Կարո Թավադյանի միակ մխիթարանքն այն է, որ հունձն ու խոտհարքն ավարտված էին: Գյուղապետի հաշվարկներով մոտ 200 հեկտար հողատարածք է կրակի բաժին դարձել:
Վնասների մասին Սյունիքի մարզպետարանում էլ դեռ հաշվարկներ չունեն, քանի որ մարզի համար պատասխանատուները դեռ հրդեհված դաշտերի տարածք չեն այցելել եւ վնասները չեն հաշվել:
Կարդացեք նաև
Հրդեհի իրական պատճառը Խնածախի գյուղապետին դեռ հայտնի չէ, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը եկել է Բերձորի (Լաչին) տարածքից. քանի որ մի գյուղացի որոշել է իր արտը հրդեհելու միջոցով մաքրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Ալվարդ Մեսրոպյանի