Լրահոս
Օրվա լրահոսը

Նանջինգում մեր գլխավոր ճակատամարտերը դեռ առջեւում են

Օգոստոս 19,2014 12:22

Նանջինգում մեկնարկած 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի 14 ներկայացուցիչներից երեկվա դրությամբ պայքարի մեջ մտել էին 3-ը:

Սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը բազմամարտում ազատ վարժություններից եւ հենացատկից հետո 3-րդն էր, օղակներում՝ 4-րդը, նժույգաթափերում՝ 17-րդը: Սակայն մեջքը ցավեցնելու պատճառով Վիգենը չի մասնակցել զուգափայտերին եւ պտտաձողին, ինչի պատճառով, չնայած գերազանց մրցելույթներին, ինչպես պահանջում է կանոնակարգը, չի անցել բազմամարտի եզրափակիչ: Սակայն «Առավոտի» տեղեկություններով, մեր հավաքական թիմերի բժիշկ Դավիթ Մոսինյանն անում է ամեն բան, որպեսզի Վիգենը մասնակցի առանձին գործիքների վրա եզրափակիչ պայքարին եւ փորձի մեդալ նվաճել:

Մինչեւ 66 կգ քաշային ձյուդոիստ Հարություն Դերմիշյանն արդեն ավարտել է մրցելույթները՝ տեղ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականում: Իսկ երեկ Զավեն Իգիթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւում անցնելով եզրափակիչ՝ ի վերջո գրավել է 5-րդ տեղը:

Սկիզբը, կարծես, վատ չէ: Բայց Հայաստանի գլխավոր հարվածային ուժերը դեռ չեն մտել ասպարեզ: Խոսքը բռնցքամարտի, ծանրորդ տղաների եւ ըմբշամարտի մասին է, որտեղ գրեթե ամեն մի մասնակից պոտենցիալ մրցանակակիր է եւ մի փոքր հաջողության պարագայում՝ չեմպիոնի թեկնածու:

AnushNarek-7-1

Բռնցքամարտի աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 81 կգ քաշային, նույն տարիքային խմբում աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դեռ ծաղկաձորյան հավաքների ժամանակ «Առավոտի» հետ զրույցում ասում էին, որ Նանջինգում ամեն բան անելու են վերջին տարիներին մարզաձեւում նվազած ոսկե մեդալների քանակն այս տարի ավելացնելու համար: Եվ իրենց այդ մտադրությունը հաստատեցին նաեւ Չինաստան մեկնելու օրը, «Զվարթնոց» օդանավակայանում:

Ծանր քաշային, մինչեւ 17 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, այս տարի Կլայպեդայում Եվրոպայի լավագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էլ պատանեկան օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ ասել էր. «Իմ տաարիքային խմբի աշխարհի՝ մեկ, Եվրոպայի՝ արդեն երկու ոսկե մեդալ ունեմ: Ուզում եմ օլիմպիական ոսկի էլ ունենալ, թեկուզ, առայժմ պատանեկան»:

Մեր երկրորդ տղան՝ 77 կգ քաշային, գյումրեցի Հակոբ Մկրտչյանը, նույնպես մեկնել է լուրջ նպատակներով: Հակոբը գիտի իր եւ մրցակիցների ուժերը, չի թերագնահատում ոչ ոքի, բայց պատրաստ է ոսկու համար մինչեւ վերջ ճակատամարտ տալ:
Հաջող գոտեմարտերի եւ մեդալի հույսեր ունենք նաեւ մեր ըմբիշներից՝ հունահռոմեական ոճային Զավեն Միքայելյանից եւ ազատ ոճայիններ Վաղինակ Մաթեւոսյանից ու Սարգիս Հովսեփյանից:

Ինչ վերաբերում է աշտարակացատկորդ Լեւ Սարգսյանին, հավաքականի մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասում է, որ իր սանը շատ բարդ ցատկեր է կատարում, ինչը բարձր են գնահատում մրցավարները: «Բայց չմոռանանք, որ Լեւի գլխավոր մրցակիցները չինացիներն են, որոնք են վերջին տարիներին մարզաձեւում եղանակ ստեղծում: Բայց շատ բան կախված է լինելու մրցման օրը Լեւի տրամադրությունից, ու պայքարելու տրամադրվածության աստիճանից»,- ասում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031