Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հարցազրույցից:
– Սոչիից հետո իրավիճակը հանրագումարի բերելու, ամփոփելու անհրաժեշտություն կա։ Ի՞նչ ունեցանք Սոչիում, կա՞ր արդյոք վտանգ Մինսկի
խմբի գործընթացի համար։
– Նախ՝ պետք է հասկանանք, որ Սոչիի հանդիպումը եւ բոլոր խժդժությունները հանդիպումից առաջ հրահրված էին ոչ պատահական, կոչված էին մի բանի, որ Պուտինը հանդես գար իբրեւ խաղաղարար, որովհետեւ նա բազմիցս հանդես է եկել որպես կոնֆլիկտ հրահրող՝ եւ՛ Ուկրաինայում, եւ՛ Մերձդնեստրում, եւ՛ Վրաստանում, եւ ահա նա ուզում էր գոնե Հարավային Կովկասում հանդես գալ իբրեւ ապակոնֆլիկտային, բայց այստեղ մի քանի խաղաքարտեր խառնվեցին։
Նախ՝ հանդիպումից առաջ Լեւոն Հայրապետյանի ձերբակալումը, որը բնավ թույլ չտվեց Պուտինին հանդես գալ այդպիսի պոզիտիվ մակարդակով, եւ կոնկրետ Հայաստանում նրա իմիջը իջավ։ Կա նաեւ երկրորդ կետ, որն ուրախությամբ ուզում եմ նշել՝ դա մեր հայկական բանակն է, որը համաձայն ռուսական պլանների պետք է ընկրկեր, պետք է օգնություն հայցեր՝ թույլ տալով, որ Պուտինը հանդես գա իբրեւ հայկական կողմի խաղաղության աղավնի։ Տեսանք, որ եղավ ճիշտ հակառակը։ Հայկական բանակը բացարձակ այլ դիրքորոշում բռնեց։ Իսկապես մենք այնքան տեղերում ենք զիջել մեր պետականությունը, բայց ահա հենց այս պարագայում ունեցանք պետականության զարթոնք, այդ նույնը եղավ եւ բանակի շարքերում, եւ հասարակության շարքերում։ Ես հաշվի չեմ առնում այն պարարտ երիտասարդներին, որոնք նստած են համակարգչի առաջ եւ գրում են՝ բոլորս դեպի ռազմաճակատ, բայց իրենք անհույս մնում են համակարգչի մոտ։ Մենք ապացուցեցինք, որ պետականության ռեսուրս ունենք։
Կարդացեք նաև
Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում։ Ռուսաստանը ներկա պահին ձախողել է իր պետություն ունենալու բոլոր պրոյեկտները։ Նա չկարողացավ կայացնել խաղաղ դեմոկրատական պետություն, ուղղակի ռեսուրս չուներ։ Նա չկարողացավ կայացնել հզոր տեխնոլոգիական երկիր, որովհետեւ, գիտենք, բոլորը գողանում են, եւ հսկայական ռեսուրսների վրա նստած այդ երկիրը չկարողացավ այդ պրոյեկտը իրականացնել։ Նա չկարողացավ իրականացնել քրիստոնեական երկիր, որը վերջին ճիգն էր քրիստոնեական հանրություն ստեղծելու, որովհետեւ Ռուսաստանում քրիստոնեական մասը քրիստոնյա չէ, իսկ փաստական բնակչությունը մուսուլմաններ են, եւ հիմա Ռուսաստանն անցել է իր միակ հնարավոր պրոյեկտին։ Նա որոշել է լինել վտանգավոր պետություն։ Ես հասկանում եմ Պուտինին, որ ուրիշ ճար չունի, բայց չեմ հասկանում մեր իշխանություններին, որոնք ճար ունեն, որոնք ունեն այսպիսի պետական, կռվող, պայքարող սքանչելի հասարակություն։ Այսինքն՝ սա ուղղակի ոսկե շանս է վերջապես թոթափելու հին սխեմաները, որի տակ մենք ապրում ենք։ Մենք պետք է դադարեցնենք մեր պրոպագանդայի միտումնավոր խեղճությունը, որ իբր թե փորձում է կատարել աշխարհաքաղաքական գլոբալ ինտեգրացիայի փորձ։ Այդ ձեւով մեր գիտակցությունը շեղելով, մեզ տանջելով մեզ տեղափոխելով դեպի վտանգավոր պրոյեկտ։
Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում