Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են
Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանը եւ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
Արամ Աբրահամյան.- Անցած տարվա աշնանը փաստաբանները հանրահավաքներ էին անում: Թեմաներից մեկն այն էր, որ Վճռաբեկ դատարանը չի ընդունում հայցադիմումները, բողոքները, առանց քննելու վերադարձնում են: Հիմա խնդիրը լուծվե՞ց, արդեն քննո՞ւմ է, թե՞ դուք այլեւս բողոքներ չեք ներկայացնում:
Երվանդ Վարոսյան.- Մենք շարունակում ենք, իհարկե, օրենքով սահմանված կարգով բողոքներ ներկայացնել: Սակայն իրավիճակը՝ բողոքների վարույթ ընդունելու հետ կապված, մնացել է նույնը, որեւէ փոփոխություն չկա: Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հիմա բողոքի ալիք չկա, ես ասեմ, որ փաստաբանների լայն զանգվածներում խմորումները այսօր էլ կան: Ուղղակի այսպիսի խնդիր կա. մենք մի քանի անգամ այս քայլին գնացինք, բայց դա ոչ մի դրական փոփոխության չհանգեցրեց: Ուստի այս առումով նաեւ քննարկում կա փաստաբանական համայնքի ներսում՝ գուցե մարտավարությո՞ւն փոխենք, կամ ինչ-որ այլ ակցիաների՞ անցնենք, որը գուցե կարող է ինչ- որ բանի հանգեցնի:
Ա.Ա.- Ինչո՞ւ են դատարանները անհաղորդ մնացել փաստաբանների բողոքներին:
Արսեն Բաբայան.- Համաձայն չեմ, որ անհաղորդ են մնացել, երկու, այսպես ասած, գործադուլ եղավ՝ 2012 եւ 2013 թվականներին, ամբողջ ընթացքում պատասխանը տրվում էր հստակ, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների ընդունման հետ կապված հարցերը կանոնակարգված են օրենքով: Ինչ վերաբերում էր բողոքները մերժելու պատճառաբանություններին, ապա դրան անդրադարձել էր նաեւ Եվրադատարանը, ըստ էության, ասելով, որ բավարար է այն պատճառաբանությունը, որը տրվում է. ներկայացված բողոքը չի համապատասխանում օրենքի այն դրույթներին, որով պետք է ներկայացվի: Բայց ասել, թե ոչինչ չփոխվեց, դա այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ վերջին շրջանում մի շարք փոփոխություններ կատարվեցին: Մասնավորապես` բողոքին առնչվող պահանջները. այսուհետ Վճռաբեկ դատարան կարող է բողոք ներկայացնել միայն փաստաբանը, միաժամանակ օրենքով պարտադրվեց Վճռաբեկ դատարանին` արդեն ավելի մանրամասն, ավելի սպառիչ պատճառաբանել մերժումները:
Կարդացեք նաև
Ա.Ա.– Ձեզ չի՞ բավարարում օրենքի այդ փոփոխությունը:
Ե.Վ.– Անկեղծ ասած`փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ բողոքներն են գուցե քչանալու, որովհետեւ այսուհետ քաղաքացին չի կարողանալու ինքը բողոք ներկայացնել, պետք է դիմի փաստաբանին: Գուցե դա փաստաբանի տեսակետից լավ է, որ մարդիկ ստիպված են լինելու դիմել մեզ, սակայն ես կարծում եմ, որ քաղաքացին կարող է իրականացնել իր բողոքարկման իրավունքը առանց փաստաբանի: Այս ամենն անուղղակի արված է այն նպատակով, որ բողոքների քանակը, ըստ էության, նվազի, նաեւ պահանջներն են ավելացրած` էլեկտրոնային կրիչով տարբերակները կայացնել եւ այլն, տպավորությունն այնպիսին է, որ զուտ մեխանիկական կերպով բողոքների քանակը քչացնելու միտում է սա հետապնդում:
Ա.Ա.– Պատահո՞ւմ է, որ ոչ թե Վճռաբեկ դատարանը, այլեւ` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը` ասելով, որ գրագետ չի ձեւակերպված: Դա վիրավորո՞ւմ է փաստաբաններին:
Ե.Վ.– Ոչ, առաջին ատյանի վերադարձնելն իհարկե չի վիրավորում, որովհետեւ հստակ նշվում է, թե ինչո՞ւ է դա վերադարձվում:
Ա.Բ.– Պարզապես` առաջին ատյանի դատարանում վերադարձնում են միայն ձեւական սխալի դեպքում, ասենք՝ օրենքով սահմանված կարգով ստորագրված չլինելու, անուն ազգանուն գրված չլինելու եւ այլն:
Ա.Ա.- Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, ասաց Վճռաբեկ դատարանին՝ վերադարձնո՞ւմ եք՝ վերադարձրեք, բայց պատճառաբանեք: Պատճառաբանո՞ւմ են, թե՞ ոչ:
Ա.Բ.– Քիչ առաջ էլ ասացինք, որ պատճառաբանությունները տրվում են: Այսինքն այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի վերադարձի որոշման մեջ նշված է, որ ներկայացված բողոքը չի համապատասխանում օրենքին, դա ինքնին արդեն պատճառաբանություն է:
Քննարկումն ամբողջությամբ`
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։