Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ես չեմ գրում «Հայաստան – 2020»

Օգոստոս 19,2014 10:05

Տարիներ շարունակ ես ժամանակ առ ժամանակ որպես խմբագրական գրում էի «Հայաստան – 2020» շարքը: Դա իր ժանրով երգիծական հակաուտոպիա էր՝ ոչ այնքան Զամյատինի կամ Օրուելի, որքան Վլադիմիր Վոյնովիչի ոճով: Հիշո՞ւմ եք նրա «Մոսկվա – 2043» վեպը, որը հրատարակվել է 1986 թվականին: Վեպը սարկաստիկ երանգներով ներկայացնում էր գրողի պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանը, եթե այն միտումները, որոնք կային 1980-ականների կոմունիստական երկրում, հասնեին իրենց, այսպես ասած, «տրամաբանական ավարտին»:

Բայց վերջերս Վոյնովիչը խոստովանել է, որ պուտինյան Ռուսաստանը գերազանցել է իր ամենախիզախ երեւակայական թռիչքը, եւ հատուկ ծառայությունների ու կրոնական որոշ գաղափարների վրա հիմնված իր «Մոսկոռեպը» շատ ավելի թույլ երգիծանք է, քան այն մարազմը, որի մեջ այս պահին իրականում գտնվում է իր երկիրը:
Մոտավորապես նույնը կարող եմ ասել իմ մասին՝ չհավակնելով, իհարկե, գրողի դափնիներին: Իրականությունն ընկել է իմ երեւակայությունից առաջ, եւ այդ դեպքում ցանկացած «կանխատեսում» ուղղակի խամրում է իրական դրսեւորումների առաջ: Այդ ամենի արդյունքում մարդիկ դադարում են ադեկվատ ընկալել հակաուտոպիստական «տեսիլքները» եւ ամեն ինչ ընդունում են ոչ թե որպես հումոր, այդ որպես իրական տեղեկատվություն:

Ես, այնուամենայնիվ, փորձեցի ֆեյսբուքով նման մի բան գրել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այդ ժանրը պահանջված է: «Լուրն» այն մասին էր, որ Գլենդեյլում հավաքվեցին նախկին հայաստանցիները եւ բողոքեցին արտագաղթի դեմ: Պարզ է, չէ՞, որ նման բան չի կարող լինել, որ դա անհեթեթություն է: Իմաստն էլ է պարզ. արտագաղթածները չեն կարող բողոքել արտագաղթի դեմ, ինչպես ստվերային տնտեսության «ռահվիրաները» մեր այսօրվա կառավարությունում չեն կարող պայքարել ստվերային տնտեսության դեմ:
Բայց մարդիկ այդ «Գլենդեյլի լուրն» ընկալեցին որպես իրական տեղեկատվություն եւ սկսեցին լուրջ քննարկել՝ այո, ճիշտ են արել, ոչ, սխալ են վարվել: Եվ ես հասկացա՝ խնդիրը ոչ թե այն է, որ մարդիկ կորցրել են հումորի զգացողությունը, այլ այն, որ անհեթեթ «ենթադրությունը», հավանաբար, բավականին մոտ է իրականությանը եւ տեսականորեն շատ էլ հնարավոր է, որ, ասենք, կոկորդիլոսի կաշվից կոշիկ հագնողը կարող է լինել «Գրինփիսի» ակտիվիստ:

Դրա համար գրել, թե որքան լկտի կլինի իշխանությունը 2020 թվականին եւ որքան անբան ու դատարկախոս կլինի ընդդիմությունը նույն թվականին, պարզապես անիմաստ է: Ենթադրենք, ես կգրեմ, որ 2020 թվականին Շմայսը կդառնա օմբուդսմեն, իսկ Խաչիկ Ասրյանը՝ Գիտությունների ակադեմիայի նախագահ: Բայց նախ՝ դա նույնիսկ ժպիտ չի առաջացնի ընթերցողի մոտ՝ իրականությունից ոչ հեռու լինելու պատճառով: Եվ հետո՝ ինձ կմեղադրեն, որ ես իշխանություններին գաղափար եմ տվել, եթե այդ մարդկանց իսկապես նշանակեն այդ պաշտոններին: Ինչի հավանականությունը կա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան երևի թե հարկավոր է հաշվի առնել մեկ հանգամանք ևս` 2020 թվականի Շմայսներին նախապատրաստում են այսօր, ՀՀ նախագահի և վարչապետի հրամանագրերի հիման վրա թռիչքային պաշտոնների նշանակումներով, որոնց սակայն լրատվամիջոցները չեն անդրադառնում, իսկ Ձեր ասած ժամանակահատվածում նրանք են լինելու որոշողը Հայոց ճակատագրի: Ի դեպ այդ նշանակումների միակ սկզբունքը ֆինանսական կարողության առկայությունն է, ձեռք բերմնա ճանապարհը էական չէ: Միտքս հիմնավորելու համար բերեմ միայն մեկ օրինակ՝ վերջերս լրատվամիջոցներից իմացա, որ վարչապետի հրամանագրով Տավուշում փոխմարզպետ է նշանակվել 28 տարեկան ինչ-որ երիտասարդ, ով Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի որդին է:Համոզվեք, որ այս նշանակումը ոչ միայն չի բխում տարածքում ստեղծված իրավիճակից, այլև բացառապես անհեռանկար է: Տավուշում շրջանառվող լուրերի համաձայն այդ նշանակման արժեքը 70 հազար ԱՄՆ դոլար է, որը նշանակողին է հասցվել քաղծառայության ինչ-որ պաշտոնատար անձի միջոցով: Ի դեպ մարդկանց մոտ նշված գործարքն ուղիղ այնքանով է հավատ ներշնչում, որքանով այդ երիտասարդի մոտ բացակայում են նշված պաշտոնը զբաղեցնելու արժանիքները: Ինչ վերաբերվում է Ձեր հոդվածի վերջին մտքին, ապա իշխանություններն այն վաղուց որդեգրել և կյանքի են կոչում:

  2. Արսեն says:

    Զարմանալի ոչինչ չկա։
    Եթե Արամ Աբրահամյանը Դդմաշեն գյուղի երգեցողության ուսուցչից կդառնա ՀՀ նախագահի մամուլի քարտուղար, և հետո անկախ թերթի խմբագիր…
    Դա, ըստ էության, նունն է, ինչպես ասենք օրինակ Շարմազանովը՝ (եղել է ՀՀԿ մամուլի քարտողար) ՀՀԿ-ի «ընդդիմություն» «դառնալուց» հետո «ազատ» թերթ խմբագրի դառնա …)))..
    Արդեն տեղի ունեցածի հետ համեմատած Շմայսի օմբուդսմեն դառնալը՝ առավել քան հավանական է…)))..

    • Արաքս says:

      Վերջ, Արամ, Ձեր դիմակը պատռվեց: Փաստորեն Դուք Դդմաշեն գյուղում եք աշխատել: Այն էլ ուսուցիչ: Ես խորապես հիասթափված եմ:

  3. Մարատ says:

    ՛՛Ավագ եւ շատ մեծ եղբոր՛՛ հետքերով արդեն իսկ Օրուելլի ՛՛1984՛՛-ի մեջ ենք:

  4. Վալոդ says:

    Մութ ու ցուրտ տարիներին ապրել եմ ինչպես բոլորը: Աշխատում էի, մի կերպ պահում գլուխս: Մարդիկ հիմնականում ինձ նայում էին կարեկցանքով, իսկ ավելի հաճախ` արհամարհանքով: Այդպես էր նաև դպրոցական տարիներին: Ունեի իմ աշխարհը, որտեղ ոչ ոք մուտք չուներ բացի ինձանից: Պատերազմին չեմ մասնակցել, հերոսություններ չեմ արել: Մի անգամ ստացա աշխատանքի հրավեր արտասահմանից, մեկնեցի, մինչև հիմա ապրում եմ այստեղ: Չեմ ասի, թե երջանիկ եմ, սակայն արհամարհական հայացքների ավելի քիչ են հանդիպում: Կան մարդիկ, որոնց հետ հաճելի է շփվել: Ունեմ սիրելի ընտանիք ու սիրելի աշխատանք, գոհ եմ ու շնորհակալ այն երկրից, որն ինձ հյուրընկալել է: Հիմա հայկական սոցցանցերում ու թերթերում կարդում եմ, որ իմ նմանները թռած են ու դավաճան, որոնք կյանքից ու հայրենասիրությունից ոչինչ չեն հասկանում: Հեգնում էին թե այն ժամանակ, թե հիմա: Մի գուցե ճիշտ են, մի գուցե իսկապես հարկավոր է ջիգյարով տղա ծնվել: Ամեն դեպքում նեղացած չեմ, սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանում լավ լինի ու մարդիկ չարտագաղթեն իրենց երկրից, թեև Գլենդեյլում ցույցերի չեմ մասնակցի: Ահա այսքանը:

  5. ՀՀ քաղաքացի says:

    Մարդիկ ոչնչի վրա էլ չեն զարմանում; Մեսչյանը երգում է` զարմանում եմ, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից…… Դա է ցավը….. Եթե մարդկանց կամոք լիներ Շմայսը կամ Թոխմախի Մհերը պատգամավոր չէին լինի…. Լավ եք անում, որ Հայաստան-2020 չեք գրում:

  6. Զավեն says:

    Կարծում եմ այսօր էլ ավելի կարևոր նորություն կար քննարկելու`դա մեր հայրենաքցի ինքնազոհ կրակն էր,որը,մեր շատերի սրտից, բացել էր թուրքական գերբի վրա:Ցեղասպանություն կատարած մեր հարևանը իր 3 միլիոնանոց բանակով այսօր կրկին սպառնում է մեզ,իրականցնում է ցողասպանություն Իրաքում, Սիրիայում,իսկ աշխարհը լուռ է:Մենք պետք է հնչեղություն տանք Միրզոյանի արարքին,որպեսզի այդ քայլը չկորցնի իր իմաստը:Ես կարծում եմ,որ դա իրոք շատ տղամարդկային քայլ էր,քանզի նա զոհաբերել է իր ազատությունը,բիզնեսը հանուն իր,մեր և բոլոր նորմալ մարդկանց համար:

  7. Կարո Մելիքյան says:

    Ցավով,բայց պետք է նշել,որ այսօր ցանկացած հիմարություն,իրականությանը չհամապատացխանող ստահոդ լուրը հասարակության կողմից ընդունվում է սովորական,ամենօրյա հերթական տեղեկություն,առանց զարմանալու որեւե նշույլի։ Այ, շատ կզարմանան, եթե ասենք այսպիսի մի լուր տարածվի,որ Հ.Աբրահամյանը,կամ մի ուրիշ օլիգարխ՝ սիրիաից ներգաղթած մի հայ ընտանիքի է ընդունել եւ տեղավորել իր լայնատարած հողատարածքի մի մասում՝բնակարանով հանդերձ։ Դա կլինի զարմանահրաշ,չլսված, չտեսնված՝իրականությունից զուրկ տեղեկություն,որը հաստատ ոչ ոք չի հավատա, եւ, որը չի համապատասխանում մեր «ստանդարտներին»։
    Իսկ վատ լուրերը,լինի ճիշտ,թե սուտ՝ընդունում էն լուռ ու մունջ,որովհետեւ ստեղծված իրավիճակի հետ համահունչ է՝զարմանալու ոչինչ չկա, որ զարմանա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031