Ինչպես տեղեկացրել ենք, այս տարվա ապրիլի 28-ին Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց կրակել էին տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանին: Կրակոցներ արձակելու մեջ ոստիկանությունը կասկածում էր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդուն` Արկադի Խաչատրյանին, որը, սակայն, դեպքի օրվանից թաքստոցի մեջ էր:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին տեղի ոստիկանությունից, այս երիտասարդը մի քանի օր առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանություն, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ ոստիկանության տվյալների, վիճաբանությունը լուրջ հիմքեր չի ունեցել, այլ խուլիգանական մակարդակի վեճ է եղել: Կասկածյալը ոչ սթափ վիճակում է գտնվել, տաքսի է նստել, այնուհետ վիճաբանել է վարորդի հետ, քաշքշվել ու նրան թիկունքի հատվածում հրազենային վնասվածք հասցրել: Գյումրու բժշկական կենտրոնում կարողացել էին փրկել տուժողի կյանքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ