«Բայց Բագրատյանը ներկա էր, նույնիսկ գիշերը մնաց այնտեղ: Ես, որ ԱԺ նախագահ էի, ինքն այդ խմբակցությունից էր, եթե բան է փոխվել, չգիտեմ»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի ՀԱԿ հայտարարությանը, թե հրաժարվում է մասնակցել Սեյրան Օհանյանի և խմբակցությունների միջև ձեռքբերված պայմանավորվածությանը՝ մեկնել շփման գիծ, քանի որ դրան մասնակցելու է նաև Հովիկ Աբրահամյանը իր քարոզարշավը կազմակերպելու համար, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մասնավորապես ՀԱԿ հայտարարության մեջ նշված է. «Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը՝ իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպը ուղղված է, ըստ էության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը»:
Մեզ հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դա վատ հայտարարություն է, ոչ թե իմ անձի վերաբերյալ միայն, այլ եթե իրենք անգամ մի նշույլ այդպես էին մտածում, ապա չպետք է բարձրաձայնեինք: Այնտեղ որևէ նկարող չի եղել, որևէ լրագրող չի եղել, որ բերի մեզ PR անի: Ուղղակի կառավարության ղեկավարին քարկոծելու պահը սխալ են ընտրել, դեռ այնքան առիթներ կլինեն մեզ քննադատելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հետաքրքիր է, որ Հ.Բագրատյանը վարչապետ էր Հ.Աբրահամյանն ուր էր?