Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի համար 1 միլիոն դոլարը խնդիր չէ, խնդիրը պահեստ ու մեծածավալ առեւտրի լիցենզիա ունենալն է

Օգոստոս 18,2014 19:35

Տեղական արտադրողները, որոնք ռուսական շուկա արտահանելու հնարավորություն ունեն, կառավարությունից աջակցություն են խնդրել, մասնավորապես` էժան վարկեր եւ Ռուսաստանում մեծածավալ առեւտուր իրականացնելու լիցենզիա:

Եվրոպական, ամերիկյան, ավստրալիական եւ կանադական մի շարք ապրանքների արգելումը Ռուսաստանում, հայկական արտադրողներին ուրախացրել է, սակայն որպեսզի ռուսական շուկան գրավեն, լուրջ անելիք կա:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, որը մի շարք գործարարների հետ եւս ներկա է եղել օրերս  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե կոնկրետ ինչ աջակցություն են ակնկալում:

Պարոն Հարությունյանի փոխանցմամբ` Ռուսաստանում հայկական գինիները կարող են լավ էլ մեծ տեղ գրավել, եթե կառավարությունն արագացնի, ու արտադրողների խնդրանքը կատարի. «Ռուսաստան որեւէ ապրանք ներմուծումը դժվար գործ է, մենք խնդրել ենք կառավարությանը, որպեսզի  օգնի մեծածավալ առեւտրի լիցենզիա եւ  ՌԴ տարածքում ակցիզային պահեստ ունենանք, իսկ այս 2-ն ունենալու համար մոտ 1 միլիոն դոլար է հարկավոր: Մենք առաջարկեցինք կառավարությանը միանա արտադրողներին եւ դա միասին անենք, եթե այդ 2 հարցերը լուծվեն, շատ կարճ ժամանակահատվածում էապես կավելանա արտահանման ծավալները»:

Վարչապետն, ըստ պարոն Հարությունյանի, հավանել է առաջարկը.«Ու հանձնարարել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին ձեւը գտնել խնդրի լուծման: Այսինքն, ոնց հասկացանք վարչապետի ասածից, գումարը խնդիր չէ, խնդիրը`ձեւը գտնել է»:

Aravot.am-ի հարցին, արդյոք հայկական արտադրողները կարող են ռուսական շուկայի ծավալն ու արգելված գինիների որակն ապահովել, պարոն Հարությունյանն ասաց, որ որակի առումով խնդիր չկա, մեր արտադրողները վերջին տարիներին բավականին լավացրել են որակը, իսկ Ռուսաստանն էլ այնքան է խստացրել տուգանքները, որ հայ արտադրողները զգույշ են եւ լավագույն խմբաքանակն են ուղարկում Ռուսաստան: Ինչ վերաբերում է ծավալն ապահովելուն, ապա Ավագ Հարությունյանն ասաց, որ որեւէ խնդիր չկա:

Aravot.am-ի այն հարցին, եթե տեղական արտադրողները ավելացնեն արտադրության ծավալը, իսկ ռուսական էմբարգոն վերացվի, ապա ինչպե՞ս են մերոնք արդեն արտադրածն իրացնելու, պարոն Հարությունյանն ասաց. «Մենք այսօր ռուսական շուկա ենք արտահանում 2 միլիոն շիշ, եւս 4, կամ 5 միլիոնի տեղ ունենք, ներկայիս որակի պայմաններով: Եթե էմբարգոն էլ չլիներ, միեւնույն է, հայկական գինիները կարող ենք իրացնել, որովհետեւ հայկական գինիների պահանջարկը կա այդ շուկայում: Ռուսական էմբարգոն ուղղակի խթան է, որ մենք արագացնենք ու մեծացնենք մեր ներկայությունն այդ շուկայում»:

Իսկ ի՞նչ ժամկետի մասին  խոսքը, այսինքն` «կառավարությունը պետք է արագացնի» ասելով, որքան արագ պետք է գործի, պարոն Հարությունյան ասաց. «Եթե 3 ամիս տեւի, ապա արդեն ուշացած կլինի, որովհետեւ, եթե չհասցրեցինք հոկտեմբերին անել այդ ամենը, ապա կուշանանք: Եվրամիությունը 3-րդ երկրներ է փնտրում, որոնց միջոցով Ռուսաստան ապրանք կներմուծի, այսինքն` միջնորդ երկրների միջոցով նորից մտնի ռուսական շուկա»:

Պարոն Հարությունյանի խոսքերով` արդեն հոկտեմբերին վարչապետին առաջարկած ծրագիրը պետք է իրականություն լինի, քանի որ սկսվելու են տոները, իսկ մինչ այդ, հայրերը պետք է «ոտքները պնդացրած» լինեն ռուսական շուկայում:

Գինեգործների միության նախագահը նաեւ ուշադրություն հրավիրեց ճանապարհային խնդիրներին, եւ ինչպես վերջինս նկատեց`  ցանկացած պահի Լարսի ճանապարհը վտանգի տակ է. «Կամ փակվում է, կամ հերթեր են, կամ փլուզման շեմին է: Մինչեւ ձմռան գալը հարկավոր է խնդիրները լուծել: Արտադրողների համար նաեւ խնդիր է էժան վարկեր ստանալը, ինչը չկա այսօր, բայց կառավարությունը խոստացավ, որ դա էլ կլինի, նոր ռեսուրսներ են ներգրավել, եւ տոկոսադրույքներն իջեցվելու են ու մատչելի վարկեր տալու»:

Մեր հարցին էլ, արդյոք Հայաստանում կա բավարար ծավալի գինու համար նախատեսված խաղողի այգիներ, որպեսզի արտադրողներին հումքով ապահովեն, պարոն Հարությունյանն ասաց, որ չկան եւ դա խնդիր է, սակայն եթե ծրագիրը նախատեսվի երկարաժամկետի համար, ապա այդ խնդիրն էլ կլուծվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031