Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը»

Օգոստոս 18,2014 17:43

Օրերս ԱԺ պատգամավորները վարչապետի եւ ՊՆ նախարարի հետ այս լարված իրավիճակում մեկնեցին Արցախ, այցելեցին մարտական դիրքեր: Պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գիշերել էր դիրքերում՝ շփման գծում: Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն ունեք, ինչքանո՞վ է անհանգիստ դրությունը:

«Վիճակը բարդ է։ Նախապատերազմական տագնապ կա։ Ուզում եմ հուսալ, որ այն էլ ավելի չի բարդանա»,- պատասխանեց պարոն Բագրատյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սոցցանցերում՝ Twitter-ում Երեւանը ջնջելու սպառնալիքներ է տեղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին է սպառնում, որ ջնջելու է Հայաստանը, Սերժ Սարգսյանն իր հերթին է հայտարարում, որ ունենք բալիստիկ հրթիռներ, որոնք կարճ ժամանակում Ադրբեջանի ցանկացած ծաղկուն բնակավայր ավերակների կվերածեն: Մեր հարցին՝ այս սպառնալիքներն ո՞ւր են տանում, այս լարված իրավիճակում դա ավելի չի՞ թեժացնում իրավիճակը՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Այս սպառնալիքները լավ բան չեն։ Այդուհանդերձ դրանք հուշում են մի բան. ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը։ Իհարկե, Ադրբեջանն էլ մի քանի անգամ մեզ կարող է ոչնչացնել։ Բայց մեկ անգամը ինչպես ասում են բավարար է։ Եվ ուրեմն առնվազն 2 հետեւություն. առկա է հավասարակշռություն (շատ նման է, ի դեպ, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հավասարակշռությանը կապված Քաշմիրի հիմնախնդրի հետ. միջուկային զենքի առկայությունը երկուսի մոտ խաղաղություն է պարտադրել)։ Երկրորդ, ժամանակն է, որ Ադրբեջանը վիճակը հասկանա եւ բանակցությունների նստի ԼՂՀ-ի հետ։ Հայաստանն էլ պետք է հասկանա, որ ինքն այս ամենին շատ էլ չպետք է խառնվի»:

Մեր հարցին՝ պատերազմը վերսկսելու հավանականությունը մե՞ծ է հիմա, մենք եւ Ադրբեջանը պատրա՞ստ ենք դրան՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Հավանականություն կա։ Մեծ կամ փոքր չգիտեմ։ Սա նոր պատերազմ է լինելու։ Հրթիռների պատերազմ։ Հետեւակի, հրետանու եւ ծանր զինտեխնիկայի դերն այս անգամ պակաս կարեւոր է լինելու, քան 90-ականների սկզբներին։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/www.shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Նադիր շահի ազգակիցներին ճանաչելը բարդ գործ չէ:Սպառնալ կամ պարծենալ:Միջուկայինն էլ է հոգնել Նադիրականներից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031