Երեկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ավլար գյուղում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այստեղ արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն պատճառով, որ մայիսի 2-ին 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը դանակահարել էր իր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը, որը մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երեք թեկնածուներ` մահացած գյուղապետի որդին` Աշոտ Արտավազդի Մկրտչյանը, որը հետագայում ինքնաբացարկ էր հայտնել, քվեարկվել են երկու թեկնածուներ` Սամվել Փայլակի Նանայանը և Վոլոդյա Հակոբի Սուքիասյանը, որոնք երկուսն էլ Հանրապետական կուսակցությունից են:
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, համայնքի ընտրողների թիվը եղել է 228, մասնակցել են 98-ը, հաղթել է 1988 թվականին ծնված Վոլոդյա Սուքիասյանը, որը աշխատում է գյուղի դպրոցում` որպես ուսուցիչ: Ի դեպ, նրան սատարում էր գյուղի դպրոցի տնօրեն, նախկին գյուղապետ Ռուբիկ Համբարյանը:
26-ամյա Վոլոդյա Սուքիասյանը հավաքել է 56 ձայն, իսկ նրա մրցակիցը` 1961 թվականին ծնված Սամվել Նանայանը, որը հին հանրապետական է և մահացած գյուղապետի բարեկամն է, հավաքել է 37 ձայն, 5 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել:
Ռուբեն Հարությունյանի ասելով, ընտրություններն անցել են ակտիվ, մրցակցային պայքարում: Իսկ թե ինչու է նորաթուխ հանրապետական Վոլոդյա Սուքիասյանը շահել գյուղացիների վստահությունը, բանն այն է, որ վերջինս մշտապես բնակվում է Ալվարում, իսկ հին հանրապետական Սամվել Նանայանը տևական ժամանակ է` Մոսկվայում է: Վերջինս Մոսկվայից ժամանել էր Ալվար` գյուղապետ դառնալու նպատակով, սակայն այդպես էլ նրա մտադրությունը չիրականացավ:
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում ասաց, որ Ալվարի նման փոքր գյուղում որևէ մեկին լոբբինգ անելու անհրաժեշտություն չկա, որքան էլ քարոզարշավ իրականացնեն ու գովաբանեն այս կամ այն թեկնածուի առավելությունները, միևնույնն է` գյուղացիներն առաջնորդվում են միայն իրենց համոզմունքով:
Ռուբեն Հարությունյանի ասելով, օրենքով սահմանված կարգով, նորընտիր գյուղապետը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքները պաշտոնապես հրապարակելու հաջորդ օրը նոր կստանձնի իր լիազորությունները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ