Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներն ի նպաստ Հայաստանի են

Օգոստոս 18,2014 16:28

«Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող բացասական միտումները, զարգացման հեռանկարների առումով, միայն ու միայն ի նպաստ Հայաստանի են»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Ռուսաստանի` եվրոպական մի շարք ապրանքների վրա արգելք դնելուց հետո ռուսական ռուբլու կուրսը կրկին սրընթաց նվազում է, ինչպիսի՞ բացասական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա ասաց, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

նտեսագետը գտնում է, որ կարճաժամկետ հատվածում, իհարկե, Հայաստանը խնդիրներ կունենա եւ տնտեսական աճի անկում կնկատվի, սակայն երկարաժամկետ հատվածում կլուծվեն մեր երկրի համար մի շարք կարեւոր հիմնախնդիրներ` էներգետիկ, տրանսպորտային, արտաքին շուկաների եւ այլնի առումով:
Պարոն Եղիազարյանը նաեւ կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների ֆոնի վրա նորից հրատապ է դառնում Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

«Անցումային փուլ է, Հայաստանը պետք է կարողանա հաղթահարել, անցումային ցանկացած փուլ էլ ցավալի է, որովհետեւ կտրվում է կապը գործընկերների հետ եւ, բնականաբար, գործընկերների հետ կապի ընդհատումը կբերի տնտեսական վիճակի վատացման: Բացասական ազդեցությունը կառաջանա տրանսֆերտների, արտաքին առեւտրի ոլորտում ներդրումների մասով եւ այլն»,-կարծում է տնտեսագետը:
Նա չի բացառում, որ ռուսական ռուբլու կուրսի նվազումը պայմանավորված է վերջին օրերին նավթի գների նվազմամբ եւ Ռուսաստանից` դոլարի տեսքով արտասահմանյան կապիտալի` արտահոսքով:

Աշոտ Եղիազարյանը սխալ է համարում այն պատկերացումը, թե «Հայաստանի համար լավ կլինի, եթե Ռուսաստանում լավ լինի». «Կարճաժամկետում, իհարկե, այդպես է: Հայաստանը կունենա լուրջ խնդիրներ, եկամուտների անկման եւ, ընդհանրապես, տնտեսական աճի ակտիվության առումով: Ես այն կարծիքին եմ ,որ ավելի երկարաժամկետում հակառակը՝ ռուսական տնտեսությունում տեղի ունեցող բացասական միտումները եւ ընդհանրապես Ռուսաստանի մեկուսացումը գլոբալ առումով, դա միայն կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար»:

Ըստ տնտեսագետի, Ռուսաստանից ավելի շատ կառուցվածքային` էներգետիկ, տրանսպորտային կախվածություն է, որը Հայաստանը մինչեւ հիմա չի կարողանում հաղթահարել. «Ռուսաստանն, ըստ էության, ունենում է արգելակող գործոնի դեր: Ռուսական տնտեսությունից կախվածությունը նշանակում է նաեւ տեխնոլոգիական առաջընթացի բացառում: Ռուսաստանն ինքը չի տիրապետում համապատասխան տեխնոլոգիաներին, ըստ էության, Հայաստան` արեւմտյան ընկերությունների տեխնոլոգիաների մուտքի համար Ռուսաստանը կատարում է արգելակող խոչընդոտի դեր, կախվածության թուլացումը ենթադրում է նախեւառաջ ռուսական ազդեցության նվազում, որը իր հետ կբերի այլ ներդրումների աղբյուրներ, այլ տեխնոլոգիաներ, այլ կապեր, այլ հարաբերություններ, պոտենցիալ իմաստով մենք հնարավորություն ենք ստանում ինտեգրվել շատ ավելի զարգացած կառուցվածքներում, համապատասխանաբար` մենք ստանում ենք զարգացման ավելի մեծ հեռանկար»:

Ըստ պարոն Եղիազարյանի, Արեւմտյան պատժամիջոցների վերացումը Իրանի հարցում, լուրջ հեռանկարներ է բացում իրանական շուկայի համար, ինչը նույնպես հօգուտ Հայաստանի է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031