Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Առաջնայինը բիզնես-մտածողությունը չպետք է լինի»

Օգոստոս 18,2014 15:59

«Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար արտոնություններ սահմանելը, հողի հարկի որոշակի տոկոսից կամ ընդհանրապես ազատելը եւ համանման քայլերը նախ ուշադրություն եւ վերաբերմունք են պետության կողմից: Իսկ այն գործարարները, որոնք բիզնես են դնելու սահմանամերձ բնակավայրերում, դա պետք է անեն ոչ թե ելնելով բիզնես մտածողությունից, այլ այն պատճառով, որ սահմանամերձ գյուղերն ավելի ամրանան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ անպտուղ չէ՞ կառավարության նախաձեռնությունը՝ սահմանամերձ բնակավայրերում գործարարներին հարկային արտոնություններ տալու մասին, քանզի որեւէ մի գործարար կրակոցների տակ գումար չի ներդնի, որքան էլ հարկային արտոնություններ սահմանվեն:

Հիշեցնենք, օրեր առաջ Տավուշի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր խոսել այդ բնակավայրերում գործարարներին արտոնություններ տալու, տեղի բնակիչներին էլ կոմունալ բեռից թեթեւացնելու մասին: Օրերս էլ խորհրդարանական պատվիրակությունն էր այցելել սահմանամերձ Տավուշի  բնակավայրեր: Արդյունքում, խորհրդարանական վեց խմբակցությունները համապատասխան առաջարկների օրենսդրական փաթեթ  կներկայացնեն ՀՀ կառավարությանը:

«Եթե սահմաններում կանգնած զինվորների ետեւում չկա ակտիվ բնակչություն, այդ գյուղերում կյանքը չի եռում, մեր դիրքերը թուլանում են: Հետեւաբար, պետության եւ բիզնես-համայնքի ուշադրությունը սահմանամերձ գյուղերին, պետք է լինի համատեղ, տարբեր ուղղություններով եւ բացառապես սահմաններն ամրապնդելու նպատակով»,- ասաց մեր զրուցակիցը՝ իբրեւ օրինակ բերելով, այն, որ Արցախում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, տարբեր գործարաններ են կառուցվում ու դրա պատճառն այն չէ, որ միայն Արցախում են լավ պահածոներ պատրաստում, այլ նպատակը մեկն է. «Եթե այդ հողի վրա ներդրումներ են լինում, ինֆրաստրուկտուրաներն են բարելավվում, ապա դա ոչ միայն պետության վերաբերմունքն է իր քաղաքացու նկատմամբ, այլ ուրեմն, ավելի հեռանկարային ծրագրեր կան տվյալ տարածքների հետ կապված»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ սահմանամերձ շատ բնակավայրերում անգամ տարրական լույսի եւ ջրի խնդիր կա, բայց մարդիկ շարունակում են բնակվել, քանզի դա մեր պապերի հողն է, մեր պապերի գերեզմաններն են այդ հողում. «Ուստի, կառավարությունն էլ արտոնություններով պիտի իր վերաբերմունքը ցույց տա տվյալ տարածքի բնակչությանը, քանզի նրանք իրենց առօրյայով ու ապրելակերպով էականորեն տարբերվում են մյուս բնակավայրերի բնակիչներից»:

Հարցին՝ բա՞րդ էր այդ ամենը մինչեւ հիմա հասկանալ ու ավելի վաղ քայլեր անել, որպեսզի այսօր արդեն որոշակիորեն ապահովված սահմանամերձ բնակավայրեր ունենայինք, թեկուզ բնակչության համար տարրական կենսապահովման պայմաններով, Հովհաննես Սահակյանն ասաց, որ սահմանամերձ գոտիները միշտ են եղել իշխանությունների ուշադրության կենտրոնում. «Հնարավորությունների խնդիր է: Եթե ուշադրությունը մեծացնում ես, մյուս տեղից պետք է կտրես ու այդ ուղղությանը տաս: Դա էլ, տվյալ կառավարության խնդիրը կամ գործելաոճն է»:

Ամեն դեպքում, նա դրական է համարում ներկայիս կառավարության որդեգրած սկզբունքը՝ առավել մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերին:

«Սահմանում կանգնած զինվորը, ով կարողացավ իրեն այնպես դրսեւորել, որ ՀՀ նախագահը վստահ խոսեր Սոչիում, որ մենք հիմա հպարտ ու հանգիստ լինենք, նա պետք է զգա, որ իր թիկունքում կա ժողովուրդ, իշխանություն, որ իր մասին մտածում է, քաղաքական ուժեր, որոնք համախմբված են հայրենիքի պաշտպանության ու ամրության հարցում»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031