Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ադրբեջանը, իմ կարծիքով, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը, սա դրդել էր ՌԴ-ին մտածելու»

Օգոստոս 18,2014 15:43

«Կարելի է ասել, որ Սոչիում հայկական կողմը չկորցրեց։ Ավելի կարեւոր է այն, որ Ադրբեջանը ոչինչ չշահեց։ 2 բան ակնհայտ էր՝ Ադրբեջանի կողմից սահմանային արկածախնդրությունը ձախողվել էր։ Երկրորդը, Ադրբեջանը, իմ կարծիքն է, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը։ Սա էլ դրդել էր ՌԴ-ին մտածելու, որ, այնուամենայնիվ, փորձած թանը անփորձ մածունի հետ չեն փոխում»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ-Սերժ Սարգսյան եռակողմ հանդիպման արդյունքները՝ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում սահմանային միջադեպերի առնչությամբ ՀԱՊԿ-ի լռությունը, միջազգային կառույցների՝ սահմանային միջադեպերի ժամանակ հետաքննություն չանցկացնելը: Դա հայկական կողմի ապաշնորհ քաղաքականությա՞ն արդյունքն է, թե՞ մեզանից չի կախված՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդտեղ մեզանից շատ բան կա կախված»:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում  անդրադառնալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ ասել էր, որ Հայաստանը դրանից կարող է ունենալ իր օգուտները: Նրա խոսքերով՝ «Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն»:

Մենք պարոն Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է Սերժ Սարգսյանի այս դիտարկումների հետ, այդ պատժամիջոցներից մենք օգտվելո՞ւ ենք, թե՞ վնաս ենք կրելու:
Նա պատասխանեց. «Ընդհանրապես պատժամիջոցները չեն կարող զարկ տալ տնտեսական զարգացմանը։ Այո, դրանք փոքր հնարավորություն են բացում։ Բայց սա մեդալի մի կողմն է։ Մեդալի մյուս կողմը վնասներն են. դեպի ՌԴ արտահանման ծավալների իջեցում, տրանսֆերտների անկում (արդեն նկատվում է), վարկավորման ծավալների կրճատում եւ այլն։ Խնդիրը նաեւ այն է, որ վնասները հանդես են գալիս միանգամից։ Իսկ ահա արտահանման աճի արդյունքում ստացված մասնակի փոխհատուցումը (կրկնում եմ՝ մասնակի փոխհատուցումը) ժամանակ կխլի։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության համար վնասներն ավելին կլինեն, քան օգուտները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը`Գագիկ Շամշյանի/shamsyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031