Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղի բնակիչ. «Եթե Ռուսաստանում տնից մեկը չաշխատի, չենք կարողանա ապրել» (Տեսանյութ)

Օգոստոս 18,2014 15:30

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, որ Սոչիի եռակողմ հանդիպման նախորդ գիշերը չէին քնել` անհանգիստ էին

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները վստահ են, որ Սոչիում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո սահմանին Ադրբեջանի կողմից արձակվող կրակոցների քանակը նվազել է եւ գրեթե դադարել: Երեկ Բերդ քաղաքում Aravot.am-ը զրուցեց քաղաքի բնակիչների հետ` պարզելու համար, թե ինչ հաճախականությամբ են քաղաքում հնչել կրակոցները, եւ ինչ ազդեցություն թողել տեղի բնակիչների վրա:

Բոլորը միակարծիք են, հարցին պատասխանում են քաղաքական վերլուծություններ տալով. «Սոչիի հանդիպման ժամանակ երեւի Սերժ Սարգսյանը այնպիսի բան ասեց, որ կրակոցները այլեւս մեր տարածքում չեն հնչում»:

Բերդ համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ սահմանային կրակոցները շատ պարզ լսվում էին իրենց տարածքում. «Նախագահների հանդիպման նախորդ գիշերը ժողովուրդը չէր քնել, դուրս էին եկել փողոցները, անհանգիստ էին, հանդիպումից հետո կրակոցները դադարեցին: Երբ կրակում էին փոքր տրամաչափի ավտոմատներից` լավ չէին լսվում, սակայն մեծ տրամաչափի զենքով կրակելուց հետո չէինք քնում գիշերները»:

Իրենց խոսքով` կրակոցների ժամանակ շատերը դուրս են եկել Շամշադինի հողից, միայն կրակոցները դադարելուց հետո էին վերադարձել. «Ջահելները վախից գնացել էին, նրանց ասող չկար, որ ամեն ինչ հանգիստ է: Կյանքում կրակոց չէին էլ լսել»:

Մեր զրուցակիցները` մոտ հիսունն անց տղամարդիկ, ասում են, որ կռվի ցանկություն չկա, եւ որ իրենք կողմ են հարցին խաղաղ լուծում տալուն. «Մենք կռիվ չենք ուզում, թող նրանք էլ խելոք մնան, մենք էլ խելոք մնանք: Եթե այսպես մնա, գոնե ժողովուրդը հանգիստ կապրի, էն պակաս-պռատ բաներն էլ` թե աշխատանք չկա, գումար չկա, մի կերպ հաղթահարում ենք»:

Մանրամասն` տեսանյութում

Վարագավան գյուղի բնակիչ Աղասի Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ կրակոցների հետեւանքով իրենց գյուղից մի հոգի է վիրավորվել: Ասում է, որ 5 օր է արդեն կրակոցներ չկան. « Համոզված չենք, որ չեն լինի, խաղողի այգիները սահմանին մոտ են, կարող է քաղելու լինենք, կրակոցներ լինեն: Ամեն տարի խաղաղ էր, այս տարի կրակոցներից վախը շատ կար»:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի եւ հարակից սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ Aravot.am-ը բացի սահմանային կրակոցների վերաբերյալ զրույցից, նաեւ փորձեց ճշտել, թե ինչպես են տեղի բնակիչները վաստակում իրենց ապրուստը:

Չինարի գյուղի բնակիչ Հայկը, որն աշխատում է Տավուշի մարզի «Էկո Գարդեն» հյութերի, մուրաբաների և կոմպոտների արտադրությունում` որպես տեխնոլոգ, մեզ հետ զրույցում պատմեց, որ սահմանին աշխատելը շատ դժվար է հատկապես կրակոցների ժամանակ. «Բնական է, աշխատանք կատարելն էլ շատ է դժվարանում, երբ գործարանը կենտրոնից հեռու է գտնվում, տեղափոխման աշխատանքները ավելի են դանդաղում, շատ ժամանակ են մեզնից խլում»:

Նրա խոսքով` գործարանը հենց տեղի բնակիչներին երկրում պահելու, աշխատանքով ապահովելու, արդյունաբերությունը զարգացնելու նպատակ է հետապնդում. «Ճիշտն ասած, երկրից գնալու նպատակը միշտ էլ կա, սակայն հայրենի օջախը չթողնելու համար ստիպված մնում ենք այստեղ, եթե աշխատանքն էլ կա, որոշ չափով փորձում ենք մնալ»:

Սակայն Հայկը այն եզակի մարդկանցից էր, որը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկություն ունի աշխատելու իր ծննդավայրում: Շատ էին կարծիքներն այն մասին, որ եթե Ռուսաստանում աշխատանք չկարողանան գտնել, ապա չեն կարողանա գոյատեւել. «Եթե Ռուսաստանում տնից մեկը չաշխատի, չենք կարողանա ապրել: Մեր միակ բողոքն այն է, որ աշխատանք չկա»:

Ասում են`չնայած այն բանին, որ մարզում գյուղատնտեսության համար պիտանի հողեր շատ կան, հողերի 10 տոկոսից մի տոկոսն է ժողովուրդը վարում եւ մի փոքր մասն էլ անասնապահությամբ կամ մեղվաբուծությամբ է զբաղվում: «3 տղա ունեմ, որոնցից 2-ը Մոսկվայում են: Դիպլոմը պապայի համար տունն է դրել ու գնացել»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, որն ապրում է հենց Բերդ քաղաքում:

Մանրամասն` տեսանյութում


Aravot.am-ը տեղի բնակիչներից նաեւ փորձեց ճշտել՝ իսկ ի՞նչ են անում կանայք, եթե տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի:
Բերդի Կանանց ռեսուրսների կենտրոնից մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրենց մոտ աշխատանք դժվար է գտնելը, դրա համար էլ տարբեր ծրագրեր են մշակվում կանանց համար. «Ամեն ծրագրում տարբեր կանայք են ներգրավվում, որպեսզի աշխատանք կարողանան ունենալ: Արտագաղթը շատացել է տղամարդկանց շրջանում, կանայք ավելի շատ են աշխատանք գտնում, որովհետեւ կանայք հիմա ավելի ազատ են: Վերացել է մեզ մոտ այդ կարծրատիպը, որ կինը այլեւս չպետք է աշխատի, գոյատեւելու համար ամեն ինչ էլ պետք է անել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031