Առաջիկայում խորհրդարանական վեց խմբակցությունների անունից օրենսդրական փոփոխությունների համատեղ փաթեթ կներկայացվի ՀՀ կառավարությանը, որը ներառելու է առաջարկներ այն մասին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի սահմանամերձ շրջաններում գործարարներին հարկային արտոնություններ տրամադրվեն, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդներն արագ փոխհատուցվեն, բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչվեն: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով խորհրդարանական պատվիրակության ՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր կատարած վերջին այցի արդյունքների մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ գյուղերն առավելապես սահմանապահ գյուղեր են, Ռուբեն Հակոբյանն այն կարծիքին է, որ նրանք արդեն իսկ որոշ արտոնություններ պետք է ունենային: Բայց ինչեւէ:
«Կարծում եմ կառավարությունը պարտավոր է հաշվի առնել եւ նկատի ունենալ խորհրդարանական խմբակցությունների առաջարկը, քանզի այս պահին գյուղի բնակիչն էլ զինվոր է, թեեւ անունը զինվոր չէ: Այն պայմաններում, որ այդ մարդիկ ապրում եւ գործում են, նրանք իսկական զինվորներ են: Մենք դա պետք է հասկանանք ու կարողանանք արտոնություններ ապահովել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ Բարեկամավան գյուղում, որտեղ իրենց այցի ընթացքում զոհված ազատամարտիկների հուշակոթող է բացվել, մինչ այժմ ջուր չունեն. «Արտագաղթն այդ գյուղում սարսափելի չափերի է հասել ու գյուղն, իսկապես, այս տարիների ընթացքում բարձիթողի վիճակում է եղել, մինչդեռ այդ գյուղը արցախյան ազատամարտում վեց զոհ է տվել»:
Ընդհանուր առմամբ, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, պատգամավորների այս այցն անարդյունք չի մնա՝ խորհրդարանական վեց խմբակցություններն էլ կստորագրեն առաջարկների փաթեթի տակ եւ կառավարությունն էլ անուշադրության չի մատնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ