Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանն ունի հակահայկական սադրիչ ծրագրի այլընտրանքային տարբերակը»

Օգոստոս 18,2014 14:54

Այսօր՝ օգոստոսի 18-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարության մոտ կանգնած իրենց հավաստի աղբյուրները հայտնել են, որ Ղարաբաղում ռազմական արկածախնդրության տապալման պարագայում Ադրբեջանի կառավարությունն ունի հակահայկական սադրիչ ծրագրի այլընտրանքային տարբերակը: Ըստ նրա՝ Ադրբեջանը մոտակա ժամանակներում մտադիր է իր այլընտրանքային ծրագրին ընթացք տալ:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակին՝ պարոն Այվազյանը նշեց, որ Ադրբեջանում ներկայումս իշխում է 1937 թվականի մթնոլորտը՝ համատարած ձերբակալում են բոլոր այլախոհներին եւ իրավապաշտպաններին.

«Փաստորեն, երկրի վրա իջավ պողպատյա վարագույր, քանի որ ադրբեջանական այս սադրանքը ղարաբաղյան ճակատում չտվեց ալիեւյան ռեժիմին այն արդյունքը, ինչը որ ինքն ակնկալում էր: Կուզեի անձամբ դատապարտել ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների ձերբակալությունը: Դա շինծու գործ է եւ իսկական խայտառակություն է: Այս մարդիկ, եթե ինչ-որ մի բանի համար արժանի էին, որ նրանց ձերբակալեին, դա հակահայկական քարոզի եւ հակահայկական գործունեության համար, ոչ թե պրոհայկական շպիոնաժի համար, ինչպես իրենց մեղադրում էին»:

Նա հայտարարեց, որ չի կասկածում, որ պատերազմը կվերսկսվի, քանի որ ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ ադրբեջանցիները չեն հաշտվի այն մտքի հետ, որ Լեռնային Ղարաբաղն անկախացել է, կամ էլ միացել է Հայաստանի Հանրապետությանը.

«Նրանք սովոր են վերցնել այն, ինչ պատկանում է ուրիշների: Ի՞նչ կարելի է խոսել, որ յոթանասուն տարի Ադրբեջանի կազմում գտնված Լեռնային Ղարաբաղի մարզը պետք է անկախություն ստանա, դրա հետ երբեք եւ ոչ մի պարագայում չեն հաշտվի: Միակ ճանապարհն է նրանց հաշտության սեղանի շուրջ նստեցնել եւ ստիպել ստորագրել պայմանագիրը, երբ դու լիակատար հաղթանակ ես տոնելու Ադրբեջանում գործող ֆաշիզմի ռեժիմի նկատմամբ»:

Նա համարում է, որ հայկական դիվանագիտական կորպուսը պարտավոր է ղարաբաղյան ճակատում փոքրիկ հաղթանակն ամրագրել դիվանագիտական դաշտում, հակառակ դեպքում՝ զոհված երիտասարդների կյանքն իզուր է զոհաբերվել եւ նորանոր սպանություններ տեղի կունենան.

«Պարտավոր են ակտիվ դիվանագիտության անցնել, պարտավոր է նաեւ Ղարաբաղն անել: Հերի՛ք է, որ Ղարաբաղը Հայաստանի թիկունքում թաքնվի, իրենք էլ ունեն մի ամբողջ արտաքին գործերի նախարարություն: Ժամանակն է, որ Ղարաբաղի արտգործնախարարությունը կոնկրետ միջոցառումների դիմի, եւ ոչ թե կնքի պայմանագիր Հայաստանի հետ ռազմական ոլորտում: Այդպիսի պայմանագրի կնքումը հնարավոր է, եթե Հայաստանի կողմից Ղարաբաղը ճանաչվի որպես սուբյեկտ, թե չէ՝ ո՞ւմ հետ են կնքում պայմանագիրը: Եթե մեր դիվանագիտությունն այն մակարդակին լիներ, ինչ զինված ուժերը, մենք շատ ավելի լավ վիճակում կգտնվեինք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031