«Հայ-թուրքական զարգացումներում հույս չունենք դրական զարգացումների: Պետք է ակնկալել ավելի կոշտ պահվածք: Գյուլն ավելի հանդուրժող ու դիվանագետ գործիչ էր, Էրդողանի պարագայում գործ ունենք ագրեսիվ, ժարգոնային բառապաշարով, հակահայկական ու հակահունական շեշտադրումներով գործչի հետ»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը, այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին հայտարարվեցին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի 12-րդ նախագահն է Ռեջեփ Էրդողանը:
Նա նշեց, որ այս նախագահական ընտրությունները տարբերվում էին նրանով, որ առաջին անգամ ժողովուրդն ուղղակի ընտրում էր նախագահին և այս ընտրություններում տեսանք ազգայնականությունների մրցապայքար՝ իսլամականներ, քեմալականներ ու գորշ գայլեր:
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ ամենակարևորը նախկին նախագահ Գյուլի հետագա պահվածքն է՝ արդյոք նա կդառնա երիտասարդ թոշակառո՞ւ, թե՞ կշարունակի քաղաքականության մեջ որոշակի հավակնություններ ունենալ: Ռուբեն Մելքոնյանը շարունակեց. «Այս պահին նա հայտարարել է, որ վերադառնում է կուսակցություն և վարչապետ լինել չի կարող: Մինչև 2015-ը Թուրքիայում մի ժամանակավոր վարչապետ կլինի՝ Դավութօղլուն, իսկ ԱԳ նախարարը՝ տխրահռչակ Չավուշօղլուն»: Ռուբեն Մելքոնյանը հավանական է համարում նաև այն, որ Գյուլն իր առանձին քաղաքական միավորը կստեղծի:
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Էրդողանն ավելի ագրեսիվ ու հակահայկական քաղաքականություն է վարելու՝ ի տարբերություն Գյուլի: Հնարավո՞ր է, արդյոք, այն, որ ինչպես որոշ վերլուծաբաններ են կանխատեսում, Էրդողոնը 2015-ին բարձրանա Ծիծեռնակաբերդի բարձունք, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Նրա կարիերայում գերակշռում է ագրեսիվ պահվածքը, նա հակաքրիստոնեական քարոզներ անելու համար դատապարտվել է, ուստի դժվար է պատկերացնել, որ նման գործիչը կարող է այդպիսի քայլի գնալ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ